Մատչելի հղումներ

Ի՞նչ է նշանակում Պրիգոժինի մահը Ռուսաստանի համար. վերլուծաբաններ


Եվգենի Պրիգոժինի հիշատակին ծաղիկներ են դնում
Եվգենի Պրիգոժինի հիշատակին ծաղիկներ են դնում

Ռուսաստանի ավիացիոն դաշնային գործակալությունը պաշտոնապես հաստատել է ռուսաստանցի վարձկանների առաջնորդ՝ «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահը։ Պրիգոժինը օգոստոսի 23-ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում կործանված ինքնաթիռի ուղևորներից էր։

Նշվում է, որ Ռուսաստանի Տվերի մարզում վթարի ենթարկված մասնավոր ինքնաթիռում էին «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը, վարձկանների ռազմական հրամանատար Դմիտրի Ուտկինը և Պրիգոժինի ավագ օգնական Վալերի Չեկալովը՝ չորս այլ ուղևորների ու օդանավի երեք հոգանոց անձնակազմի հետ:

Դուբլինի համալսարանական քոլեջի միջազգային քաղաքականության պրոֆեսոր Սքոթ Լուկասը քիչ հավանական է համարում վթարի պատահական լինելը․ «Արևմտյան՝ ամերիկյան ու եվրոպական հետախուզական ծառայությունները ակնարկում են, որ օդանավը խոցել են հակաօդային պաշտպանության հրթիռով: Դժվար է հավատալ, թե տեղի ունեցածը պարզապես սխալմունք է եղել: Պատվիրված գործողություն էր։ Նպատակային սպանություն»։

Ռուսաստանյան «Тасс» լրատվական գործակալության համաձայն, իրավապահները հետաքննում են վթարը։

Ենթադրաբար Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռը կործանվեց ճի՛շտ երկու ամիս անց, երբ «Վագների» առաջնորդը զինված ապստամբություն բարձրացրեց Ռուսաստանի ռազմական ղեկավարության դեմ։ Այն տևեց մոտ 24 ժամ: Եվգենի Պրիգոժինն ու նրա ղեկաված ուժերը հետագայում թույլտվություն ստացան անցնել Բելառուս:

ԱՄՆ Միջին Թենեսիի պետական համալսարանում Ռուսաստանի գծով փորձագետ Անդրեյ Կորոբկովն ամենևին զարմացած չէ Պրիգոժինի մահից․ «Ուղիղ երկու ամիս է անցել։ Շատ խորհրդանշական է: Շարունակ ասում էի, որ Պրիգոժինը դատապարտված է: Նա խախտել է Կրեմլի ամենակարևոր կանոնը՝ հավատարիմ չի եղել առաջնորդին: Երկու ամիս առաջ տեղի ունեցածն ամոթալի էր Պուտինի համար։ Ուստի, այս վթարը սպասելի էր»։

Լուկասի խոսքով, եթե ինքնաթիռը միտումնավոր կործանել են, ուրեմն գործ ունենք Պուտինի ուղերձի հետ. «Ուղերձ է հղվել ռուսական ռազմական, քաղաքական, տնտեսական վերնախավին»:

Կորոբկովը հավելում է՝ թեև «Վագների» ղեկավարի մահը կարող է օգուտ բերել Պուտինին, սակայն դժվար թե օգնի Ուկրաինայում պատերազմող ռուսական բանակին:

Պուտինը ցավակցություն է հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին՝ նշելով, թե Պրիգոժինը «տաղանդավոր անձնավորություն էր», որը «մի քանի լուրջ սխալներ էր թույլ տվել»:

XS
SM
MD
LG