Ուկրաինացի ոստիկանները փորձում են համոզել ռազմաճակատին այլևս մոտ բնակվող ընտանիքներին, որ ժամանակն է տարհանվել։ Շատերի տներում հստակ լսվում են պայթյունների ձայները, որոնք վկայում են, թե Ուկրաինայի արևելյան որոշ շրջանների գյուղերին որքան է մոտեցել առաջնագիծը:
Սակայն ուկրաինացի իրավապահների ու զինվորականների հորդորները միշտ չէ, որ դրական արձագանք են գտնում տեղի բնակիչների շրջանում: Ոմանք տակավին երկմտում են՝ արդյո՞ք պետք է հեռանալ:
73-ամյա Պարասկովիան, ով չցանկացավ հայտնել իր ազգանունը, ասում է, որ մտահոգված է․ «Իրավիճակը ․․․։ Գիտե՞ք, այս բարձր պայթյունները ինձ մի փոքր վախեցնում են։ Սարսափելի է»։
Չնայած վտանգին՝ Պարասկովիայի ընտանիքը որոշել է մնալ։ Ասում են, որ գնալու տեղ չունեն:
Դոնբասի այս հատվածում գրեթե տասը տարի տևած մարտերից հետո, առաջնագիծը մոտեցել է շատերի տներին՝ փետրվարին Ավդիիվկայի անկումից հետո:
Այդ ժամանակից ի վեր այս հատվածում ռուսական զորքերը դանդաղ, բայց շարունակաբար առաջ են շարժվում: Նրանք այժմ Օչերետինո բնակավայրից հեռու են մոտ հինգ կիլոմետր։ Օչերետինոն ավերված է։
Տարածաշրջանի ամենամեծ բնակավայրից՝ Պոկրովսկից, ամեն օր գնացք է մեկնում Ուկրաինայի արևմուտք։ Փոխադրում է նրանց, ովքեր ցանկություն են հայտնել հեռանալ:
«Պատերազմը մոտենում է։ Լսում ենք։ Տեսնում ենք։ Պոկրովսկը ռմբակոծվում է»,- ասում է տեղի բնակիչ Կատերինա Կիրիլովնան։
Կատերինան ապրում է Ավդիիվկայից արևմուտք ընկած գյուղերից մեկում, որը ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո է։ Որոշել է իր թոռանը՝ 15-ամյա Տանյային, ուղարկել առաջնագծից հեռու՝ ապահով մի վայր, իսկ ինքը, ինչպես շատերը, նախընտրում է մնալ:
Երկաթուղային կայարանում ուկրաինացի բազմաթիվ զինվորներ են։ Ավդիիվկայի արյունալի մարտերից հետո, վերջապես, տուն են գնում՝ հանգստանալու։
«Իմ սիրտը մնացել է այնտեղ։ Սա միակ բանն է, որ կարող եմ ասել»,- նշում է ուկրաինացի զինվորական Մոնյան:
Նախորդ երկու տարիներին Մոնյան ընդամենը երկու անգամ է թողել առաջնագիծը։ Ավդիիվկայից քաոսային նահանջի ժամանակ հանդիպեց Տանյային և նրա տատիկին։ Միասին էին նախորդ օրերին, և այժմ Մոնյան իրեն պատասխանատու է համարում՝ երիտասարդ աղջկան իր մայրիկին հասցնելու համար, ով այժմ բնակվում է Ուկրաինայի կենտրոնական հատվածում:
Խոսքերը կարճ էին, բայց Մոնյայի աչքերում հեշտությամբ կարելի էր նկատել, թե ինչպես է իր հետ տանում պատերազմի սարսափները՝ մի պատերազմի, որը, կարծես, հեռու է ավարտվելուց:
Հոդվածը պատրաստվել է Յան Բոչատի նյութի հիման վրա