Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մեծարել են աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության գործին նվիրված կանանց


Ջիլ Բայդեն, ԱՄՆ Առաջին տիկին
Ջիլ Բայդեն, ԱՄՆ Առաջին տիկին

Երկուշաբթի Սպիտակ տանը հյուրընկալել էին տարբեր երկրներ ներկայացնող տասնյակ կին ակտիվիստների մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած մեծ ավանդի համար։

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, երկուշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ պատվել են «Քաջարի կին» 2024 թվականի միջազգային մրցանակաբաշխության հաղթողներին:

«Նրանք պաշտպանում են Բանգլադեշում տեղի աշխատավորների և Աֆղանստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները, պայքարում են Ուգանդայում կոռուպցիայի, [իսկ] Ճապոնիայում՝ սեռական ոտնձգությունների դեմ: Պաշտպանում են հակամարտությունների ժամանակ տուժած երեխաներին, Բոսնիա և Հերցեգովինայում՝ պատերազմի ժամանակ բռնաբարվածներին և մարտնչում են Բելառուսում ժողովրդավարության համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

ԱՄՆ առաջին տիկինն ընդգծել է՝ առանձնահատուկ կարևորություն ունի խիզախ կանանց ձայնը։

«Ձեր մեծ գործերը կարող են ոգեշնչել ուրիշներին՝ կյանքի կոչելու իրենց մեծ ու փոքր փոփոխությունները: Սա ապագայի երգն է, որը ոգեշնչում է մեզ, որպեսզի նույնպես կարողանանք լինել արդարության փնտրողներ ու ազատության պաշտպաններ»,- ասել է Ջիլ Բայդենը:

Տեղի է ունեցել «Քաջարի կին» 2024 թվականի միջազգային մրցանակաբաշխությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Պարգևատրվածների թվում էր իրանցի ակտիվիստ Ֆարիբա Բալուչը՝ «Ամերիկայի ձայնի» վավերագրական ֆիլմերից մեկի հերոսուհին: Ֆարիբան ազգությամբ բելուջ է, և չնայած ահաբեկումներին, զգալի ջանք է գործադրել Իրանի հարավարևելյան՝ Սիստան և Բելուջիստան նահանգում մարդու իրավունքների իրական՝ ծանր վիճակի մասին աշխարհին տեղեկացնելու համար:

Գամբիացի Ֆաթու Բալդեն, օրինակ, նեևրկայացրել է կանանց սեռական օրգանների անդամահատմանը վերջ տալու սեփական պայքարը:

«Կանանց սեռական օրգանների անդամահատմանը մինչև 2030 թվականին վերջ դնելը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից հինգերորդն է, սակայն 2024 թվականին աշխարհում մոտ 4․4 միլիոն աղջիկներ նման վտանգի առջև են»,- ասել է Բալդեն:

Վաշինգտոնում պարգևատրել են 11 կանանց։ Այլախոհ Մարթա Բեատրիս Ռոկե Կաբելոյին Կուբայի կառավարությունը թույլ չի տվել լքել կղզին՝ իր մրցանակը ստանալու համար:

Արարողության ժամանակ հատուկ հիշատակվել է Նիկարագուայից ինը կանանց գործունեությունը, որոնք անցած տարի այդ երկրում ազատ արձակված քաղբանտարկյալների խմբից էին:

«Բոլորն անխոնջ պայքարել են կոռուպցիայի, բռնաճնշումների, խտրականության, ոտնձգությունների դեմ, և արժանապատվության համար»,- այդ կանանց մասին ասել է Սպիտակ տան քաղաքական ռազմավարության և հաղորդակցության բաժնի ղեկավար Էմմի Ռուիսը:

Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում մրցանակակիրները ոչ միայն կմասնակցեն բարձր մակարդակի քաղաքական հանդիպումների և հանրային միջոցառումների, այլև կմեկնեն Լոս Անջելես՝ աշխատելու ամերիկացի գործընկերների հետ:

XS
SM
MD
LG