Իսրայելական բանակը կիրակի հրապարակել է մի տեսանյութ, ուր, ըստ իսրայելական կողմի, պատկերված են Գազայի հատվածում «Համասի» ենթակառուցվածքների թիրախավորումները:
«Ամերիկայի ձայնը» չի կարող հավաստել տեսանյութի իսկությունը։
Մարտերին զուգահեռ՝ Իսրայելի, Եգիպտոսի, Միացյալ Նահանգների և Կատարի ներկայացուցիչները Փարիզում բանակցությունների էին՝ քննարկելու նոր զինադադարի և «Համասի» ձեռքում գտնվող մոտ 100 պատանդների ազատ արձակման գործարքի պայմանները:
Սակայն այդ բանակցությունների ելքը տակավին անորոշ է։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «CBS News»-ի նետ զրույցում հայտարարել է, որ պարզ չէ՝ արդյո՞ք բանակցությունները շարունակվելու են Կատարում:
Իր հերթին՝ «Համասի» ներկայացուցիչների խոսքով, Իսրայելը հրաժարվել է կատարել պաղեստինյան կողմի հիմնական պահանջը՝ դադարեցնել Գազայի ռազմական օկուպացիան:
Այս ամենին զուգահեռ՝ անհանգիստ է Իսրայելում։ Թել Ավիվում հազարավոր մարդիկ դուրս էին եկել ամեն շաբաթ անցկացվող ցույցին՝ պահանջելով հասնել պատանդների անհապաղ ազատ արձակմանը, ինչպես նաև մեղադրելով վարչապետ Նեթանյահուին՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ տեղի ունեցած հարձակման համար։ Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել է ակցիան:
Կարծես, արձագանքելով՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե մտադիր է կառավարության նիստում քննարկել Ռաֆահ ցամաքային ներխուժումը, ինչպես նաև, զուգահեռաբար, տեղի խաղաղ բնակչության տարհանումը:
ՄԱԿ-ը զգուշացրել է՝ ցամաքային հարձակման պարագայում ավելի քան 600 հազար երեխաներ կհայտնվեն թիրախում:
Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահ քաղաքում այժմ բնակվում է ավելի քան 1.4 միլիոն մարդ՝ ողջ Գազայի բնակչության կեսից ավելին։ Շատերը տեղահանվել են ամիսներ շարունակվող մարտերի պատճառով:
Ըստ Միացյալ Նահանգների, Ռաֆահում որևէ ցամաքային գործողություն պետք է զուգորդվի մարդասիրական միջանցքի ստեղծմամբ:
«Մենք խոսում ենք ավելի քան մեկ միլիոն մարդկանց մասին, ովքեր ռազմական գործողությունների պատճառով կենտրոնացել են Գազայի այդ փոքր հատվածում: Այդտեղ է հասնում նաև ողջ մարդասիրական օգնությունը՝ ամբողջ Գազայի համար։ Ուստի, պարզ ասել ենք՝ Ռաֆահում նման մասշտաբի ռազմական գործողություն պետք է իրականացնել՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու, նրանց ապահով տեղ հասցնելու, կերակրելու, տանիքով ապահովելու ծրագրի առկայության դեպքում»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Ռաֆահում ստեղծված իրավիճակն արդեն իսկ աղետալի դրություն է ստեղծել նաև առողջապահության տեսանկյունից․ օրինակ՝ չորս նորածին երեխաներին բաժին է հասնում ընդամենը մեկ ինկուբատոր: