Մատչելի հղումներ

Բայդենը և Հորդանանի թագավորը մտահոգված են «Ռաֆահի հարցով» 


Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ, Ջո Բայդեն
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ, Ջո Բայդեն

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին արաբ առաջնորդն է, ով այցելել է Սպիտակ տուն, հանդիպել նախագահ Ջո Բայդենին՝ քննարկելու իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հնարավոր գործարքը և Գազայի ապագան:

Երկուշաբթի վաղ առավոտյան իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին: Սպանվել է առնվազն 67 մարդ, վիրավորների թիվը հայտնի չէ։

Հայտնի է, որ քաղաքում ապաստան են գտել, մոտ 1.4 միլիոն պաղեստինցիներ, և ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ռաֆահի բնակչությունն աճել է գրեթե հինգ անգամ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը երկուշաբթի պայմանավորվել են շարունակել ջանքերը իսրայելցի պատանդների ազատ արձակման և Գազա մարդասիրական օգնություն հասցնելու ուղղությամբ:

Բայց Ռաֆահում ռազմական գործողության վերաբերյալ նրանց դիրքորոշումները տարբերվում էին։ Բայդենը կրկնեց Իսրայելի վարչապետին ուղղված իր նախազգուշացումը. «Ռաֆահում ռազմական գործողությունը չպետք է ընթանա առանց [այնպիսի] ծրագրի, որը կապահովի այնտեղ ապաստանած ավելի քան 1 միլիոն մարդկանց անվտանգությունը: Նրանք պետք է պաշտպանված լինեն: Եվ մենք ի սկզբանե հստակ ենք եղել՝ դեմ ենք Գազայից պաղեստինցիների ցանկացած բռնի տեղահանմանը»:

Աբդալլահ Երկրորդն ավելի կոշտ էր. «Չենք կարող թույլ տալ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա: Անշուշտ, այն կարող է հանգեցնել հերթական հումանիտար աղետի: Մեզ այժմ անհրաժեշտ է տևական զինադադար: Այս պատերազմը պետք է ավարտվի»։

Կիրակի հայտարարությամբ էր հանդես եկել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն. «Նրանք, ովքեր ասում են, որ մենք ոչ մի դեպքում չպետք է մտնենք Ռաֆահ, ասում են՝ պարտվեք պատերազմում»:

Դիտորդների ուշադրությունից չի վրիպել ԱՄՆ նախագահ Բայդենի դիրքորոշման փոփոխությունը․ եթե հակամարտության սկզբում Սպիտակ տան ղեկավարը անվերապահ աջակցում էր Իսրայելին, ապա այժմ ավելի շատ է կասկածի տակ դնում իսրայելցիների քայլերը: Անցած շաբաթ նա «չափերն անցնող» որակեց Իսրայելի ռազմական գործողությունները:

Այսօր Սպիտակ տան համար, կարծես, առաջնային է պատանդների գործարքի կայացումը, ինչը թույլ կտա հաստատել առնվազն վեցշաբաթյա հրադադար:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է. «Անհրաժեշտ է մարդասիրական դադար, որը թույլ կտա դուրս բերել բոլոր պատանդներին, ավելի շատ օգնություն տրամադրել, իսկ հետո, հուսով ենք, կհանգեցնի քննարկումների, որոնք կարող են մեզ ավելի մոտեցնել հակամարտության ավարտին»:

Ռաֆահում հակամարտության այս նոր փուլը ՄԱԿ-ում «սարսափեցնող» են բնութագրել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանի նշել է․ «Բազմաթիվ խաղաղ բնակիչներ, հիմնականում երեխաներ և կանայք, հավանաբար, կսպանվեն կամ կվիրավորվեն: Զգուշացրել ենք չդիմել այնպիսի գործողությունների, որոնք խախտում են պատերազմի օրենքները։ Ռաֆահում նման գործողությունները կհանգեցնեն հանցագործությունների: Աշխարհը չպետք է թույլ տա, որ նման բան տեղի ունենա»։

«Համասը» «ցեղասպանություն» է կոչել Ռաֆահում Իսրայելի գործողությունները։

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։

XS
SM
MD
LG