ԱՄՆ նախագահական մրցավազքի թեժանալուն զուգահեռ՝ հանրային քննարկումներում աստիճանաբար առաջնային տեղ է զբաղեցնում աբորտի վերաբերյալ հարցը:
Երկուշաբթի՝ «Ռոն ընդդեմ Ուեյդի» հայտնի գործով վճռի 51-րդ տարեդարձին, որի արդյունքում դաշնային մակարդակով հաստատվեց աբորտներ իրականացնելու իրավունքը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն այցելեց Վիսկոնսին նահանգ՝ ի ցույց դնելու նախագահ Բայդենի վարչակազմի դիրքորոշումը հղիության արհեստական ընդհատման հարցի վերաբերյալ:
«Ամերիկայում ազատությունը չպետք է շնորհվի: Այն մերն է ըստ իրավունքի։ Եվ սա վերաբերում է սեփական մարմնի առնչությամբ որոշումներ կայացնելուն, և կառավարությունը չպետք է ձեզ ասի, թե ինչ անել»,- հայտարարել է Հարիսը:
Նախագահ Ջո Բայդենը, ով կաթոլիկ է, երկուշաբթի անարդար անվանեց «Ռոն ընդդեմ Ուեյդի» գործով վճիռը չեղարկելու և աբորտներ իրականցելը թույլատրելու կամ մերժելու որոշումները նահանգներին փոխանցելու մասին ԱՄՆ գերագույն դատարանի 2022 թվականի որոշումը։ Բայդենն ուշադրություն հրավիրեց՝ անգամ այդ որոշումից հետո, մի շարք նահանգներում ընտրողները քվեարկել են հղիության արհեստական ընդհատման իրավունքի օգտին։
«Ընտրողները քվեարկել են վերարտադրողական իրավունքների պաշտպանության համար: Յուրաքանչյուր նահանգում նման իրավունքների պաշտպաոնւթյան կարիք կա, որովհետև ձեր ընտանիքի համար առողջապահական ծառայության հասանելիությունը չպետք է կախված լինի ձեր փոստային ինդեքսից»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի աջակիցների խոսքով, Թրամփը դեմ է աբորտներին, սակայն նրա դիրքորոշումը հստակ չէ: Թրամփի թիմը դեռ անարձագանք է թողել խնդրի վերաբերյալ հարցումը։
Ուշադրություն գրավեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնի խոսքերը վերջերս Վաշինգտոնում՝ աբորտի թույլատրման դեմ կայացած ակցիային, թե հենց ինքը ծնվել է չպլանավորված հղիության արդյունքում՝ անչափահաս մորից, և ինչ կլիներ, եթե իր պարագայում գործեր աբորտի իրավունքը։
«Դեռ շատ աշխատանք կա անելու՝ համոզելու մարդկանց, որ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր դեռևս չծնված երեխա արժեք է, որը չափազանց խորն է ու թանկարժեք, և որը [չենք կարող] անտեսել»,- ասել է Ջոնսոնը:
Աբորտի իրավունքի դեմ պայքարող ակտիվիստները չեն թաքցնում իրենց ուրախությունը, որ հարցի վերաբերյալ որոշման կայացման իրավունքը ԱՄՆ գերագույն դատարանը փոխանցեց նահանգներին:
Ակտիվիստ Էրիկ Շեյդլերի խոսքով, Բայդենը «չափազանց ծայրահեղ» դիրքորոշում ունի աբորտները թույլ տալու հարցում, սակայն հանրապետական թեկնածուների դիրքորոշումները նույնպես հեռու են իր պատկերացումներից:
«Չգիտեմ՝ արդյո՞ք պետք է վստահել Դոնալդ Թրամփին։ Նկատի ունեմ, որ նա է նշանակել գերագույն դատարանի դատավորներին, որոնք չեղարկել են «Ռոն ընդդեմ Ուեյդի» գործով վճիռը: [Բայց] նա նաև որոշ բաներ է ասել՝ ուղղված «Pro-life» շարժման դեմ և քննադատել է ԴեՍանտիսի քաղաքականությունը Ֆլորիդայում: Իրականում չգիտեմ, թե ինչ դիրքորոշում ունի Թրամփը: Վերապահումով եմ մոտենում թե՛ Հեյլիին, թե՛ Թրամփին»,- ասում է Շեյդլերը:
Այս ամենի ֆոնին՝ ազատական Կալիֆորնիայից մինչև պահպանողական Կանզաս նահանգներ, հղիության արհեստական ընդհատման իրավունքի կողմնակիցները մեծամասնություն են կազմել նախորդ քվեարկությունների ժամանակ։ Օհայոն վերջին նահանգն էր, ուր 57%-ը առավելությամբ հաղթեցին աբորտի իրավունքի կողմնակիցները: Բայց թե ինչ ընտրություն կկատարեն ամերիկկացիները նոյեմբերին, ցույց կտա ժամանակը: