Մատչելի հղումներ

Ամերիկացի փորձագետներն ամփոփում են Այովայի ներկուսակցական ընտրությունների արդյունքները


Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը

Այովա նահանգում՝ հանրապետականների ներկուսակցական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ամրապնդեց նրա դիրքերը գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։ Ավելին, նրա՝ որպես մի մի թեկնածուի, ով երկրի գործող նախագահ չէ, վարկանիշային առավելությունը կուսակիցների համեմատ ռեկորդային բարձր է։ Եվ այս ամենը փաստ է, չնայած նրա դեմ հարուցված քրեական գործերին։

Հանրապետականների թեկնածուների շարքում երկրորդ ու երրորդ տեղերում հայտնված Ռոն ԴեՍանտիսի ու Նիկի Հեյլիի համեմատաբար ցածր թվերը ցույց են տալիս, որ կուսակցության ներսում, ընդհանուր առմամբ, Թրամփն այլընտրանք չունի, իսկ Վիվեկ Ռամասվամիի դուրս գալը մրցապայքարից կարող է ավելի ուժեղացնել Թրամփի դիրքերը:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ամերիկացի փորձագետներն իրենց գնահատականներն են ներկայացրել Այովայի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

«Չեմ կարծում, որ զարմանալի է Այովայում Դոնալդ Թրամփի հաղթանակը: Հարցումները ցույց են տվել, որ նրա վարկանիշը գերազանցել է 50%-ը»,- ասում է Սիրակուզայի համալսարանի պրոֆեսոր Շանա Գադարյանը։

Նրա խոսքով, հաջորդ կարևոր հանգամանքը փրայմերիզների ընթացքն է, իսկ մյուս թեկնածուների գլխավոր խնդիրը՝ Թրամփի դեմ համախմբվելու անկարողությունն է, ինչը իր հերթին խնդիր է հանրապետականներին հարող այն ընտրողների համար, որոնք չեն ցանկանում քվեարկել Թրամփի օգտին։

«Թրամփը հաղթեց ճնշող մեծամասնությամբ՝ ստացավ ավելի քան 50%, և հարցն այն է՝ արդյո՞ք ԴեՍանտիսը կամ Հեյլին կվիճարկեն նրա հաղթանակը, և ով կլինի երկրորդ տեղում, կամ կդառնա երկրի փոխնախագահի առաջնային թեկնածու։ Այովա նահանգում ԴեՍանտիսը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Նիկի Հեյլին՝ երրորդը, չնայած շատերը կարծում էին, որ հակառակը կլինի: Հաջորդ մեծ փուլը Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններն են, ինչը նշանակում է, որ գալիք շաբաթ կտեսնենք, թե արդյոք Հեյլին կարող է առավելություն ստանալ: Ենթադրվում է, որ նա շանսեր ունի, բայց որ նա այժմ երրորդ հորիզոնականում է, լավ նշան չէ իր համար։ ԴեՍանտիսը որոշ առումներով մեծ հաջողություն ունեցավ, քանի որ մարդիկ կարծում էին, որ նա է լինելու երրորդը: Այովան շատ պահպանողական նահանգ է, և մարդիկ այնտեղ մտահոգված են աբորտի հարցերով, նրանք դեմ են աբորտի օրինականացմանը։ Նրանց մտահոգում է նաև տնտեսությունը և անօրինական ներգաղթը։ Այս բոլոր թեմաներն աշխատում են Թրամփի օգտին։ Այսպիսով, հարցն այն է, թե ով կզբաղեցնի երկրորդ տեղը կամ կդառնա փոխնախագահի թեկնածու։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա Նյու Հեմփշիրում: Իսկ Հեյլիի նահանգում՝ Հարավային Կարոլինայում, ուր նա նահանգապետ էր, նախնական ընտրությունները նախատեսված են մինչև փետրվար։ Այնպես որ, դա նրան առանձնապես չի օգնի: Եթե նա այլ հույսեր ունի, պետք է հաղթի Նյու Հեմփշիրում»,- նշում է Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Սևեյջը:

«Սալեմ» ռադիո ցանցի քաղաքական մեկնաբան Մարկ Դևիսն ընդգծում է․ «Այովան ընդամենը մեկ նահանգ է։ [Այնինչ] հունվարին նախատեսված է կուսակցական հավաքների և փրայմերիզների մի ողջ շղթա»:

Դևիսը ուշադրություն է հրավիրում, որ Այովայում Թրամփի հաղթանակից հետո, սկսեցին հնչել կոչեր, որպեսզի մյուս թեկնածուները թողնեն ընգտրապայքարը: Սակայն այլ նահանգներում բազմաթվ մարդիկ սպասում են ներկուսակցական ընտրություններին: Միաժամանակ, անշուշտ, հարց է առաջանում՝ որքանո՞վ է իրատեսական ԴեՍանտիսի կամ Հեյլիի հաղթանակը մյուս նահանգներից որևիցե մեկում: Ներկայում համապետական բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրապետականների շրջանում Դոնալդ Թրամփն ունի մոտ 60%-ի աջակցություն, ինչն անգամ այս՝ սկզբնական փուլում ակնհայտ է դարձնում, որ գալիք նախագահական ընտրություններում հենց նա հանդես կգա որպես հանրապետականների թեկնածու:

Մարկ Դևիսը քիչ հավանական է համարում, որ ԴեՍանտիսն ու Հեյլին կմիավորվեն ընդդեմ Թրամփի, և եթե ԴեՍանտիսն, օրինակ, դուրս գա քարոզարշավից, նրա գրեթե բոլոր ընտրողները անմիջապես կանցնեն Թրամփի կողմը: Բայց հարցումները վկայում են նաև, որ Հեյլիին ընտրողների մոտ կեսը կքվեարկի գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի օգտին, եթե ընտրություն կատարեն Բայդենի ու Թրամփի միջև:

Փորձագետը եզրափակեց՝ սա է գլխավոր պատճառը, որ ԴեՍանտիսն ու Հեյլին չեն միավորում իրենց ջանքերը, քանի որ նրանց ընտրողները բոլորովին տարբեր մարդիկ են:

XS
SM
MD
LG