Մատչելի հղումներ

Խիստ ձմեռը հնարավոր է իր ազդեցությունը թողնի ԱՄՆ ներքաղաքական պայքարում


ԱՄՆ Այովա նահանգ
ԱՄՆ Այովա նահանգ

ԱՄՆ Այովա նահանգի հանրապետականների կողմնակիցներն այս շաբաթ ընտրելու են կուսակցական պատվիրակների, որոնք լիազորված են հանդես գալ Հանրապետականի համագումարներում՝ առաջիկայում կայանալիք փրայզմերիզներին և նախագահական ընտրություններին ընդառաջ։ Սակայն բնությունը կարող է խառնել քաղաքական ծրագրերը։

ԱՄՆ-ում ընթացող ներքաղաքական բուռն զարգացումների ֆոնին՝ բնությունն իր խոսքն է ասում․ Այովա նահանգի որոշ շրջաններում ձմեռը խիստ է անցնում: Սառցակալումը, չդադարող ձյունը և ուժեղ քամին, ի վերջո, կարող են ազդել ընտրողների մասնակցության վրա։ Մինչդեռ, Այովայում է ընթանալու հանրապետականների առաջին կուսակցական ժողովը։ Այնուհետև, նման կուսակցական ժողովներ պետք է կայանան, ԱՄՆ բոլոր նահանգներում, որոնց ընթացքում որոշվելու է, թե ով է առաջադրվելու հանրապետականների կողմից ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում։

Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ԱՄՆ առաջին կուսակցական՝ թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների ժողովներն անցնում են Այովայում 1972 թվականից, և այս նահանգում որևէ թեկնածուի հաղթանակը՝ հարազատ կուսակցության շրջանակում, կարող է լուրջ ազդեցություն ունենալ, թե ի վեդրջո ով է կներկայացնի այդ կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում։

Արդեն իսկ հնչել են կոչեր հետաձգել երկուշաբթի կայանալիք հանդիպումը։

«Դժվար է լինելու։ Ավելի լավ է չեղարկել միջոցառումը: Ոչ այնքան այն պատճառով, որ թեկնածուն, պարզապես, չի կարողանա տեղ հասնել, այլ այն պատճառով, որ չեք ցանկանա մարդկանց վտանգի տակ դնել՝ նման պայմաններում մեքենաներ վարելու պատճառով»,- ասում է Այովայի համալսարանի ներկայացուցիչ Թիմ Հեյգլը:

Սառնամանիքն արդեն իսկ ազդել է բնականոն կյանքի վրա։ Օրինակ, պատճառ է դարձել, որ հետաձգվի ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի փլեյ-օֆի խաղը՝ «Pittsburgh Steelers»-ի և «Buffalo Bills»-ի միջև: Հյուրընկալող կողմը՝ «Buffalo Bills»-ը, սոցցանցերում հրապարակել է սառցակալած դաշտի լուսանկարները:

«ABC News»-ի փոխանցմամբ, այս ամենի ֆոնին՝ հանրապետականների առաջատարը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է բոլոր հանրահավաքները, բացառությամբ մեկի, և կենտրոնացել է հեռուստահանդիպումների վրա՝ ընտրողներին դիմելով հեռուստացույցի միջոցով։ Ըստ «Des Moines Register»-ի, Այովայի հանրապետականների շրջանում Թրամփն ունի 48% աջակցություն, ուստի համարվում է, որ նման եղանակից նա առանձնապես չի տուժի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, իրավիճակն անհամեմատ բարդ է Թրամփի հանրապետական մրցակիցների համար, օրինակ՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին, ով Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր։ Հեյլին ներկայում ունի մոտ 20% աջակցություն՝ անցած ամսվա համեմատ չորս տոկոսային կետով ավելի։

Ժամանակին հանրապետականների շրջանում Թրամփի հիմնական մրցակիցը համարվող Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի վարկանիշը շարունակում է անկում ապրել։ Այժմ նա ունի 16%:

Հանրապետական մյուս թեկնածուների վարկանիշը 10%-ից ցածր է։ Գործարար Վիվեկ Ռամասվամիինը՝ մոտ 8%:

Սակայն Այովայի բազմաթիվ բնակիչներ, իրականում, չեն թաքցնում, որ կնախընտրեն այլ բանով զբաղվել՝ հատկապես, որ ունենալու են ոչ աշխատանքային երկուշաբթի՝ ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների հայտնի պաշտպան Մարտին Լյութեր Քինգի ծննդյան օրվա առթիվ:

«Ձմռանը այդքան էլ շատ բան չկա անելու, կարող եք սահնակով սահել, կամ որևէ այլ բան անել: Այնպես որ, հիանալի ժամանակ է»,- ասում է «Des Moines Register»-ի նախագահ Գրանթ Ռեմփթոնը:

Այուամենայնիվ, Այովայի հանրապետականների առաջնորդը հաստատակամ է՝ «Daily Mail»-ին փոխանցելով, թե երկուշաբթի նախատեսված կուսակցական ժողովի կարող է հետաձգվել բացառապես «համապետական աղետի» պատճառով, և մաքուր երկինք կանխատեսելեով Հանրապետական կուսակցության համար:

XS
SM
MD
LG