ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շարունակում է հոսպիտալացված մնալ, երբ Ամանորին ընդառաջ շտապ տեղափոխվեց Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմա-բժշկական կենտրոն՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ վիրահատությունից հետո առաջացած բարդության՝ վարակի պատճառով:
«Վարակը մաքրվել է։ Նա շարունակում է առաջընթաց գրանցել, և ակնկալում ենք լիարժեք վերականգնում, թեև այն կարող է դանդաղ լինել»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով, նախարար Օսթինը նախագահին հայտնել է իր քաղցկեղի մասին միայն այս երեքշաբթի՝ դեկտեմբերյան վիրահատությունից ավելի քան երկու շաբաթ անց և հունվարի 1-ի հոսպիատալացումից ութ օր հետո:
«Մինչև այս առավոտ Սպիտակ տանը ոչ ոք չգիտեր, որ նախարար Օսթինը շագանակագեղձի քաղցկեղ ունի»,- ասել է Քիրբին:
Լլոյդ Օսթինը հունվարի 2-ին՝ առանց բացատրության փոխանցեց իր լիազորությունները տեղակալին, ինչը, ըստ Պենտագոնի, կարող էր սովորական մի քանի պատճառ ունենալ:
«Գիտակցում ենք, որ պետք է ավելի լավ աշխատանք կատարել թափանցիկության առումով, և, կրկին, պարտավորվում ենք հաջորդ անգամ ավելի լավ գործել»,- ասել է Ռայդերը:
Որոշ հանրապետական օրենսդիրներ այժմ պահանջում են Օսթինի հրաժարականը: Ռայդերի խոսքով, պահանջը չի բավարարվի:
«Նա չի պատրաստվում հրաժարական տալ»,- ասել է նա:
Սպիտակ տունն իր աջակցությունն է հայտնել Պենտագոնի ղեկավարին, թե նախագահ Ջո Բայդենը լիարժեք վստահում է Լլոյդ Օսթինին: