Մատչելի հղումներ

«Համասի» առաջնորդներից մեկի սպանությունը սրել է մերձավորարևելյան հակամարտությունը 


«Համասի» փաստացի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրի հուղարկավորությունը
«Համասի» փաստացի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրի հուղարկավորությունը

Բեյրութում՝ իսրայելական անօդաչուի հարվածից «Համասի» բարձրաստիճան ղեկավարի սպանությունից հետո, ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ աշխատում են զսպել մերձավորարևելյան հակամարտության տարածումը՝ միաժամանակ կոչ անելով Իսրայելին՝ պաշտպանել պաղեստինցի խաղաղ բնակիչներին: 

«Համասի» փաստացի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին սպանվեց երեքշաբթի ուշ երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ անօդաչուի հարձակման հետևանքով։ Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին:

Արդեն հաջորդ օրը ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքեց, թե արդյոք ԱՄՆ-ում կարծում են, որ ալ-Արուրիին սպանելու Իսրայելի քայլն արդարացված էր․ «Կասեմ, որ դաժան ահաբեկիչ էր՝ ում ձեռքերին քաղաքացիական անձանց արյուն կար, և այստեղ կանգ կառնեմ»։

Փորձագետներն չեն թաքցնում՝ անհանգստացած են, որ այդ սպանությունը կարող է սրել մերձավորարևելյան հակամարտությունը և դադարեցնել բանակցությունները՝ Գազայում մնացած 129 պատանդների ազատ արձակման շուրջ:

«Համասի» առաջնորդներից մեկի սպանությունը սրել է մերձավորարևելյան հակամարտությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00

«Կարծում եմ, [այդ սպանությունը] բարդացնում է պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, որոնց հետ է կապվում նաև հրադադարի հնարավոր հաստատումը, քանի որ այդ անձնավորությունն այդ բանակցություններն տանող հիմնական մարդկանցից էր: Նա նախկինում բնակվել է Կատարում, և, կարծեմ, համարվում էր [մերձավորարևելյան բանակցություններում] այնտեղի առանցքային մարդկանցից մեկը»,- ասում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Բրայան Քաթուլիսը:

Իսրայելը չորեքշաբթի շարունակել է ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ ալ-Արուրիի սպանությունից հետո, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման զորամիավորումները բերվել են բարձր պատրաստության վիճակի:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Մերձավորարևելյան խաղաղության գծով ԱՄՆ հատուկ բանագնացի նախկին տեղակալ Մառա Ռադմանը կարծիք հայտնեց, որ Իսրայելն ականջալուր է ԱՄՆ-ին և մյուս երկրներին, ովքեր կոչ են անում «անցնել պատերազմի ավելի նպատակային փուլի», սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է նաև հաշվի առնի երկրի ներքաղաքական պատկերը․ «Հավատում եմ, որ Իսրայելի ղեկավարությունն ականջալուր է [միջազգային

կոչերին], բայց կարծում եմ [նաև], որ Իսրայելի ներսում առանձին քաղաքական հաշվարկներ են կատարվում վարչապետի կողմից, ով շահագրգռված է պահպանել իր վերահսկողությունը կառավարության նկատմամբ, չնայած վերջին հարցումները ցույց են տալիս նրա վարկանիշի անկում: Ողջ Իսրայելի բնակչության միայն մոտ 15%-ն է աջակցում նրան: Ուստի, նա ձգտում է հանգստացնել իր գլխավորած կոալիցիայի աջամետ անդամներին, որպեսզի շարունակի իր դերը որպես վարչապետ…»:

Այս ամենի ֆոնին՝ Գազայի հատվածում շարունակվող իսրայելական բանակի գործողությունները շրջանը վերածել են ավերակների: «Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության համաձայն, անցած տարվա հոկտեմբերի 7-ին հաջորդած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 22 հազար պաղեստինցի:

Իսրայելը սկսեց ռազմական գործողությունները՝ ի պատասխան այդ օրը «Համասի» ձեռնարկած գրոհի, ինչի հետևանքով սպանվեց մոտ 1 200 իսրայելցի, շուրջ 240-ը պատանդառվեցին:

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակարեպություն։

XS
SM
MD
LG