Մատչելի հղումներ

Մակրոնը գովեստով է արտահայտվել Ղազախստանի հասցեին՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ժամանել է Ղազախստան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ժամանել է Ղազախստան

Ֆրանսիայի նախագահի խոսքով, Աստանայում ամենևին չեն ցանկանում դառնալ «ինչ-որ մեկի վասալը»։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ժամանել է Ղազախստան՝ կենտրոնաասիական երկրներով նախատեսված նրա շրջագայության առաջին կանգառը։

Տարածաշրջանը, ինչպես հայտնի է, տևական ժամանակ համարվում էր Ռուսաստանի բացառիկ ազդեցության գոտին, սակայն Կենտրոնական Ասիայի նկատմամբ արևմտյան ուշադրությունն աստիճանաբար աճում է՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր:

Նավթով հարուստ Ղազախստանն արդեն իսկ «սև ոսկու» այլընտրանքային մատակարար է եվրոպական բազմաթիվ երկրների համար, որոնք հրաժարվել են գործ ունենալ ռուսական կողմի հետ։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը Մակրոնը շնորհակալություն է հայտնել Աստանային, որ հրաժարվել է կանգնել Մոսկվայի կողքը՝ ուկրաինական հակամարտությունում։

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով, բանակցությունների արդյունքում՝ երկու երկրները ստորագրել են տնտեսական փոխգործակցության մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ հազվագյուտ մետաղներին վերաբերող համագործակցության մասին։

«Ոչ մի կերպ չեմ թերագնահատում աշխարհաքաղաքական դժվարությունները, այն ճնշումը, որը ոմանք կարող են գործադրել ձեզ վրա»,- ասել է Մակրոնը Տոկաևին՝ շարունակելով․ «Այն ուղին, որով դուք գնում եք հանուն ձեր երկրի՝ հրաժարվելով դառնալ որևէ մեկի վասալը, և տարբեր երկրների հետ բազմակի ու հավասարակշռված գործընկերային հարաբերություններ կառուցելով՝ ի շահ ձեր ժողովրդի, Ֆրանսիային հարազատ փիլիսոփայություն է»։

Ղազախստանից հետո Էմանյուել Մակրոնը ուղղություն է վերցնելու դեպի Ուզբեկստան։ Կենտրոնաասիական երկու երկրներն էլ հրաժարվել են ճանաչել ուկրաինական տարածքների բռնազավթումը ռուսական ուժերի կողմից և խոստացել են միանալ Մոսկվայի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։

Այդքանով հանդերձ՝ և՛ Աստանան, և ՛ Տաշքենդը ռազմավարական գործընկերներ են համարում ինչպես Ռուսաստանին, այնպես էլ արևմտյան երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային։

XS
SM
MD
LG