Մատչելի հղումներ

ԱՄՆ հանրապետականները ձգտում են տարանջատել Իսրայելին ու Ուկրաինային տրամադվող օգնությունը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մասնակցում են ազգային անվտանգության գծով հավելյալ օգնության հարցով Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումներին, Վաշինգտոն, ԱՄՆ Կոնգրես, 2023 թվականի հոկտեմբերի 31
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մասնակցում են ազգային անվտանգության գծով հավելյալ օգնության հարցով Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումներին, Վաշինգտոն, ԱՄՆ Կոնգրես, 2023 թվականի հոկտեմբերի 31

Նախագահ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները երեքշաբթի փոխանցել են ամերիկացի օրենսդիրներին, թե մտադիր են լրացուցիչ 106 միլիարդ դոլարի շտապ ֆինանսավորման առաջարկ ներկայացնել Կոնգրեսին, ուր ներառված են լինելու Ուկրաինային և Իսրայելին հատկացվելիք օգնության փաթեթները:

Սպիտակ տան նման խնդրանքը լուրջ հակազդեցության է բախվել ԱՄՆ Ներկայացուցիչների տանը, ուր մեծամասնությունը հանրապետականներն են:

ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները երեքշաբթի հորդորել են ամերիկացի օրենսդիրներին արագ գործել՝ Իսրայելին 14,3 միլիարդ դոլարի, իսկ Ուկրաինային 61,4 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու համար:

«Ամերիկյան ղեկավարությունը համախմբել է աշխարհը: Եթե չկարողանանք առաջնորդել, ԱՄՆ համար ծախսերն ու սպառնալիքները կաճեն»,- ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

Իր հերթին՝ Ներկայացուցիչների տան նոր, հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը երկուշաբթի ուշ երեկոյան հրապարակել է օրենսդրական մի նախաձեռնություն, որն առաջարկում է տարանջատել Ուկրաինային ու Իսրայելին ցուցաբերվող աջակցությունները:

Առաջարկը հանդիպել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատությանը․ «Այն լուրջ վնաս կհասցնի ինչպես մեր արժեքներին, այնպես էլ մեր առանցքային շահերին: [Խոսում եմ] արժեքների մասին, որովհետև կարծում եմ՝ բոլորս միասնական ենք մեր ցանկությունում՝ պատասխան տալ ագրեսորներին, նրանց, ովքեր փորձում են տիրանալ իրենց հարևաններին և անհավատալի տառապանքներ պատճառել այդ ընթացքում»:

Չնայած Կոնգրեսի ստորին պալատի հանրապետականների նման դիրքորոշմանը, վերին պալատի՝ Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը շարունակում է կողմ արտահայտվել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը․ «Ռուսաստանը ցանկանում է տեսնել, թե Իրանի աջակցությունը վայելող ահաբեկիչները Մերձավոր Արևելքում ինչպես են թուլացնում Ամերիկան և մեր դաշնակիցներին: Իրանը ցանկանում է տեսնել, որ Ռուսաստանը հաղթել է Ուկրաինային: Թեհրանը փորձում է պառակտել Արևմուտքը և խորացնում է պաշտպանական համագործակցությունը Մոսկվայի հետ»:

Սենատում, հիշեցնենք, հանրապետականները փոքրամասնություն են։

Հանրապետական որոշ սենատորներ մտահոգված են, թե Կիևին ցուցաբերվող օգնության նկատմամբ բավարար վերահսկողություն չկա, և ԱՄՆ-ն չի կարող անվերջ ֆինանսավորել պատերազմը:

«Մենք պետք է հասկանանք, թե այս ֆինանսավորման հիմքում ինչ ռազմավարություն է ընկած: Կարծում եմ, դա շատ կարևոր է՝ Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու համար»,- պնդում է հանրապետական սենատոր Ջոն Հովենը:

Սենատում դեմոկրատական մեծամասնության անդամները, հավանաբար, կարգելափակեն Իսրայելին առանձին օժանդակություն ցուցաբերելու մասին օրենսդրական նախաձեռնությունը՝ պնդելով, թե այն պետք է զուգակցվի Ուկրաինային տրամադրվող աջակցությանը, ինչպես պահանջում է Սպիտակ տունը:

«Նման մոտեցումը չի համապատասխանում մեր ազգային անվտանգության պահանջներին: Որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ նախագահը երբեք չի դիմի այնպիսի քայլերի, որոնք չեն համապատասխանում ազգային անվտանգությանը վերաբերող մեր առանցքային պահանջներին»,- նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Իր հեևրթին՝ պաշտպանության նախարար Օսթինը հայտարարել է, թե Ուկրաինային օգնություն չտրամադրելը, ի վերջո, կարող է հանգեցնել ԱՄՆ ուղիղ առճակատմանը Ռուսաստանի հետ: «Կասկած չունեմ, որ վաղ թե ուշ նա՝ [Պուտինը] մարտահրավեր է նետելու ՆԱՏՕ-ին, և մենք հայտնվելու ենք ընդհարման մեջ»:

Ներկայացուցիչների տունը կարող է քվեարկել հօգուտ Իսրայելին տրամադրվող օգնությանը արդեն այս հինգշաբթի, և այս հարցում ստորին պալատի դեմոկրատների շրջանում որոշակի տարաձայնություններ կան: Բլինքենի խոսքով, Իսրայելին ցուցաբերվող աջակցության մի զգալը մասը հատկացվելու է պաղեստինցիների կարիքների բավարարմանը․ «[Պաղեստինցիներին] մարդասիրական օգնության տրամադրումը նույնպես կենսական է Իսրայելի անվտանգության համար: Պաղեստինցի խաղաղ բնակիչներին անհապաղ օգնություն և պաշտպանություն տրամադրելը՝ անհրաժեշտ հիմք է Գազայում գործընկերներ գտնելու համար, ովքեր ապագայի վերաբերյալ այլ տեսլական ունեն, քան «Համասը»:

Հարկ է նշել, որ Իսրայելի համար նախատեսված և՛ Սպիտակ տան, և՛ հանրապետականների օգնության փաթեթները ներառում են 10,6 միլիարդ դոլարի աջակցություն Իսրայելի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերին:

XS
SM
MD
LG