Չնայած Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար հայերի տեղահանությունը Հայաստանի հատկապես մարզերում սեպտեմբերի վերջերից նկատելիորեն աշխուժացրել է տների վարձակալության շուկան, և վարձավճարները զգալիորեն աճել են, սակայն, ընդհանուր առմամբ, հայաստանյան անշարժ գույքի շուկան լավ օրեր չի ապրում։
Օրինակ, շուկայի գլխավոր բաղկացուցիչը հանդիսացող բնակարանների առքուվաճառքի ծավալները այս տարի էապես նվազել են, և այդ անկումը շարունակվում է։
Ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանի խոսքով, ինչպես որևէ այլ երկրում, Հայաստանում նույնպես անշարժ գույքի շուկան երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակի ցուցիչն է՝ եթե առքուվաճառքի ծավալներն աճում են, գները բարձրանում, ուրեմն դրական զարգացումները գերակշռում են, ինչն էլ ազդում է մարդկանց որոշումների վրա՝ տուն կամ այլ անշարժ գույք ձեռքբերել, քանզի հեռանկար են տեսնում։
«Անշարժ գույքը վաճառքների մասով սառեցված վիճակում է գտնվում։ Հիմնականում՝ վաճառողները գները փորձում են նվազեցնել, պակասեցնել, որպեսզի վաճառք ունենան, վաճառեն իրենց գույքը։ Իսկ գնորդները սպասողական դիրքում են․ մի քիչ անորոշություն կա շուկայում։ Չնայած կարող եմ ասել, որ վերջին շաբաթը ինչ-որ չափով արդեն սկսել է շարժվելը՝ էս վերջին իրադարձություններով պայմանավորված։ Սառած վիճակում էր շուկան»,- ասում է Վահե Դանիելյանը:
Հայաստանի Կադաստրի կոմիտեի համաձայն, եթե անցած տարի՝ 2021 թվականի հետ համեմատ Հայաստանում բնակարանների առքուվաճառքի քանակը աճել է 3%-ով՝ գերազանցելով 17 հազարը, ապա այս տարի աչք են զարնում անկում ցույց տվող թվերը։ Առաջին կիսամյակում՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ երկրում տների առքուվաճառքը նվազել է 28.7%-ով։ Այդ երկնիշ անկումը շարունակվում է․ այս սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բնակարանների առքուվաճառքի քանակը 21.3%-ով է պակաս եղել։
Այդքանով հանդերձ, տների գները շարունակում են աճել։ Կադաստրի կոմիտեի տվյալներով, Երևանում բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետրի միջին գինը այս սեպտեմբերին՝ նախորդ սեպտեմբերի համեմատ աճել է 10.3%-ով, մարզերում՝ ավելի շատ՝ 13%-ով։ Մայրաքաղաքի կենտրոնում՝ առաջին գոտիում քառակուսի մետրի միջին գինն անցած ամիս արձանագրվել է 1.1 միլիոն դրամ կամ մոտ 2 800 դոլար։
Սակայն Վահե Դանիելյանի խոսքով, դեռ պահպանվող բարձր գները նախորդ՝ աշխույժ շրջանի արձագանքն են, և սպասվում է, որ առաջիկայում պատկերը փոխվելու է։
«Սեպտեմբերին․․․ քանի որ դուք տեսել եք կադաստրի տվյալներով, որ գները բարձրացել են, դա նախորդ գործարքների, նախորդ պայմանավորվածությունների վերջնական գործարքներն են եղել։ Այսինքն․ հիմանականում քսաներկու թվականին շատ մեծ բում ունեցանք, շուկան բավականին բարձրացավ, ակտիվացավ, գները բարձրացան։ Էդ ալիքը փոխանցվեց նաև քսաներեք թվականին, բայց աստիճանաբար նվազելով․․․ հիմա արդեն շուկայի գները ներքև են նայում՝ այսպես ասած»,- նշում է Վահե Դանիելյանը:
Եթե տան առքուվաճառքի պարագայում գործարքն անպայման պետական գրանցում է անցնում՝ նախևառաջ նոտարի մոտ, ուստի թվերը ճիշտ են համարվում, ապա այլ պատկեր է բնակարանների վարձակալության պարագայում, որոնց գերակշիռ մասը դեռ ստվերում է արվում, քանի որ, ըստ ոլորտի ներկայացուցիչների, մի քանի հարյուր հազար դրամ վաստակելու համար՝ մարդիկ չեն ցանկանում ամեն գործարքի դեպքում շուրջ հարյուր հազար դրամի հասնող պետական տուրքեր վճարել։
Օրինակ, Կադաստրի կոմիտեի տվյալներով, այս սեպտեմբերին ողջ Հայաստանում վարձակալության է հանձնվել ընդամենը 52 բնակարան՝ 59.4%-ով պակաս նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ։ Հասկանալի է, այս թվերը հեռու են իրականությունից և հատկապես սեպտեմբերի պարագայում, երբ Լեռնային Ղարաբաղից եկած հազարավոր մարդկանց գերակշիռ մասը վարձով տուն էր փնտրում։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ, վարձակալության հանձնվող բնակարաննների գները սեպտեմբերին բարձրացել են մինչև երկու անգամ, և, նրա խոսքով, հավանական է, որ բարձր գները պահպանվեն, քանզի կառավարությունն առաջիկա առնվազն կես տարում Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր մարդու վճարելու է 50 հազար դրամ՝ բնակվարձի և կոմունալ ծախսերի համար։
«Արցախցիների Հայաստան գալով՝ [տների] առքուվաճառքի ծավալների վրա էական ազդեցություն չի եղել։ Այսինքն, արցախցիները չեն շտապում Հայաստանում բնակարան ձեռք բերել։ Դա էլ պետք ա արձանագրենք։ Այս պահին այդպիսի լուրջ, մեծ գործարքներ չկան Հայաստանում։ Նրանք հիմնականում վարձով բնակարաններ են փնտրում։ Բացի այդ, որոշ արցախցիներ չգիտեն՝ իրենց ապագան ոնց է լինելու։ Օրինակ, մի մասը նախընտրում ա էդ գումարը (եթե ունի էլ), օրինակ Հայաստանից մեկնելու նպատակով դա օգտագործի»,- ասում է Սուրեն Պարսյանը:
Ե՛վ Վահե Դանիելյանի, և՛ Սուրեն Պարսյանի փոխանցմամբ, հայաստանյան անշարժ գույքի շուկան կարող է կրկին անցնել վերելքի՝ երկրի շուրջ անվտանգային միջավայրի բարելավման, տնտեսության բարձր ցուցանիշների պարագայում, ինչը թույլ կտա մարդկանց, ներդրողներին հեռանկար տեսնել, ուստի անցնել խոշոր գնումների։
Թեև հայաստանյան տնտեսությունը շարունակում է աճել, բայց այդ աճի տեմպն է դանդաղել։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի համաձայն, այս հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.7%, ինչն ընթացիկ տարվա ամենացածր թիվն է՝ միայն նվազելով նախորդ ամիսներին։