Մատչելի հղումներ

Իլինոյսում սգում են սպանված վեցամյա երեխայի՝ պաղեստինյան ծագմամբ ամերիկացու մահը


Փլեյնֆիլդ համայնքում սգում են պաղեստինյան ծագմամբ վեցամյա ամերիկացու մահը
Փլեյնֆիլդ համայնքում սգում են պաղեստինյան ծագմամբ վեցամյա ամերիկացու մահը

Չիկագոյի արվարձանում՝ Փլեյնֆիլդ համայնքում սգում են պաղեստինյան ծագմամբ վեցամյա ամերիկացու մահը, ում, ըստ տեղի իրավապահների, դանակահարել է տանտերը։ Հարձակման է ենթարկվել նաև փոքրիկի մայրը, ով դեռ հիվանդանոցում է։

Մարդիկ շարունակում են այցելել այն տունը, ուր ապրում էր վեցամյա Վադեա Ալ-Ֆայումեն՝ հարգանքի տուրք մատուցելու սպանված երեխայի հիշատակին։ Իրավապահների փոխանցմամբ, Ալ-Ֆայումեի մահը վրա է հասել տանտիրոջ հասցրած դանակի հարվածի հետևանքով։ Նշվում է, որ ստեղծված մթոնոլորտում իր դերն է ունեցել Իսրայել-«Համաս» հակամարտությունը։

«Իմ եղբորորդին 5 տարեկան է, և պետք է դպրոց գնար Վադեայի հետ»,- ասում է Ջուհի Ֆահիմը, ով Չիկագոյում գործող «Ամերիկացի մահմեդական հարևաններին աջակցող կազմակերպության» ներկայացուցիչն է։

«Իմ սիրտը կոտրված է… ։ Չեմ կարող պատկերացնել․․․ ։ Մարդկանց ասում էի, Վադեան․․․։ Եթե տեսնեիք նրան, սովորական ամերիկացի տղա էր»։

Ֆահիմը որոշեց յուրովի արտահայտել իր զայրույթը՝ օգնելով կազմակերպել Վադեայի հիշատակի արարողությունը:

«Այս երեխաները վտանգ չեն ներկայացնում համայնքին»:

Իլինոյսում սգում են սպանված վեցամյա երեխայի՝ պաղեստինյան ծագմամբ ամերիկացու մահը
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00


Հիշատակի արարողությանը ներկա էր ավելի քան հազար հոգի՝ տեղի բազմազգ ու բազմադավան համայնքի ներկայացուցիչներ, իրենց ցավակցությունն ու աջակցությունը հայտնելու Վադեայի ընտանիքին և մահմեդական համայնքին։

«Ցավալի է․․․, արդյո՞ք ողբերգություն պետք է տեղի ունենար, որպեսզի բոլորս միասին հավաքվեինք։ Բայց նկատում եմ աջակցության, սիրո և կարեկցանքի դրսևորումներ՝ այն կորստի կապակցությամբ, որն ունեցանք որպես համայնք և անհատներ»:

«Անհնար է չցավել այս ընտանիքի համար։ Սա ավելի կարևոր բան է, քան ինչ-որ քաղաքական հարց։ Սա երեխայի մասին է»։

Սգավոր բազմության մեջ էր նաև Մայքլ Չիլդրեսը՝ Դյու Փեյջ շրջանի խորհրդի անդամը:

«Ոչ ոք չգիտի… միգուցե, ապագայում այս երեխան քաղցկեղի դեմ դեղամիջոցի հեղինակ դառնար, կամ դառնար այնպիսի հմուտ դիվանագետ, որ վերջ կդներ պատերազմներին»:

Դիլավար Սայեդը՝ ԱՄՆ կառավարության Փոքր բիզնեսին աջակցող գործակալության ղեկավարն է՝ Բայդենի գլխավորած վարչակազմի ամենից բարձրաստիճան մահմեդական պաշտոնյան: ԱՄՆ նախագահի անունից նա էր մասնակցում հիշատակի միջոցառմանը, սակայն Սայեդի հրապարակային խոսքը ուղեկցվեց միջադեպով․ անվտանգության աշխատակիցները դուրս հրավիրեցին ոմանց։

«Աննար է առանց ապրումների ականտես լինել նման դեպքերի։ Սակայն այժմ սառը դատելու ժամանակն է»,- ասում է Մայքլ Չիլդրեսը։

«Այն էներգիան, սերը, նվիրվածությունը, որ դուք բերել եք այստեղ՝ այս երեկո, չպետք է իր ավարտն ունենա, երբ դուրս գանք այդ դռներից»:

Հիշատակի արարողությունն ավարտվեց Վադեայի հոր՝ Օդայ Ալ-Ֆայումի խոսքով:

Վադեայի մայրը՝ Հանաան Շահինը դեռ հիվանդանոցում է։ Մեղադրյալը 71-ամյա Ջոզեֆ Շուբան է, ում առաջադրվել են սպանություն, սպանության փորձի և ատելության հողի վրա իրականացված հանցագործության մեղադրանքներ։

XS
SM
MD
LG