ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ժամանել է Թել Ավիվ՝ ի ցույց դնելով ամերիկյան աջակցությունը հրեական պետությանը՝ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվեց «Համաս» խմբավորման զինյալների
հարձակմանը։ Հակամարտությունը վերաճել է լայնածավալ ռազմական գործողությունների։ Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած աղետալի պայթյունի հարցում Բայդենը, ըստ ամենայնի, սատարել է Թել Ավիվին։ Իսրայելական կողմը հերքում է իր մասնակցությունը հիվանդանոցի պայթյունին, ինչի հետևանքով սպանվել են հարյուրավոր մարդիկ, և որին տարածաշրջանի բազմաթիվ երկրներում հետևեցին բողոքի զանգվածային ակցիաները։ Տեղի ուենցածի պատճառով նաև չեղարկվեց նախագահ Բայդենի ու տարածաշրջանի արաբական երկրների ղեկավարների հանդիպումը, որը նախատեսված էր Հորդանանում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնի» թղթակից Փեթսի Վիդակուսվարան:
Գազայի «Ահլի Արաբ» հիվանդանոցի կայանատեղին ավերակների է վերածվել։ Երեքշաբթի այդ բուժհաստատությունում տեղի ունցած հզոր պայթյունը հարյուրավոր մարդկանց կյանք է խլել։ Հաջորդ օրը ժամանելով Թել Ավիվ՝ ընդգծելու ամերիկյան աջակցությունն Իսրայելին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, թե «խորապես վշտացած և վրդովված է» հիվանդանոցում տեղ ունեցած պայթյունից։
«Հիմք ընդունելով ցայսօր ստացած մեր տեղեկությունը, թվում է, [հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի պատճառը] Գազայից ահաբեկչական խմբավորման արձակած և ուղղությունից շեղված հրթիռն է»,- ասել է նախագահ Բայդենը։
Բայդեն խոսքով, Իսրայելը համաձայնել է, որպեսզի Եգիպտոսից Գազա մատակարարվի մարդասիրական օգնություն։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է Գազային 100 միլիոն դոլար ամերիկյան օգնություն տրամադրելու մասին։
Մյուս կողմից, Բայդենը խոստացել է Իսրայելին հատկացնել այն, ինչ անհրաժեշտ է հրեական պետության պաշտպանության համար՝ կոչ անելով, սակայն, Թել Ավիվին զսպվածություն ցուցաբերել պատասխան գործողություններում:
«Դուք ապրում եք [մի երկրում, ուր] օրենքի գերակայությունն է։ Երբ քո պայքարը արդար է, ապրում ես պատերազմների օրենքի համաձայն»- նշել է ԱՄՆ նախագահը:
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բայդենին աջակցության համար։
Իսրայելը շարունակում է օդային հարվածները Գազային, ինչի հետաևքնով սպանվել է մոտ 3 հազար հոգի։ Թել Ավիվը նաև պահանջում է, որպեսզի շրջանի ավելի քան երկու միլիոն բնակիչները տեղափոխվեն Գազայի հարավային հատված՝ իսրայելական բանակի՝ սպասվող ցամաքային գործողություններից առաջ։
Թել Ավիվի գործողությունները հետևեցին այս հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ՝ «Համասի» հարձակմանը, ինչի հետևանքով սպանվեց մոտ 1 400 հոգի, որոնց մեջ զգալի թիվ են կազմում խաղաղ բնակիչները։
«Համասը» պատասխանատու է և պետք է պատասխանատվություն կրի քաղաքացիական բնակչության բոլոր զոհերի համար»,- ընդգծել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։:
Գազայի հատվածում կառավարող «Համաս» խմբավորումն, ինչպես հայտնի է
հիվանդանոցի պայթյունի համար մեղադրել է իսրայելական կողմին։ Թել Ավիվը արձագանքել է, թե աղետի պատճառը «Իսլամական ջիհադ» խմբավորման արձակած հրթիռն է։ Վերջինս հերքել է իր առնչությունը տեղի ունեցածին։
Այդ հիվանդանոցն այն վայրն էր, ուր ապաստան էին գտնում իսրայելական ռազմուժի ռմբակոծություններից փախչող Գազայի բնակիչները:
«Չգիտեմ՝ արդյո՞ք մեր վրա հրթիռ է ընկել։ Հատակին էինք։ Ամեն ինչ քանդվեց»,- ասում է պայթյունից հետո ողջ մնացած մի կին։
Հիվանդանցում տեղի ունեցածը զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել տարածաշրջանի երկրներում՝ Լիբանանում, Հորդանանում, Իրանում, Իրաքում, Թունիսում և Թուրքիայում: Ցուցարարները մեղադրում են Իսրայելին։
Թել Ավիվում Բայդենը հանդիպել է նաև հոկտեմբերի 7-ին «Համասի» զինյալներից մազապուրծ եղած իսրայելցիներին՝ քաղաքացիական բնակիչներին։ Սպասվում էր, որ Իսրայելից ԱՄՆ նախագահը կուղևորվեր Ամման՝ հանդիպելու Հորդանանի, Եգիպտոսի և Պաղեստինի ինքնավարության ղեկավարներին, սակայն Գազայի հիվանդանոցի պայթյունը չեղարկեց գագաթնաժողովը։