Մատչելի հղումներ

Թուրքիան չի շտապում հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը


Թուրքիայի նախագահ և «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունենում 2023 թվականի հոկտեմբերի 11-ին Անկարայում
Թուրքիայի նախագահ և «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունենում 2023 թվականի հոկտեմբերի 11-ին Անկարայում

Թուրքիան հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալը՝ սպասելով ամերիկյան «F-16» կործանիչների գնման հարցում Վաշինգտոնի համաձայնությանը։

Թուրքիայի խորհրդարանը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը թույլտարող որոշման վավերացումը։ Ըստ լրատվամիջոցների, Անկարան ակնկալում է ԱՄՆ կառավարության աջակցությանը՝ «F-16» կործանիչների ձեռք բերման գործում:

Թուրքիայի նման քայլը կարող է հիասթափեցնող լինել Շվեդիայի համար, որն արդեն 17 ամիս է սպասում է Հյուսիսատլանտյան ալյանսին միանալու գործընթացի ավարտին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ հուլիսին խոսք էր տվել Ստոկհոլմի դիմումը՝ վավերացման համար ուղարկել երկրի խորհրդարան, որպեսզի արդեն հոկտեմբերին օրենսդիրները կարողանան քվեարկեն այն:

Այս հոկտեմբերի 1-ին՝ խորհրդարանի աշխատանքների վերսկսումից հետո, հայտնի դարձավ, որ օրենսդիր մարմնի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը պետք է քննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, ստացել է գրեթե 60 միջազգային համաձայնագրեր, բայց Շվեդիայի հայտը այնտեղ չկա։

Իրավիճակին ծանոթ երկու հոգի, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, «Reuters»-ի հետ զրույցում նշել են, որ Անկարան ցանկանում է զուգահեռաբար գործել Վաշինգտոնի հետ․ ակնկալվում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը կառաջարկի Կոնգրեսին հավանություն տալ Թուրքիային վաճառել «F-16» կործանիչներ՝ 20 միլիարդ դոլար արժողությամբ։

«Հաշվի առնելով «F-16»-երի հարցում [Վաշինգտոնի ու Անկարայի միջև առկա] անվստահությունը և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը՝ Թուրքիան չի շտապում վավերացնել ՆԱՏՕ-ի առաջարկը՝ [Ստոկհոլմի անդամակցության վերաբերյալ], և նշաններ է սպասում՝ համոզվելու, որ զուգահեռաբար գործում է նաև Միացյալ Նահանգները»,- նշել է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը։

ԱՄՆ-Թուրքիա բանակցություններին քաջածանոթ երկրորդ անձն ասել է, որ հետաձգվել է այն առաջարկի իրականացումը, ըստ որի կողմերից յուրաքանչյուրը պետք է քայլեր ձեռնարկեր՝ մի կողմից վավերացնելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը, մյուս կողմից՝ իրականացնելու «F-16»-երի վաճառքը։

Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատակազմը չի մեկնաբանել իրավիճակը:

Իր հերթին՝ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայցուցիչը հույս է հայտնել, որ Շվեդիան մոտ ապագայում կմիանա ՆԱՏՕ-ին՝ հավելելով, որ նախագահ Ջո Բայդենն «իր աջակցությունն է հայտնել «F-16»-երի վաճառքին՝ հօգուտ [Հյուսիսատլանտյան] դաշինքի և Միացյալ Նահանգների ու Թուրքիայի հարաբերությունների»։

Ակնկալվում է, որ Թուրքիան, որի բանակը ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդն է, ի վերջո կաջակցի Շվեդիայի անդամակցությանը:

Սակայն թուրք պաշտոնյաներն ու օտարերկրյա դիվանագետները նկատում են, որ Էրդողանը չի շտապում այդ հարցում, հատկապես՝ այն բանից հետո, երբ խորհրդարանի աշխատանքների վերսկսման օրը Անկարայում ռումբ պայթեցվեց, իսկ հոկտեմբերի 5-ին Սիրիայի հյուսիսում ամերիկյան ռազմուժը թուրքական անօդաչու խոցեց:

Էրդողանը, կարծես, պատրաստ է իրավիճակն օգտագործել այլ նպատակների համար։ Անցած ամիս նա բացեիբաց խոսեց առևտրի մասին․ Շվեդիայի հայտի բավարարման դիմաց՝ Վաշինգտոնը պետք է թույլատրի «F-16»-երի վաճառքը Անկարային։

XS
SM
MD
LG