Հայաստանի խորհրդարանն, ինչպես հայտնի է, նախօրեին վավերացրեց Հռոմի ստատուտը, ըստ որի երկիրը պարտավորվում է ի կատար ածել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները։ Փաստաթուղթը ներկայացվել է նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությանը։
Ավելի վաղ ՄՔԴ-ն ձերբակալության կարգադրություն էր իջեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի վերաբերյալ՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների պատճառով․ երկուսն էլ մեղադրվում են օկուպացված տարածքներից երեխաների հարկադիր արտաքսման հետ առնչություն ունենալու համար։
Հայաստանի իշխանությունների բազմիցս հայտարարել են, որ Հռոմի ստատուտի վավերացման նպատակն է հետագայում ՄՔԴ-ում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում տեղ գտած ռազմական հանցագործությունների համար։
Սակայն արդեն այս գարնանը Ռուսաստանի արտգործնախարարությունը հարկ համարեց նախազգուշացնել Երևանին, թե Հռոմի ստատուտի վավերացումը «ծայրահեղ բացասական հետևանքներ» կունենա երկկողմ հարաբերությունների համար։ Հայաստանի խորհրդարանում փաստաթղթի վավերացումից հետո, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը սուր քննադատության ենթարկեց պաշտոնական Երևանին՝ քայլն անվանելով «ոչ կոռեկտ»։
Ամերիկյան համալսարանի քաղաքագետ Քրիս Ռուդոլֆը գտնում է, որ այսպիսով Երևանը փորձում է ներգրավվել երրորդ անկախ կողմ Բաքվի հետ ունեցած իր հակադրության մեջ: Դրա հետ մեկտեղ նա չի բացառում այլ դրդապատճառներ:
«Չեմ կարող ասել հստակ, թե արդյոք Հայաստանն այսպիսով ձգտում է ինչ-որ բան հասկացնել Ռուսաստանին, թե ոչ, բայց հաշվի առնելով այն որոշումը, որ ՄՔԴ կայացրել է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին այս տարվա սկզբին, միամտություն կլինի կարծել, որ հնարավոր է վավերացնել ստատուտը առանց ռուսական կողմի բացասական արձագանքի»,- պնդում է Ռուդոլֆը:
Տարտուի համալսարանի Արևելագիտության կենտրոնի փորձագետ Բորիս Դոլգինի խոսքով, Հայաստանի կողմից ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումը միանգամայն կանխատեսելի էր, բայց ոչ հայ-ռուսական հարաբերությունների, այլ Ադրբեջանի նկատմամբ Երևանի քաղաքականության համատեքստում։ Նա հիշեցրեց, Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը հաստատվել էր դեռ 1998 թվականին՝ «նախապուտինյան դարաշրջանում»։
Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, հասկանալի է, թե Մոսկվան ինչու է Հռոմի ստատուտի վավերացումը ընկալում որպես իրեն ուղղված մարտահրավեր. «Այժմ, առավել քան երբևէ, Կրեմլի համար կարևոր է ՄՔԴ և նրա որոշումների ապալեգիտիմացումը։ Բայց Հայաստանը հնարավոր չհամարեց փոխել իր ծրագրերը՝ ելնելով Ռուսաստանի նկատառումներից ու մտավախություններից։ Սակայն Երևանը Մոսկվային առաջարկեց բանակցություններ վարել, որոնք կարող են այս կամ այն չափով մեղմել Ռուսաստանի ղեկավարության մտահոգությունները՝ [Հայաստանում] Պուտինի ձերբակալության վերաբերյալ: Սակայն, ըստ երևույթին, դա բավարար չէր Կրեմլի համար»։
Քրիս Ռուդոլֆի կարծիքով էլ՝ ՄՔԴ-ի համար ընդունելի չէ առանձին գործարքի կնքումը: «Այսպիսով, եթե եղել է հանցագործություն, և դա ՄՔԴ-ի իրավասության ներքո է, ու եթե կնքվի ինչ որ տեսակի քաղաքական համաձայնություն՝ ՄՔԴ-ի որոշումը շրջանցելու համար, ապա կարծում եմ, որ ՄՔԴ-ը չի ճանաչի նման տեսակի պաշտպանության տրամադրումը ոպես գործարքի մաս»:
Դոլգինի խոսքով, մյուս կողմից, Երևանի գործողությունները կարելի է դիտարկել 2020 թվականից ի վեր Հայաստանում ամրապնդվող ընկալման համատեքստում, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը «անհույս պատմություն են՝ երկրի անվտանգության իրական ապահովման համար»։
Բորիս Դոլգինի ներկայացմամբ, այս ամենը սկսել է բացասաբար ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա․ «Հասկանալի է, որ Կրեմլից կլինեն թշնամական նոր հայտարարություններ և Հայաստանի ղեկավարությանը տապալելու փորձեր։ Ռուսաստանում հայկական մեծ համայնք կա, որի հետ կապված բավականին բարդ խնդիր կա: Այն կարող է հարվածի տակ հայտնվել։ Ի թիվս այլ քայլերի, կարող ենք սպասել, որ Մոսկվայի խտրական նոր գործողություններ կձեռնարկի Հայաստանի տնտեսության դեմ, որի որոշ ճյուղեր մեծապես կախված են Ռուսաստանից»։
Իր հերթին՝ քաղաքագետ Արկադի Դուբնովն ընդգծում է, որ Պուտինը Հայաստան չի մեկնի ոչ այն պատճառով, որ նրան կարող են ձերբակալել՝ ՄՔԴ կարգադրության համաձայն, այլ որովհետև նա մտավախություն ունի Երևանում հանդիպել հայերի ատելությանը, որոնք իրեն համարում են հայոց աշխարհի ողբերգության մեղավոր։
Դուբնովի խոսքով, ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումն ավելի շատ կապ ունի Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ, և այդ կերպ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի իր շուրջը համախմբել հակակրեմլյան տրամադրությունները՝ պաշտպանվելու «Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու» և ազգային շահերը դավաճանելու մասին շարունակ հնչող մեղադրանքներից։
«[Հռոմի ստատուտի] վավերացման այլ բացատրությունները, թե այն անհրաժեշտ է Երևանին՝ Ադրբեջանի [իրականացրած] ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելու համար, հիմնավորված են թվում, բայց երկրորդական [նշանակություն ունեն]»,- գրել է Արկադի Դուբնովն իր «Telegram»-յան ալիքում։
Նրա խոսքով, Երևանի նման քայլը վիրավորական է Մոսկվայի համար ու աննախադեպ հետխորհրդային տարածքում։ Ինչ վերաբերում է կոշտ պատասխան տալու Կրեմլի սպառնալիքներին, ապա քաղաքագետի ներկայացմամբ, «հայերն այսօր արդեն այնքան վատ վիճակում են, որ նրանց այլևս չես զարմացնի Ռուսաստանից եկած նոր խնդիրներով»։