Ամեն տարի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում մարդիկ հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին:
Հարձակումները կազմակերպվել էին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից չորս մարդատար ինքնաթիռների առևանգման շնորհիվ: Ահաբեկիչների կողմիից կառավարվող ինքնաթիռները բախվել էին Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակին և մայրաքաղաք Վաշինգտոնում Պենտագոնի շենքին։ Ինքնաթիռներից մեկը նաև ընկել էր Փենսիլվանիայում։ Հարձակումների հետևանքով զոհվել էին մոտ 3000 մարդ:
Ահաբեկչական հիմնական իրադարձությունները ծավալվել էին Նյու Յորքում: Երկուշաբթի օրը, քաղաքի Սեպտեմբերի 11-ի հուշահամալիրում, սգավորները այս տարի ևս կհավաքվեն Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա հարձակումների զոհերի անունների ամենամյա ընթերցանության համար: Օրվա տարբեր ժամերին, ամբողջ քաղաքում մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը:
Հարձակումները դրդեցին այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին սկսել «համաշխարհային պատերազմ ահաբեկչության դեմ», որը ներառում էր ռազմական հարձակում Աֆղանստանի վրա՝ գտնելու «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենին: Նա սպանվեց 2011 թվականին, Պակիստանի իր համալիրի վրա ԱՄՆ-ի հարձակման ժամանակ:
Սեպտեմբերի 11-ի հարձակումները ամենասարսափելի հարձակումն են համարվում ԱՄՆ-ի հողի վրա՝ 1941 թվականին Հավայան կղզիներում Փերլ Հարբորի վրա Ճապոնիայի հարձակումից ի վեր, ինչի հետևանքով զոհվել էին 2400 մարդ: