Մատչելի հղումներ

Լեհաստանը ցուցադրել իր ռազմուժը


Լեհաստանն անցկացրեց նախորդ 29 տարիների ամենից մեծ զորահանդեսը, 15 օգոստոսի, 2023 թ.
Լեհաստանն անցկացրեց նախորդ 29 տարիների ամենից մեծ զորահանդեսը, 15 օգոստոսի, 2023 թ.

Երեքշաբթի Լեհաստանն անցկացրեց նախորդ 29 տարիների ամենից մեծ զորահանդեսը։ Այն ուժի ցուցադրություն էր հարևան Բելառուսին ու Ռուսաստանին և ցուցիչ, որ պաշտպանության հարցում Վարշավայի մոտեցումը փոխվում է՝ Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի ֆոնին։

Երկու հազար զինվոր, 200 միավոր լեհական և արտասահմանյան արտադրության ռազմական տեխնիկա և 92 ինքնաթիռ․ այն Վարշավայի անցկացրած ամենամեծ զորահանդեսն էր նախորդ երեք տասնամյակների ընթացքում:

Ցուղադրվեցին ամերիկյան արտադրության «M1A1 Abrams» տանկեր, հարավկորեական «K2» տանկեր ու «K9» ինքնագնաց հաուբիցներ, «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և «Patriot» հակաօդային պաշտպանության համալիրներ։

Լեհ ռազմական վերլուծաբան Յարոսլավ Վոլսկին ասում է, որ շքերթի նպատակն էր երկրի ռազմական հզորության ցուցադրումը․ «Չենք կարող մեզ թույլ տալ թուլություն դրսևորել, քանի որ, ցավոք, ռուսներն ու բելառուսները միայն ուժի լեզուն են հասկանում: Ցուցադրեցինք նոր զինտեխնիկա, և որ մեր բանակը փոխվում է»:

Ըստ Վոլսկու, լեհական բանակում փոփոխությունները սկսվել են ուկրաինական պատերազմի մեկնարկից շատ առաջ, բայց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան արագացրեց զինված ուժերի արդիականացումը:

«Երկու գործոն դեր խաղացին՝ ֆինանսավորման ավելացումը և զինտեխնիկայի պակասը շտապ լրացնելու անհրաժեշտությունը, քանի որ Ուկրաինային փոխանցեցինք ցամաքային զորքերի սպառազինության մոտ 30%-ը»,- նշում է ռազմական վերլուծաբանը:

2010 թվականից՝ պարտադիր զորակոչը չեղարկելուց հետո, լեհական բանակը ամբողջովին արհեստավարժ է։ Զինվորների մեծ մասը ռազմական դպրոցներ է ավարտել։

Լեհաստանի զինվորական հավաքագրման կենտրոնական գրասենյակի խոսնակ, գնդապետ Յուստինա Բալիկի ներկայացմամբ, բանակի չափը մեծացնելու համար երկրում վերջերս ստեղծվել է մի համակարգ, որը կամավորներին հնարավորություն է տալիս դառնալ պահեստազորի մաս․ «Թեկնածուները 27 օր անցնում են հիմնական պատրաստություն՝ զինվորական կարգապահություն, մարտավարություն, հրաձգություն։ Դրանից հետո զինվորները երդվում են ու որոշում՝ եթե ցանկանում են շարունակել ծառայությունը զինված ուժերում, ընտրում են մասնագիտությունն ու անցնում հետագա ուսուցման»։

Գնդապետի խոսքով, կամավորների 70%-ը որոշում է մնալ զինված ուժերում․ «Այս տարի մեր ծրագրով բանակ կզորակոչվի 25 հազար մարդ։ Բայց գիտենք, որ գերազանցելու ենք այդ թիվը։ Արդեն իսկ 21 հազարից ավելի կամավոր ենք հավաքագրել»։

Մինչև 2035 թվականը Լեհաստանը նախատեսում է գրեթե կրկնապատկել իր զինված ուժերը՝ 175 հազարից հասցնելով 300 հազարի:

Լեհաստանի ցամաքային զորքերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Վալդեմար Սկրզիպչակը մանրամասնում է, թե ինչու է անհրաժեշտ զինուժի թվաքանակի նման մեծացումը․ «Պետք է լինենք ՆԱՏՕ-ի ուժերի հզոր մասը [ալյանսի] արևելյան թևում: Մեզ ապահով ենք զգում ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով և հավատում ենք, որ դաշինքը կպաշտպանի մեզ՝ իհարկե, մեր մասնակցությամբ։ Ուստի, Լեհաստանը ցանկանում է, որ իր բանակը պատրաստ լինի պաշտպանության»։

Այնուամենայնիվ, ռազմական վերլուծաբանների գնահատմամբ, այսօր Ռուսաստանն կամ Բելառուսը սպառնալիք չեն ներկայացնում Լեհաստանին՝ շնորհիվ երկրում ՆԱՏՕ-ական ուժերի առկայության:

Նրանք նաև այն կարծիքին են, որ Բելառուսում տեղակայված «Վագներ» խմբավորման վարձկանները նույնպես վտանգավոր չեն Վարշավայի համար, և լեհական բանակն ունակ է դիմակայել Մոսկվայի ու Մինսկի սադրանքներին:

XS
SM
MD
LG