Ջորջ Սորոսին անվանում են «քաղաքական տիկնիկավար» և կուլիսների հետևում գործող առաջադեմ գործիչ։ Միլիարդատեր-բարերարի ազդեցությունը, ում կարողությունը գնահատվում է 6-8 միլիարդ դոլար, արդեն մի քանի տասնամյակ ազդում է ամերիկյան և համաշխարհային քաղաքականության վրա։ Արտերկրում նա սուր քննադատության է ենթարկվում բռնապետերի ու ավտոկրատների կողմից։ Սորոսին քննադատելու հարցում ԱՄՆ-ում հետ չեն մնում հանրապետականները, թեև դեմոկրատները նույնպես նրան հարցեր ունեն։ Նախընտրական այս տարում՝ նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլում, վերստին առաջին պլանում է հայտնվել քաղաքականությունում մեծ փողերի ազդեցության թեման։
Ջորջ Սորոսը տևական ժամանակ աջակցել է ժողովրդավարական շարժումներին՝ ԱՄՆ-ում դեմոկրատական թեկնածուների նախընտրական քարոզարշավին, Արևելյան Եվրոպայում ավտորիտար ռեժիմների, Հարավային Աֆրիկայում ապարտեիդին և հարևան երկրների ներքին գործերին Ռուսաստանի չարամիտ միջամտության դեմ պայքարին: Սորոսի` «Բաց հասարակության հիմնադրամը», որը հիմնադրվել է 1979 թվականին, իր առաքելությունն է հռչակել «արդարության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության խթանումը»: Կազմակերպությունն այսօր գործում է ավելի քան 120 երկրներում։ Կենտրոնակայանը Նյու Յորքում է` Մանհեթենի 57-րդ փողոցում։
Նացիստական օկուպացիայի ժամանակ Հունգարիայում ապրող Ջորջ Սորոսի համար սկիզբը ավստրիացի փիլիսոփա Կառլ Պոպերի 1945 թվականին լույս տեսած «Բաց հասարակությունը և նրա թշնամիները» գիրքն էր։
«Պոպերը խոսում էր երկու տեսակի հասարակության մասին՝ «փակ» և «բաց»: «Փակ» հասարակությունը, ըստ Պոպերի փիլիսոփայության, հիմնված է արգելքների վրա»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Մոնթկլեր համալսարանի դոցենտ Դանիելա Պետերկա-Բենթոնը: «Այստեղ գերակշռում են տաբուները, որոնց վրա հիմնված են բոլոր սոցիալական ինստիտուտները։ Մինչդեռ, «բաց» հասարակությունը հիմնված է անհատականության, ժողովրդավարության, հավասարության և ողջախոհության վրա: Ջորջ Սորոսը մեծացել է Հունգարիայում։ Նացիստական օկուպացիայի ներքո նրա կյանքը, ինչպես ցանկացած հրեայի կյանքը Եվրոպայում պատերազմի ժամանակ, վտանգված էր: Կարծում եմ, այն մեծապես ազդեց նրա աշխարհընկալման վրա»:
Սորոսն ԱՄՆ քաղաքական ասպարեզում հայտնվեց գրեթե 20 տարի առաջ։ 2004 թվականից սկսեց ֆինանսավորել Դեմոկրատական կուսակցությանը, քանզի չէր ցանկանում, որ հանրապետական Ջորջ Բուշը երկրորդ անգամ ընտրվեր երկրի նախագահի պաշտոնում։
Ամերիկյան ուժերի կողմից Իրաք ներխուժելը Ջորջ Սորսը համարեց ԱՄՆ խայտառակություն։ Թեև Բուշ-կրտսերն այն ժամանակ մնաց Սպիտակ տանը, սակայն Սորոսի շնորհիվ ողջ երկրում ընդլայնվեց դեմոկրատների դոնորների ցանցը։
Պրոֆեսոր Պետերկա-Բենթոնի խոսքով, Դեմոկրատական կուսակցությունն ու ձախամետ քաղաքական գործիչները սկսեցին փոխվել։ Գործընթացը թափ ստացավ 2016 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Սորոսը լրջորեն մտահոգված էր, որ Թրամփը կարող է դառնալ Միացյալ Նահանգների նախագահ, և զգալի նվիրատվություններ կատարեց Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավին»,- ասում է Պետերկա-Բենթոնը
Միլիարդատերը բազմիցս է հայտարարել, որ Դոնալդ Թրամփը վտանգավոր է երկրի համար, և հանրապետականներն ու ծայրահեղ աջերը Սորոսին վերաբերում են անթաքույց թշնամանքով։ Որոշ ծայրահեղական աջ կայքերի նախընտրած թեմաներից է՝ Սորոսն իբր գաղտնի կառավարում է մարդկության մտքերը:
Աջերը Սորոսին մեղադրում են ոչ միայն համաշխարհային մեղքերի համար, նրանց կարծիքով նա վտանգավոր է նաև ԱՄՆ-ում, օրինակ՝ Նյու Յորքում։
«Այս ամբողջը նրա միջամտության հետևանքն է։ Ունենալով հսկայական հարստություն` ֆինանսավորում է դատախազներին, ովքեր պաշտպանում են հանցագործներին»,- ասում է Նյու Յորքի քաղաքային խորհրդի համար նախկինում իր թեկնածությունն առաջադրած հանրապետական Ժակլին Տոբորոֆը:
Ըստ Տոբորոֆի, Սորոսին չի կարելի վստահել նաև այն պատճառով, որ նա օտարերկրացի է։ Նման դիրքորոշումն արտահայտում է ներգաղթյալների նկատմամբ առկա անվստահությունը, որը նախկին նախագահ Թրամփը երբեմն չի թաքցնում իր ելույթներում` հիմնականում անօրինական ներգաղթյալների առնչությամբ։ Ջորջ Սորոսը, իհարկե, երբեք անօրինական ներգաղթյալ չի եղել, բայց աջամետ քաղաքական գործիչների համար գայթակղիչ է նրան մեղադրելը, թե իբր միլիարդատերը խարխլում է ամերիկյան հասարակության հիմքերը:
«Սորոսը օտարերկրացի է, նա ամերիկացի չէ։ Երբ ծնվել, մեծացել եք այստեղ, հատուկ զգացողություն ունեք այս երկրի նկատմամբ, դուք այս հասարակության մասն եք»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Ժակլին Թոդորովը: «Այդ մարդը մեր էության մի մասը չէ: Նա այստեղ շատ հաջողակ դարձավ, և այժմ փորձում է ոչնչացնել Ամերիկան, որը ստեղծվել է 1776 թվականին` հիմնադիր հայրերի կողմից: Մինչ Սորոսը այստեղ ամեն ինչ լավ էր»։
Ռուսաստանում Սորոսի հիմնադրամը ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն» և փակվել դեռ 2015 թվականին։ Երկրի գլխավոր դատախազության համաձայն, կազմակերպությունն իբր վտանգ էր ներկայացնում Ռուսաստանի սահմանադրական կարգին և սպառնալիք էր պետության անվտանգությանը։ Նախագահ Պուտինն խոսքով, «Սորոսը միջամտում է ամենուր»։
Ուկրաինայում հիմնադրամը բացվել է 1990 թվականին` «Վերածնունդ» անվամբ: Մինչ 2022 թվականի պատերազմը` ուկրաինական գրասենյակի բյուջեն 12-14 միլիոն դոլար էր։ Նախորդ մեկ տարում այն հասավ 17 միլիոնի:
«Շարունակում ենք օգնել քաղաքացիական հասարակությանը` լինել ազդեցիկ, արդյունավետ, ակտիվ դեր խաղալ քաղաքականության և հասարակության մեջ, պատասխանատվություն պահանջել կառավարությունից»,- «Ամերիկայի ձայնին» ասում է «Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սուշկոն: «Նույնիսկ պատերազմի ժամանակ երկիրը պետք է մնա ժողովրդավարական»:
«Ամերիկայի ձայնը» հետաքրքրվեց` արդյո՞ք 2014 թվականին կազմակերպությունը կոչ է արել տապալել Ուկրաինայի նախագահ Յանուկովիչին և ուկրաինացիներին դրդել հեղափոխության:
«Երբեք կոչ չենք արել ժողովրդին տապալել իշխանությունը: Չենք կարող այդ անել: Անգամ եթե չվստահենք կառավարությանը, դա չենք անի»,- արձագանքեց Ալեքսանդր Սուշկոն: «Միգուցե, մեր որոշ գործընկեր-կազմակերպություններ ներգրավված էին դրանում, բայց նրանք քաղաքացիական հասարակության անդամներ են և իրենց ընտրությունն են կատարել: Սակայն մեր հիմնադրամի համար դա անընդունելի կլիներ»։
Այս ամենի ֆոնին` ԱՄՆ-ում որոշ քաղաքական գործիչներ փորձում են հերքել իրենց կապը Ջորջ Սորոսի և նրա ընտանիքի հետ։ Օրինակ, գալիք նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին իբր կլորիկ գումար է վճարել «Wikipedia» հարթակին՝ Ջորջի եղբոր՝ Փոլ Սորոսի հիմնադրամից 12 տարի առաջ ստացած կրթաթոշակի մասին տեղեկությունը հեռացնելու համար։
Ջորջ Սորոսի հիմնադրամների կառավարումը օրերս պաշտոնապես փոխանցվել է նրա որդուն՝ Ալեքսին։ Քննադատներն անմիջապես անցան Սորոսի-կրտսերին։
«Անգամ չեմ էլ մտաբերում՝ քանի՞ տարեկան է նա, քսա՞ն, երեսո՞ւն: Քանի՞ հանդիպում է ունեցել Բայդենի հետ, ով իրականում չի կարողանում աչքերը բաց պահել երկու վայրկյանից ավելի։ Ինչի՞ համար են այդ բոլոր հանդիպումները: Ի՞նչ է այդ հանդիպումների ժամանակ քննարկվել։ Ինչո՞ւ Բայդենը հանդիպեց նրա հետ. Ո՞վ է այդ տղան՝ Սորոսի զավակը»,- վրդովված է Ժակլին Տոբորոֆը։
Հայտնի է, որ Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամը» սկսել է իր գործունեությունը 1997 թվականին և մինչև օրս ավելի քան 63 միլիոն դոլարի ծրագրային աջակցություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, հետաքննող լրագրողներին, իրավապաշտպանների, ընտրություններն ու հանրային ծախսերը մշտադիտարկող կազմակերպությունների:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ հիմնադրամն ավելի քան մեկ միլիոն դոլար հատկացրեց՝ հրատապ աջակցություն տրամադրելու խոցելի խմբերին։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո հիմնադրամն 535 հազար դոլարի աջակցություն ցուցաբերեց պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը։
Հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ևս բազմիցս քննադատության է ենթարկվել՝ հատկապես ազգայնական շրջանակների կողմից: Երևանում գրասենյակի առջև անցկացվել են բողոքի ակցիաներ, եղել են նաև դատական հայցեր՝ գրասենյակը փակելու պահանջով:
2022 թվականին դեկտեմբերին «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը» հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը: Նույն ամսին՝ նրա հիմքի վրա ստեղծվեց «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը», որը «հավատարիմ է մնում բաց հասարակության արժեքներին ու գաղափարներին»։