Պենտագոնը հավատարիմ է մնում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն, քանի որ այն պաշտպանվում է ռուսական ագրեսիայից: Գերատեսչույունը ընդգծել է նաև, որ միաժամանակ պահպանվելու է ԱՄՆ զինված ուժերի մարտունակությունը:
Այս մասին հայտարարել է ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը։
Բանակի ձեռքբերման, լոգիստիկայի և տեխնոլոգիաների հարցերով նախարարի տեղակալ Դուգլաս Բուշն ասաց, որ ԱՄՆ-ը բազմակողմ մոտեցում է ցուցաբերում կարևորագույն ակտիվների արտադրությունն ընդլայնելու համար:
«ԱՄՆ բանակը կշարունակի հաջողությամբ մեծացնել իր պաշարները՝ ԱՄՆ բանակը պատրաստակամությունը պահպանելու և այն պատրաստ պահելու համար: Միաժամանակ կշարունակվեն բոլոր անհրաժեշտ մատակարարումները մեր դաշնակից Ուկրաինային», - ասել է նա։
Բուշի խոսքով՝ այդ աշխատանքն իրականացվում է «միջազգային թիմի շրջանակներում»։
2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժման սկզբից ի վեր, Բայդենի վարչակազմը ավելի քան 43 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային անվտանգության ոլորտում։
Օժանդակությունը ներառում է ավելի քան 2000 «Սթինգեր» զենիթահրթիռային համալիրներ, ավելի քան 10 հազար «Ջավելին» տեսակի հակատանկային հրթիռային համալիրներ և ավելի քան 2 միլիոն 155 մմ տրամաչափի հրետանային արկեր։
Բուշն ասել է, որ ներկայումս ԱՄՆ-ն արտադրում է ամսական 24 հազար արկ, իսկ հաջորդ տարի պլանավորում է հասնել ամսական 80 հազար արկի մակարդակին։
«Ընդհանուր առմամբ, մեր թիմը լավ է գործում», - ասել է Բուշը: «Մենք արդիականացնում ենք մեր արդյունաբերական բազան և մեծացնում արտադրությունը»։