Մատչելի հղումներ

Եվրամիությունը երկարաձգել է «Ozempic» դեղամիջոցի ուսումնասիրությունը


Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը («EMA») երեքշաբթի հայտարարել է, որ երկարաձգել է շաքարախտի դեմ նախատեսված «Novo Nordisk»-ի «Ozempic» և քաշի կորստի համար օգտագործվող «Saxenda» դեղամիջոցների ուսումնասիրությունը` հիմք ընդունելով այն հաղորդագրությունները, թե այդ դեղամիջոցները ինքնասպանություն գործելու հակումներ, մտքեր են առաջացնում։

Գործակալությունը սկսեց իր հետաքննությունը հուլիսի 3-ին, երբ Իսլանդիայի Առողջապահության նախարարությունը բարձրաձայնեց հաղորդագրությունների մասին, թե «Novo Nordisk»-ի դեղամիջոցն օգտագործելուց հետո, որոշ հիվանդներ սկսել են մտածել ինքնասպանության մասին, մյուսները` ինքնավնասման։

Ինքնասպանության մասին մտքեր են առաջացել, երբ մարդիկ օգտագործել են քաշի կորստի հանգեցնող դեղամիջոցներ:

Քաշի կորստի համար նախատեսված «Sanofi»-ի «Acomplia» դեղամիջոցը, որը կիրառման համար այդպես էլ չի գրանցվել ԱՄՆ-ում, Եվրոպայում հանվել էր վաճառքից 2008 թվականին, քանզի կապ էին տեսել այդ դեղամիջոցի օգտագործման և ինքնասպանություն գործելու մտքերի առաջացման միջև:

Երեքշաբթի «EMA»-ն հայտնեց, որ կուսումնասիրի դեղերի մի ողջ դաս, որը հայտնի է «GLP-1» անվամբ և որոնք հագեցվածության զգացում են առաջացնում ընդունումից հետո: Գործակալության տվյալներով, դեղերի քննությունը կավարտվի նոյեմբերին։

Արտադրող ընկերության` «Drugmaker Eli Lilly»-ի բաժնետոմսերը ընկել են 3,1%-ով: Նույն կազմակերպության արտադրած և շաքարախտի դեմ նախատեսված «Trulicity» դեղը նույնպես պատկանում է նշված դասին։

Քննության ներքո է նաև քաշը կորցնելու համար նախատեսված «Novo Nordisk»-ի «Wegovy» դեղամիջոցը, որը պարունակում է «semaglutide» ակտիվ բաղադրիչ:

«GLP-1» դասի այլ դեղամիջոցներից են «Sanofi»-ի «Suliqua»-ն և «AstraZeneca»-ի «Bydureon»-ը: Երկուսն էլ Եվրոպայում գրանցված են 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար։

«Sanofi»-ը արձագանքել է, թե չունի որևէ ապացույց, որ «GLP-1» դասի իր դեղերի օգտագործումը պատճառ է հանդիսանում, որպեսզի մարդկանց մոտ առաջանան ինքնասպանություն գործելու մտքեր։ Այնուամենայնիվ, ընկերությունը նույնպես հետաքննություն է սկսել և պատրաստ է իր մոտ առկա ողջ տեղեկատվությունը տրամադրել Դեղամիջոցների եվրոպական գործակալությանը։

«Eli Lilly»-ն և «AstraZeneca»-ն առայժմ չեն արձագանքել «Reuters»-ին:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությանը ուսումնասիրում է «GLP-1» դեղամիջոցները՝ նաև պարզելու, թե արդյոք դրանք կարող են վահանաձև գեղձի քաղցկեղ առաջացնել։

XS
SM
MD
LG