Ռուսաստանի ներխուժման հետևանքով ողջ Ուկրաինայում ավերվել են հարյուր հազարավոր տներ, դպրոցներ, հիվանդանոցներ, գործարաններ և հասարակական նշանակության շենքեր:
Դաշտերն ականապատ են, ճանապարհներն ու երկաթգծերը՝ խափանված։ Վերջերս պայթեցվեց Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակը՝ աղետալի հետևանքներով:
Համաշխարհային բանկի գնահատմամբ, Ուկրաինայի վերականգնումը կարժենա 411 միլիարդ դոլար, ինչը երեք անգամ գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքը:
Համաժողովում ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին․ «Այս պահին աշխարհում չկա մի վայր, ուր անհրաժեշտ լինի կառուցել և վերակառուցել այնքան օբյեկտներ, որքան Ուկրաինայում: Ռուսական ագրեսիայի յուրաքանչյուր նոր օրը նոր ավերածություննր է պատճառում»։
Համաժողովում Եվրամիությունը խոստացել է լրացուցիչ 55 միլիարդ դոլար վարկեր և դրամաշնորհներ տրամադրել: Մեծ Բրիտանիան՝ 3 միլիարդ դոլար, իսկ Միացյալ Նահանգները՝ ևս 1,3 միլիարդ դոլար, որը կուղղվի Ուկրաինայի վնասված էներգետիկ համակարգի և տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնմանը:
«Վերականգնման նպատակն է Ուկրաինան դարձնել ապահով, անկախ երկիր՝ լիովին ինտեգրված Եվրոպայի հետ, կապակցված աշխարհի շուկաներին՝ դնելով բարգավաճման հիմքերը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նման ներդրումներ կատարելու խոստումները լավ սկիզբ են, բայց ավելին պետք կգա՝ ասում է վերլուծաբան Օրիսիա Լուցևիչը. «Ինչպես նաև այն, ինչ մենք լսել ենք արտգործնախարարներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և Իտալիայից, որ Ուկրաինան լինելու է Եվրամիության անդամ: Իսկ դա շատ ուժեղ ազդանշան է մասնավոր հատվածին»։
Համաժողովում ուրվագծվել է Ուկրաինայի նոր՝ ժողովրդավարական ապագայի ծրագիրը․ խոսքը միայն նյութական կորուստների վերականգնման մասին չէ։
«Այս պատերազմից Ուկրաինան պետք է դուրս գա՝ ստեղծելով ավելի ուժեղ հասարակություն, ավելի լավ կառավարություն, ավելի ժամանակակից տնտեսություն, քան պատերազմից առաջ էր։ Սա ուկրաինացիների համար այն գինն է, որը նրանք վճարել են և շարունակում են վճարել: Մարդիկ ցանկանում են համոզվել, որ կա արդարություն և կոռուպցիայի դեմ պայքար, և որ քաղաքացիներն ու համայնքները ներգրավված կլինեն տեղերում վերականգնողական ծրագրերի ձևավորմանը»,- ասել է Օրիսիա Լուցևիչը։
Ռուսաստանի ներխուժման հետևանքով շարունակում են աճել մարդկային ու տնտեսական կորուստները: Ուկրաինան շարունակում է պայքարը ռուսական ուժերի դեմ, նույնիսկ երբ ծրագրում է նոր ապագա։