Մատչելի հղումներ

Բայդենը ողջունել է Ստոլտենբերգի լիազորությունները ևս մեկ տարով երկարաձգելու ՆԱՏՕ-ի որոշումը


ԱՄՆ նախագահի խոսքով, դաշինքն այժմ «ավելի ուժեղ, ավելի միասնական և նպատակասլաց է, քան երբևէ»։

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ողջունել է ՆԱՏՕ-ի որոշումը՝ ևս մեկ տարով երկարաձգել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունները՝ ռազմաքաղաքական կառույցի փորձառու ղեկավարրին պահելով պաշտոնում մի ժամանակ, երբ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմն է։

Նորվեգիայի նախկին վարչապետ Ստոլտենբերգը ղեկավարում է անդրատլանտյան դաշինքը 2014 թվականից։ Նրա լիազորությունները երկարաձգվել են երեք անգամ։

«Ուժեղ առաջնորդության, փորձի և ողջախոհության շնորհիվ` գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն առաջնորդել է մեր դաշինքն Երկրորդ աշխարհամարտից ի վեր եվրոպական անվտանգության առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերների միջով»,- Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով, ՆԱՏՕ-ն այժմ «ավելի ուժեղ, ավելի միասնական և նպատակասլաց է, քան երբևէ»։

«Ակնկալում եմ` շարունակել աշխատանքը [ՆԱՏՕ-ի] գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ՝ հաջորդ շաբաթ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում և հաջորդ տարի Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի 75-րդ տարեդարձին նվիրած գագաթնաժողովին` դաշինքի հետագա ամրապնդման նպատակով»,- նշել է Բայդենը:

Թվիթերյան գրառմամբ Ստոլտենբերգն արձագանքել է, թե իր պաշտոնավարման ժամկետը մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը երկարաձգելու որոշումը մեծ պատիվ է իր համար։

Նրա անմիջական գործառույթներից է վերահսկողությունը ՆԱՏՕ-ի ուժերի վերափոխման նկատմամբ, որպեսզի դաշինքը պատրաստ լինի ռուսական ցանկացած հարձակմանը։

Ստոլտենբերգը նաև պետք է զբաղվի ալյանսում տարաձայնությունների հաղթահարմամբ, և համակարգելու է դաշինքի ներգրավվածությունը տարբեր տարածաշրջաններում:

XS
SM
MD
LG