Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթի հատկացման մասին։ Այս անգամ խոսքը հակաօդային պաշտպանության հրթիռների, հեռահար անօդաչու սարքերի մասին է։
Այս հայտարարությունից ընդամենը երկու օր առաջ Բեռլինը տեղեկացրել էր, որ պատրաստվում է Կիևին տրամադրել ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Գերմանիայի ամենաընդարձակ ռազմական օժանդակությունը։
Ուկրաինական սպասվող հակահարձակմանն ընդառաջ դաշնակիցների ցուցաբերած օգնության ֆոնին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը զգուշացրել է Չինաստանին՝ ձեռնպահ մնալ Մոսկվային ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելուց՝ հիշեցնելով, որ աշխարհը Ռուսաստանին համարում է ագրեսոր։
«Դեռ չենք նկատել, որ Չինաստանը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին, բայց գիտենք, որ քննարկումները շարունակվում են: Այն շատ լուրջ որոշում կլինի Պեկինի կողմից, ինչը կազդի ոչ միայն Չինաստանի հետ մեր հարաբերությունների, այլև աշխարհում Պեկինի հեղինակության վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան։
Պաշտոնյաները շարունակում են պնդել, թե Կիևը նախապատրաստվում է հակահարձակման։
«Առաջնագծում անկայուն իրավիճակ է։ Կարծում եմ, Ուկրաինան ունի հակահարձակում իրականացնելու կարողություն, բայց նաև գիտենք, որ Ռուսաստանն ունի զգալի կարողություն՝ դիմադրություն ցույց տալու»,- շարունակել է Ջոանան։
Ռազմական փորձագետները գտնում են, ուկրաինական պատերազմի առաջիկա ամիսները որոշիչ են լինելու՝ առավելությունը քանակի՞ կողմն է, թե՞ որակի:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերի նշել է․ «Ռուսները կենտրոնանալու են քանակի վրա՝ ավելի մեծ թվով զորակոչիկների վրա, որոնք լավ պատրաստված չեն, հին զենքերով, սակայն մեծաքանակ են: Ուկրաինացիները կենտրոնանում են որակի վրա՝ արևմտյան սպառազինության և պատրաստության վրա: Սա է տարբերությունը»:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Քրիստոֆեր Քավոլիի խոսքով, թեև ուկրաինական զինուժը լրջորեն ընկճել է ռուսական բանակը, Մոսկվայի օդային, ծովային և կիբեր ուժերը շարունակում են պահպանել իրենց մարտունակությունը՝ հիմնականում մնալով անվնաս:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ դաշինքը հավատարիմ է Ուկրաինային՝ ընդգծելով. «Առաջնահերթությունը Ուկրաինային օգնելն է, որպեսզի այն հաղթի այս պատերազմում»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, թե Կիևը նպատակ ունի հետ վերցնել ուկրաինական գրավված ողջ տարածքները՝ խոստանալով, սակայն, հարձակումը չտեղափոխել Ռուսաստանի տարածք։