Մատչելի հղումներ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում ԵՄ-ն ներառել է նաև Հայաստանում գրանցված ձեռնարկություններ


ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը՝ Ուկրաինայի դեմ Մոսկվայի սանձազերծած պատերազմի պատճառով:

Այս մասին տեղեկացնող Եվրահանձնաժողովի մամլո հաղորդագրությունում նշված է, որ փաթեթը կապահովի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների ավելի արդյունավետ կիրառումը՝ «հաշվի առնելով անցած տարվա ընթացքում` պատժամիջոցների իրագործման արդյունքում քաղած դասերը»:

Փաթեթը ներառում է մի շարք առանցքային տարրեր. Բրյուսելը գործի է դնում պատժամիջոցների շրջանցմանը հակազդող նոր գործիքակազմ, որը թույլ կտա Եվրամիությանը սահմանափակել պատժամիջոցների ներքո գտնվող ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը այնպիսի երրորդ երկրներ, որոնց օրենսդրությունը շարունակում է հարմարավետ և ռիսկային լինել պատժամիջոցների շրջանցման համար:

Փաթեթն ընդլայնել է զգայուն ապրանքների ցանկը (օրինակ` առաջադեմ տեխնոլոգիաներ, ավիացիայի հետ կապված սարքավորումներ), որոնց նկատմամբ գործում է տարանցման արգելքը և որոնք երրորդ երկրների միջոցով արտահանվել են Ռուսաստան։

Եվրահանձնաժողովի հաղորդմամբ, պատժամիջոցների նոր ցանկում են ընդգրկվել 87 ձեռնարկություններ, որոնք ուղակիորեն աջակցում են Ռուսաստանի զինված ուժերին և ռազմաարդյունաբերական համալիրին:

Դրանց նկատմամբ կսահմանվեն արտահանման ավելի խիստ սահմանափակումներ` երկակի նշանակության ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների գծով:

Ռուսաստանյան և իրանական կազմակերպությունների կողքին ցանկում տեղ են գտել ձեռնարկություններ Չինաստանից, Ուզբեկստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սիրիայից և Հայաստանից:

Եվրամիության թիրախում են հայտնվել մոտ յոթ տասնյակ անձինք, որոնց Բրյուսելը պատասխանատու է համարում ուկրաինացի երեխաների անօրինական տարհանման համար, ինչպես նաև 30 կազմակերպություններ, որոնք շրջանցել են գործող պատժամիջոցները։

Եվրահանձնաժողովի համաձայն, եվրոպական պատժամիջոցները զգալիորեն սահմանափակել են Մոսկվայի քաղաքական և տնտեսական հնարավորությունները՝ Կրեմլի համար ստեղծելով լուրջ ֆինանսական խնդիրներ, որոնք թուլացնում են Ռուսաստանի արդյունաբերական և տեխնոլոգիական կարողությունները:

Ըստ Բրյուսելի, պատժամիջոցները հետապնդում են երեք հիմնական նպատակ` նվազեցնել Ռուսաստանի ռազմական հնարավորությունները, հետևաբար` կարողությունները շարունակել ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ, զրկել Կրեմլին եկամուտներից, որոնցով ֆինանսավորում է պատերազմը, և մեծացնել ծախսերը Ռուսաստանի տնտեսության համար:

Բրյուսելի համոզմամբ, ժամանակի ընթացքում պատժամիջոցների ազդեցությունը միայն աճում է, քանի որ դրանք ակնհայտորեն քայքայիչ հետևանքներ են ունենում Ռուսաստանի արդյունաբերական և տեխնոլոգիական կարողությունների համար։

XS
SM
MD
LG