Մատչելի հղումներ

Պուտինն ու «38 դիպուկահարները»


Փորձագետները՝ ռազմական բլոգերների և «Telegram»-յան ալիքների հեղինակների հետ Պուտինի հանդիպման մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեի ելույթը բլոգերների, «Telegram»-յան ալիքների հեղինակների և ռազմական թղթակիցների հետ հանդիպմանը լայն արձագանք է ստացել ռուսաստանյան սոցցանցերում և լրատվամիջոցներում։ Բազմաթիվ մեկնաբանների խոսքով, իրականությունից կտրված լինելու և փաստերին չհամապատասխանելու առումով Պուտինի այս վերջին հայտարարությունները գերազանցել են նրա նախկին բազմաթիվ «ռեկորդները»։

Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, ասել է, որ Ուկրաինայի զինուժի ամառային հարձակման ժամանակ ուկրաինացիների կորուստները տասն անգամ գերազանցել են ռուսական կողմի կորուստներին։ Անկախ փորձագտեներին չի հաջողվել գտնել այդ թվերը հաստատող որևէ փաստ։

Տարօրինակ էր նաև նախագահի խոսքը «հատուկ ռազմական գործողության» նպատակների մասին, ինչպես Ռուսաստանի իշխանություններն անվանում են Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Թեև Պուտինի ներկայացմամբ, նպատակներն անփոփոխ են, սակայն իրականությունն այլ է։

Պուտինի պնդմամբ, գրեթե ողջ Նովոռոսիան «ազատագրվել է» ռուսական զինուժի կողմից։ Սա խիստ վրդովեցրել է Պետդումայի նախկին պատգամավոր Վիկտոր Ալկսնիսին, ով նախագահին հիշեցրել է, որ այդ կազմավորումը ժամանակին ներառում էր Խարկովից մինչև Օդեսա ընկած Ուկրաինայի տարածքները։

Հայտնի իրավաբան Ելենա Լուկյանովայի բնորոշմամբ, Պուտինի ելույթը նման էր խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի ելույթներին, եթե հաշվի չառնենք առոգանությունը։

Հանդիպմանը Պուտինին ուղղվել են մի շարք այլ հարցեր, որոնց նա պարզապես չի պատասխանել։

Բլոգեր և սոցիալական հոգեբան Ալեքսեյ Ռոշչինի խոսքով, խնդիրները, որոնց լուծմանն էր ուղղված Պուտինի հանդիպումը, բազմաթիվ են, և հանդիպման նպատակներից էր ի ցույց դնել, որ Պուտինը լիովին գործունակ է։

«Սա կարևոր է, քանզի վերջին շրջանում նա հազվադեպ էր հայտնվում հանրության առջև, ինչը շատ հարցեր է առաջացրել»,- «Ամերիկայի Ձայնին» փոխանցել է Ռոշչինը։

Ըստ բլոգերի, Կրեմլը ցանկանում է ցույց տալ, որ Պուտինը քաջատեղյակ է «հատուկ ռազմական գործողության» ընթացքից, քանի որ վերջին շրջանում Ռուսաստանի ղեկավարը քննադատության է ենթարկվում անգամ «հավատարիմ հայրենասերների» կողմից և խնդիրների է բախվել հասարակական կարծիքի տեսանկյունից՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Պուտինին սկսել են կոչել «գերագույն ոչ հրամանատար»։

Ալեքսեյ Ռոշչինի խոսքով, ակնհայտ է՝ այս խնդիրների շուրջ Կրեմլում առկա մտահոգությունն էր պատճառը, որ Պուտինը ռազմական հրամանատարների հետ հանդիպումից առաջ այցելեց զինվորական հոսպիտալ և զրուցեց վիրավոր զինվորների հետ։ «Այդ ամեը, իհարկե, տեսախցիկների առջև։ Շատերը համարում են, որ այն փորձ էր հասնել [Ուկրաինայի նախագահ] Վլադիմիր Զելենսկուն, ով անընդհատ մեկնում է առաջնագիծ»։

Սակայն հիմնական հարցն է, թե որքանով է Պուտինին հաջողվել հասնել ցանկալի արդյունքի։ «Այս առումով իրավիճակն ավելի վատ է. Պուտինն այլևս չի կարողանում գլուխ հանել իր առջև դրված «PR» խնդիրներից, թեև նախկինում նրան հաջողվում էր այդ անել։ Ծիծաղելի տեսք ուներ, երբ սկսեց պատմել, թե ինչպես էր նստած ուղղաթիռում, երբ սուրում էին լուսածրող գնդակները և այլն։ Սա ինձ հիշեցրեց Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինին՝ իր հայտնի «38 դիպուկահարներով», որի մասին խոսում էին նրա կարիերայի հետագա տարիներին։ Պուտինը ծերանում է, և թաքցնել չի կարող։ Չէ՞ որ նախկինում իրեն միշտ ներկայացնում էր որպես Ելցինի հակապատկեր։ Անգամ չեմ ցանկանում խոսել այն մասին, թե փաստերից ու իրականությունից հեռու որքան շատ բան կար նրա խոսքում»:

«38 դիպուկահարների» մասին Բորիս Ելցինը խոսել է, երբ 1996 թվականին մեկնաբանում էր Սալման Ռադուևի գլխավորած չեչեն գրոհայինների կողմից Պերվոմայսկոյե գյուղի գրավումը։ Թե Ռուսաստանի նախագահը որտեղից էր վերցրել այդ թիվը, տակավին հայտնի չէ:

«Խաղաղություն։ Առաջընթաց։ Մարդու իրավունքներ» նախաձեռնության անդամ, լրագրող Օլեգ Ելանչիկի խոսքով, վաղուց է, ինչ հանրային միջոցառումների ժամանակ Պուտինը որևէ նոր կամ անսպասելի բան չի ասում։

«Նման քանակությամբ «ռազմական թղթակիցներ» և քարոզիչներ էր ժողովել, որպեսզի, հավանաբար, ընդգծի նրանց կարևորությունը, բարձրացնի նրանց կարգավիճակը և ստանա նրանց աջակցությունը»,- «Ամերիկայի Ձայնին» փոխանցեց Ելանչիկը՝ շարունակելով․ «Այս պահին Պուտինի համար ամենադժվար խնդիրը ծայրահեղ «Z-հայրենասիրական թևի» հետ խոսելն է, որը հիմնականում բաղկացած է ռազմական բլոգերներից և նրանց լսարանից, և որը, մեղմ ասած, հիասթափված է, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» արդյունքներից»։

XS
SM
MD
LG