Մատչելի հղումներ

SIPRI. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ավելացրել են բացազատված միջուկային մարտագլխիկների թիվը


Աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ միջուկային տերությունները ընդլայնում են իրենց զինանոցները և արդիականացնում սպառազինությունը։

Ըստ Ստոկհոլմում գործող Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) փորձագետների, 2022 թվականին՝ նախորդ տասը տարվա համեմատ, մեր մոլորակում անվտանգությունն ավելի խոցելի է դարձել:

Աշխարհում շատացել են պատերազմները, ավելացել ռազմական ծախսերը, սրվել պարենային անվտանգության խնդիրները՝ ասված է SIPRI-ի՝ երկուշաբթի հրապարակված տարեկան զեկույցում։

Փորձագետներն առանձնացնում են Ռուսաստանի շարունակվող պատերազմն Ուկրաինայի դեմ, որը սաստկացրել է առճակատումը խոշոր տերությունների միջև և «թուլացրել սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը»։

Հրապարակման համաձայն, աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ՝ միջուկային տերությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Իսրայելը, ավելացնում են բացազատված միջուկային մարտագլխիկների թիվը և շարունակում արդիականացնել իրենց միջուկային զինանոցները:

ԱՄՆ-ն և Ռուսաստանը տիրապետում են աշխարհի միջուկային սպառազինության գրեթե 90%-ին՝ նշված է զեկույցում։ Մոտ 2 հազար մարտագլխիկներ, որոնցից գրեթե բոլորը պատկանում են Ռուսաստանին և ԱՄՆ-ին, գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում:

Չինաստանը մեծացրել է իր միջուկային զինանոցը՝ 350 մարտագլխիկից հասցնելով 410-ի: SIPRI-ն նշում է, որ չինական բալիստիկ հրթիռների թիվը մինչև տասնամյակի ավարտ կարող է հավասարվել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի բալիստիկ հրթիռների քանակին:

Ֆրանսիան շարունակում է երրորդ սերնդի բալիստիկ հրթիռներով զինված միջուկային սուզանավի ստեղծման աշխատանքները։ Հնդկաստանը և Պակիստանը ընդլայնում են իրենց միջուկային զինանոցները և շարունակում են աշխատանքները միջուկային մարտագլխիկները «տեղ հասցնելու» նոր միջոցների մշակման ուղղությամբ՝ ասված է զեկույցում։ Հյուսիսային Կորեան 2022 թվականին միջուկային փորձարկումներ չի իրականացրել, սակայն ավելի քան 90 փորձնական հրթիռներ է արձակել։

Զեկույցում նաև նշված է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսության դադարեցման մասին։ Ռուսաստանը, որը Ուկրաինայի դեմ պատերազմում սպառնացել է միջուկային զենք կիրառել, փետրվարին հայտարարեց, թե դադարեցնում է մասնակցությունը «START-3» պայմանագրին: Միացյալ Նահանգները նույնպես դադարեցրել է Ռուսաստանին ծանուցումներ ուղարկել՝ համաձայն պայմանագրի:

Ըստ զեկույցի, 2022 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են երկու տրիլիոն երկու հարյուր միլիարդ դոլարը՝ SIPRI-ի կողմից երբևէ գրանցված ամենաբարձր թիվը:

Ռազմական ծախսերի նման աճի վրա, անկասկած, իր ազդեցությունն ունեցավ ուկրաինական պատերազմը։ Ռազմական բյուջեի մեծությամբ առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն՝ 877 միլիարդ դոլար, որը համաշխարհային պաշտպանական ծախսերի 39%-ն է։ Եվրոպան գրանցել է ռազմական ծախսերի ամենաարագ աճը` տարեկան 13%, ինչը Հին աշխարհի համար ռեկորդային ցուցանիշ է Սառը պատերազմի ավարտից ի: Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանի պաշտպանական ծախսերն անցած տարի աճել են մոտ 9,2%-ով՝ հասնելով 86,5 միլիարդ դոլարի։ Ուկրաինայի սեփական ռազմական ծախսերն աճել են ավելի քան չորս անգամ՝ հասնելով 44 միլիարդ դոլարի, և այս ցուցանիշը SIPRI-ի կողմից երբևէ գրանցված պաշտպանական ծախսերի ամենաբարձր աճն է:

XS
SM
MD
LG