Մատչելի հղումներ

Նյու Յորքում օդի որակը վտանգավոր է. պատճառը՝ Կանադայի անտառային հրդեհների ծուխն է


Կանադայի արևմտյան նահանգներում անտառային հրդեհները սովորական բնույթ են կրում, սակայն այս տարի հարյուրավոր հրդեհներ են բռնկվել նաև երկրի արևելյան նահանգներում՝ Նոր Շոտլանդիայում, Քվեբեկում և Օնտարիոյում: Առաջացած ծուխը պատել է Նյու Յորքն ու այլ նահանգներ՝ հարկադրելով տեղի իշխանություններին ահազանգել օդի որակի մասին:

Մարդկանց խորհուրդ է տրվել սահմանափակել բացօթյա տարածքներում գտնվելը, շնչառական խնդիրներ ունեցողներին՝ դիմակ կրել։

Կանադան, կարծես, բախվել է անտառային հրդեհների ռեկորդային քանակի: Քանզի ծուխը սահմաններ չի ճանաչում, Նյու Յորքի և ԱՄՆ հյուսիսային շատ այլ քաղաքների երկինքը միատար մոխրագույն է: Մարդկանց խոսքով, վառվող փայտի հոտն ամենուր է:

Նյու Յորքի համալսարանի Հանրային առողջության դպրոցի պրոֆեսոր, շրջակա միջավայրի մասնագետ Ջեք Կարավանոսը կոչ է արել բնակիչներին սահմանափակել իրենց ժամանակը դրսում՝ զգուշացնելով, որ մթնոլորտի մանր մասնիկները կարող են դժվարացնել շնչառությունը, վտանգել առողջությանը:

«Հանգիստ պահեք ձեր թոքերը: Մի՛ արեք որևէ բան, ինչի հետևանքով ձեր շնչառությունը կծանրանա»,- խորհուրդ է տվել Կարավանոսը:

Ըստ միջազգային «IQ Air» կայքի, առավոտվա տվյալների համաձայն, օդի աղտոտվածության ցուցանիշով Նյու Յորքը աշխարհում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Քաղաքի հանրային դպրոցները շարունակում են գործել, թեև բացօթյա միջոցառումները՝ ներառյալ ավարտական հավաքույթները չեղարկվել են, հետաձգվել կամ տեղափոխվել փակ տարածքներ:

Անտառային հրդեհների ծուխը կարող է հանգեցնել սրտի կաթվածի, ինսուլտի, ասթմայի և շնչառական այլ հիվանդությունների:

XS
SM
MD
LG