Մատչելի հղումներ

Պետարտքի շեմը բարձրացնելու գործարքը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից


ԱՄՆ-ի կողմից դեֆոլտից խուսափելու ջանքերը տեղափոխվել են Սենատ: Չորեքշաբթի ուշ երեկոյան Ներկայացուցիչների պալատը հաստատեց պետպարտքի հետ կապված փոխզիջման օրինագիծը:

Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը և Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը հայտարարել են, որ հույս ունեն, որ օրինագիծը առաջիկա օրերին կստանա Սենատի հավանությունը, որպեսզի ուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության համար:

Օրինագիծը ընդունվել է Ներկայացուցիչների պալատում 314-117 կողմ ձայներով՝ չնայած հանրապետականների առարկություններին, ովքեր պնդում էին, որ ծախսերի կրճատումը բավականաչափ չէ մինչ ըստ դեմոկրատների դրանք չափազանց շատ են:

Չորեքշաբթի օրը կայացած քվեարկությանը հաջորդած հայտարարության մեջ Բայդենը համաձայնագիրն անվանեց որպես «երկկուսակցական փոխզիջում»:

«Այն պահպանում է վերջին երկու տարիների հիմնական առաջնահերթությունները և ձեռքբերումները, ներառյալ պատմական ներդրումները, որոնք աշխատատեղեր են ստեղծել ողջ երկրում»,- նշել է նախագահը:

Մաքքարթին լրագրողներին հայտնել է, որ օրինագծի ընդունումը «հեշտ պայքար չէր»: Նա քննադատել է դեմոկրատներին, ովքեր ցանկանում են տարանջատել ծախսերի մասին բանավեճը պարտքի սահմանաչափը կասեցնելու որոշումից։

«Մենք առաջին տեղում դրել ենք Ամերիկայի քաղաքացիներին, և դա չենք արել հեշտ ճանապարհով», - նշել է Մաքքարթին: Նա հավելել է, որ ապագայում պատրաստվում է ավելի շատ ջանքեր գործադրել դաշնային ծախսերը կրճատելու համար:

Այժմ ըստ Սենատ ուղարկվող օրինագծի պետական պարտքի ընդհանուր աճը հաջորդ մեկուկես տարվա ընթացքում կարող է ավելանալ ևս 3 տրիլիոն դոլարով կամ ավելի:

Հոդվածը պատրաստվել է Associated Press, Agence France-Presse և Reuters լրատվականների նյութերի հիման վրա:

XS
SM
MD
LG