Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքպարտքի սահմանաչափն առայժմ չի ավելացվի


Նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսի առաջնորդները երեքշաբթի կայացած հանդիպմանը համաձայնության չեն եկել երկրի պետպարտքի վերին շեմի բարձրացման շուրջ: Եթե առաջիկա մի քանի շաբաթներին համաձայնություն ձեռք չբերվի, պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ն դեֆոլտ կհայտարարի՝ ֆինանսական ցնցում առաջացնելով ողջ աշխարհում:

Նախագահ Ջո Բայդենը փորձում է հանդարտեցնել միջազգային ֆինանսական շուկաներում առաջացած տագնապը՝ պայմանավորված ԱՄՆ պետպարտքի շուրջ ստեղծված իրավիճակով։ Պատմության մեջ առաջին անգամ երկիրը կարող է դեֆոլտի առջև կանգնել։

«Մեր հանդիպման ժամանակ հասկացրեցի, որ դեֆոլտ հայտարարելը տարբերակ չէ»,- Կոնգրեսի ղեկավարների հետ հանդիպումից հետո ասել է նա։

Բայդենը հանդիպել է Կոնգրեսի առաջնորդների հետ՝ փորձելով ելք գտնել ամիսներ շարունակվող փակուղային իրավիճակից, ինչը կառավարության թույլ կտա շարունակել բնականոն աշխատանքը՝ վերստին պարտք վերցնել ծախսերի համար:

Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Քևին Մաքքարթին հրաժարվել է ընդառաջ գնալ պետպարտքի սահմանաչափի բարձրացման հարցում, քանի դեռ նման քայլը չի զուգորդվել պետական ծախսերի կրճատմամբ:

«Ներկայացուցիչների տունը պատրաստակամ է բարձրացնել պետպարտքի սահմանաչափը։ Սակայն միաժամանակ պետք է կրճատել ծախսերը, ապահովել տնտեսական աճ։ Նախագահին պարզ հարց տվեցի՝ արդյոք նա չի՞ կարծում, որ կան տեղեր, որտեղ մենք կարող ենք խնայողություններ անել»,- ասել է Մաքքարթին։

ԱՄՆ-ի պետպարտքի վերին շեմի բարձրացման շուրջ համաձայնության չհասնելը կարող է ոչ միայն հանգեցնել տնտեսական անկման, այլև ցնցումներ առաջացնել համաշխարհային ֆինանսական շուկայում՝ զգուշացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիեռը. «Դեֆոլտն աշխարհում անորոշություն կստեղծի ամերիկյան դոլարի շուրջ, ինչն իր հերթին կհանգեցնի [մեր] արժույթի, ֆինանսական և ապրանքային շուկաների անկայունությանը, որոնց գները դոլարով են»:

ԱՄՆ-ի տնտեսությունն աշխարհում ամենամեծն է, իսկ դոլարը աշխարհի թիվ մեկ պահուստային արժույթն է:

Ըստ վերլուծաբանների, եթե Վաշինգտոնը չկարողանա սպասարկել իր պետպարտքը, ԱՄՆ գանձապետական պարտատոմսեր ունեցողները կսկսեն վաճառքի հանել դրանք, ինչը կհանգեցնի պարտատոմսերի տոկոսադրույքների բարձրացմանը (այսինքն, ԱՄՆ-ն կկարողանա պարտք վերցնել միայն ավելի բարձր տոկոսադրույքով) և դոլարի թուլացմանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին փոխտնօրեն, այժմ Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի անդամ Դեզմոնդ Լախմանը նշել է․ «Եթե ԱՄՆ-ում տոկոսադրույքները բարձրանան, ապա կբարձրանան մնացած բոլոր տոկոսադրույքները: Սա ցնցում կառաջացնի»։

ԱՄՆ գանձապետական պարտատոմսերն ավանդաբար համարվում են ամենաապահովը ներդրումների համար: Չնայած ստեղծված իրավիճակին, Պետքարտուղարության նախկին գլխավոր տնտեսագետն ասում է, որ երկրները և ներդրողները չպետք է չափից դուրս անհանգստանան Միացյալ Նահանգների հնարավոր դեֆոլտի առնչությամբ: Հայդի Կրեբո-Ռեդիկերի խոսքով, խնդիրը վճարելու պատրաստակամության մասին է, ոչ թե վճարելու կարողությունը:

Այս խնդրի լուծման նպատակով ԱՄՆ նախագահն ու Կոնգրևեսի ղեկավարները կրկին կհանդիպեն ուրբաթ օրը:

XS
SM
MD
LG