Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դրական է գնահատել Քիշնևում հնգակողմ ձևաչափով կայացած հանդիպումը՝ իր ու Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ: Ավարտին՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իր մասնակցությամբ հաջորդ եռակողմ հանդիպումը Փաշինյանի ու Ալիևի հետ տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում:
«Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ Բրյուսելում [մայիսի 14-ին] քննարկված բոլոր թեմաներին: Քննարկել ենք սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար», - նշել է Միշելը:
Նրա խոսքով, այն վկայում է կողմերի քրտնաջան աշխատանքի մասին:
Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ մտադիր են աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր ջանքերին:
«Ցանկանում եմ նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին հրավիրել հանդիպման՝ հոկտեմբերի 5-ին Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում։ Սա նշանակում է, որ մենք՝ Եվրամիության կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք ավելի շոշափելի առաջընթաց ապահովել կարգավորման ուղղությամբ»,- ընդգծել է Միշելը:
Ըստ Հայաստանի կառավարության հաղորդագրության, «հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր»:
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը սահմանափակվել է սոսկ կարճ տեղեկությամբ. «Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել ոչ պաշտոնական հանդիպում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնի միջև»:
Հիշեցնենք, որ նախքան քիշնևյան հանդիպումը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, թե հանդիպումը կվերահաստատի կողմերի քաղաքական կամքը՝ կարգավորելու խնդիրները:
«Շաբաթներ առաջ [մայիսի 14-ին] հանդիպման հնարավորություն եմ ունեցել երկու առաջնորդների հետ Բրյուսելում: Մենք գրանցեցինք որոշակի առաջընթաց: Հուսով եմ, այս հանդիպումն էլ կդառնա երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու մեր ընդհանուր քաղաքական կամքի վերահաստատում»,- ասել էր Միշելը:
Հիշեցնենք, մայիսի 30-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հույս էր հայտնել, թե քիշնեևյան բանակցությունները կանցնեն արդյունավետ: Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, մասանվորապես, հայտարարել էր. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ այն արդյունավետ քայլ կլինի այս խնդիրները բանակցային սեղանի շուրջ, ոչ թե բռնությամբ կարգավորելու համար։ Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալում տեղ գտած բռնության շարունակմանը։ Կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»: