Մատչելի հղումներ

Հայաստան-Ադրբեջան համաձայնությունը կրկին հարցականի տակ է. փորձագետներ


Փորձագետները խոսում են Բաքվի և Երևանի միջև ընթացող բանակցությունների անորոշ հեռանկարի մասին։

Հայաստանը մտադիր չէ հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ այս մասին երկուշաբթի՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քիշնևում նախատեսված է հնգակողմ հանդիպում՝ ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։

Ըստ Փաշինյանի, Երևանը Բաքվից չի ստացել հակամարտության կարգավորման իր առաջարկների չորրորդ փաթեթի պատասխանները։

Այնինչ, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը նախօրեին հանդես եկավ այլ հայտարարությամբ, թե Քիշնևում հնարավոր է կնքվի խաղաղության պայմանագիր։

Փորձագետները քննարկում են Բաքվի և Երևանի բանակցությունների անորոշ հեռանկարները
please wait

No media source currently available

0:00 0:06:25 0:00

Հայաստանի վարչապետը նաև անբավարար է համարել մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքները՝ Պուտինի ու Ալիևի հետ։

Ավելի վաղ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե վերջնականապես պարզ դառնա, որ կազմակերպությունն ի զորու չէ պաշտպանել դաշինքի անդամ-պետությունների տարածքային ամբողջականությունը՝ համաձայն իր գլխավոր առաքելության։

Փորձագետների մեկնաբանությունները

«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը հետ զրույցում քաղաքագետ Արկադի Դուբնովը հիշեցնում է՝ վերջին շրջանում Փաշինյանը բազմիցս է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման հնարավորության մասին։ Այն սենսացիա չէ։

Դուբնովը շարունակում է՝ Հայաստանի վարչապետը խոսում է 1991 թվականի սահմանների ճանաչման մասին՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, ինչն ինքնին նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։

Ըստ քաղաքագետի, այդ մասին երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են դեռևս Պրահայում՝ այս տարվա ապրիլին, բայց Փաշինյանն, իհարկե, պայման է դնում հարգել ղարաբաղահայության իրավունքները՝ կարևորելով նրանց անվտանգության ապահովման միջազգային երաշխիքների առկայությունը, քանի որ վտանգ կա՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող Ղարաբաղում կարող են սկսվել էթնիկ զտումներ։

Դուբնովը եզրակացնում է՝ պարզ է, որ փոխարենը Բաքուն պարտավորվում է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Սակայն լրատվամիջոցները գրում են, թե դատելով մոսկովյան հանդիպման համեստ արդյունքներից՝ դեռ վաղ է խոսել կայացած պայմանավորվածության մասին, և հստակ չէ՝ արդյո՞ք Բաքուն ցանկություն և մտադրություն ունի բավարարել Երևանի պահանջները։

Մյուս կողմից, Հայաստանում ընդդիմությունն ակտիվորեն հանդես է գալիս Փաշինյանի դեմ՝ նրա հայտարարությունները որակելով «ազգային դավաճանություն»՝ շարունակում է Արկադի Դուբնովը։ Սակայն, նրա կարծիքով, Փաշինյանի ընդդիմախոսներն ի վիճակի չեն օրինական ճանապարհով հասնել վարչապետի պաշտոնանկությանը, քանզի նրա կուսակցությունն խորհրդարանում մեծամասնություն ունի, և Փաշինյանի իշխանազրկումը հնարավոր է միայն փողոցային պայքարի՝ ըստ էության, հեղափոխության միջոցով։

Վերլուծաբանի խոսքով, այսօր չկան այն պայմանները, որ կարող են հանգեցնել 2018 թվականի իրադարձություններին, որոնց արդյունքնում վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։

Դուբնովն ընդգծում է, թե ընդդիմությունն ի վիճակի չէ մարդկանց դուրս բերել փողոց, և հիշեցնում, որ նման տարբերակն արդեն փորձարկվել է․ «Խոսելով ավելի լայն համատեքստում՝ [կարող ենք ասել, որ] հայերը շատ են հոգնել պատերազմի մշտական սպառնալիքից։ Հետևաբար, Ղարաբաղի անկախության նկատմամբ հետաքրքրությունը (անկախ այն հանգամանքից՝ այն Հայաստանի մաս է, թե ոչ) նկատելիորեն նվազել է հայաստանյան հանրության շրջանում։ Փաշինյանի գործողությունների հիմքում սա է։ Նա անկեղծորեն բացել է բոլոր խաղաքարտերը։ Ուստի, կարծում եմ, որ պետք չէ ակնալել որևէ լուրջ, հատկապես զինված դիմադրություն Փաշինյանին։ Եթե, իհարկե, հաշվի չառնենք իրադարձությունների զարգացման ամենադաժան սցենարները՝ ընդհուպ մինչև վարչապետի ֆիզիկական ոչնչացում»։

Քաղաքագետը շարունակում է՝ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու հարցն, իրոք, օրակարգում է: Դուբնովի կարծիքով, այդ խոսքերը նախևառաջ աղմուկ բարձրացնելու համար են. «Երևանում կարծում են, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր գործառույթները, չի ապահովում հանրապետության անվտանգությունը։ Ավելին, կազմակերպությունը չկարողացավ [անգամ] քաղաքական գնահատական տալ հայաստանյան տարածքի ուղղությամբ Ադրբեջանի ընդլայնմանը։ Եթե այդպես է, Երևանին այլ ելք չի մնում, քան քննարկել Հայաստանի անվտանգության հարցերն արևմտյան գործընկերների հետ, որոնք ի վիճակի են այս առումով որոշակի երաշխիքներ տալ»։

Եթե Փաշինյանն իսկապես հայտարարի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին, իսկ խորհրդարանը սատարի վարչապետին, ապա այն կվերացնի Երևանի պարագայում գործող արգելքը, ըստ որի ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունները չեն կարող ռազմական ենթակառուցվածքներ հիմնել Հայաստանում՝ պնդում է Դուբնովը։ Նա հավելում է՝ Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմակայանի հայտնվելու հավանականությունը մղձավանջ կդառնա Կրեմլի համար, քանզի Մոսկվան մեծապես կկորցնի իր ազդեցությունը Երևանի նկատմամբ։ Սակայն չպետք է մոռանալ, որ Գյումրիում է ռուսական 102-րդ ռազմակայանը՝ Թուրքիայի հետ սահմանին, և այդ ռազմակայանի դուրսբերման հեռանկարը իրատեական չէ, քանի որ ի հայտ կգա խնդիրների մի ողջ հանգույց։

Այդուհանդերձ, մոսկովյան հանդիպման ժամանակ ՀԱՊԿ-ի թեման ընդհանրապես չի քննարկվել, համենայն դեպս՝ հրապարակայնորեն՝ փոխանցում է փորձագետը։

«Հնարավո՞ր է, որ Մոսկվա մեկնելուց առաջ Փածինյանի կտրուկ խոսքերը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարկադրեցին Կրեմլին անվտանգության կոնկրետ երաշխիքներ տալ Երևանին։ Դժվար է ասել։ Հավանաբար, Քիշնևում հունիսի 1-ին պարզ կդառնան գործընթացի որոշ մանրամասներ, բայց ոչ այն աստիճանի, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել, թե խաղաղության պայմանագիրն այլևս պատրաստ է ստորագրման»,- ամփոփում է Արկադի Դուբնովը։

Փաշինյանը համաձայնության չի եկել Բաքվի հետ, սակայն, իրոք, համաձայնության հասնելու ակտիվ փնտրտուքի մեջ է՝ ասում է Տարտուի համալսարանի Արևելագիտության կենտրոնի վերլուծաբան Բորիս Դոլգինը։ Նրա խոսքով, Հայաստանի վարչապետի հայտարարության պատճառն այն է, որ Երևանում կարծում են, թե առաջիկայում Հայաստանի համար իրավիճակի բարելավում չի սպասվում։

«2020 թվականին [ադրբեջանա-հայկական պատերազմի ժամանակ] Ռուսաստանը փաստացի չաջակցեց Երևանին, թեև դեր խաղաց պատերազմի ավարտի հարցում»,- հիշեցնում է «Ամերիկայի Ձայն»-ի զրուցակիցը․ «Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Մոսկվայի դիրքերը սկսեցին թուլանալ ոչ միայն հետխորհրդային տարածքում, և այդ միտումը, կարծես, կշարունակվի նաև ապագայում։ Փաշինյանը իրական շանսեր չունի՝ բանակցել Բաքվի հետ [հայկական կողմի] համար լավագույն պայմաններով: Հետևաբար, Երևանը բանակցում է բոլոր հնարավոր միջնորդների օգնությամբ՝ տարբեր վայրերում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում»։

ՀԱՊԿ-ի մասին Երևանում հնչած բավականին կոշտ հայտարարությունները միանգամայն բնական են և նպատակ են հետապնդում փոխել իրավիճակը՝ ընդգծում է Դոլգինը և հավելում, թե միաժամանակ, Փաշինյանը չի խզում կապերը Ռուսաստանի հետ: Նա Մոսկվա էր ժամանել մայիսի 9-ին՝ աշխարհի համար ոչ այդքան ընդունելի միջոցառմանը: Հայաստանի վարչապետը փորձում է խաղալ կողմերի հակասությունների վրա։

Դոլգինը հիշեցնում է՝ 2020 թվականի զինադադարի համաձայն, Լեռնային Ղաչաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը ժամկետ ունի։

«Ամենայն հավանականությամբ, Բաքուն կխնդրի նրանց այնտեղից շուտ հեռանալ։ Հետևաբար, Հայաստանն այժմ փորձում է նախպատրաստվել Ղարաբաղից ռուսական ուժերի հեռանալուն։ Սակայն Մոսկվան դեռևս լծակներ կունենա Երևանի նկատմամբ [ազդեցություն բանեցնելու համար]։ Օրինակ՝ պակաս ուշադրություն դարձնել Լաչինի միջանցքի անվտանգության հարցերին, խնդիրներ ստեղծել Ռուսաստանում գործող հայաստանյան բիզնեսի համար, ինչպես Վրաստանի դեպքում էր, սակավ միջնորդել Ադրբեջանի հետ բանակցություններում: Այս առումով գործիքակազմը մեծ է: Այլ հարց է, որ մի իրավիճակում, երբ Ռուսաստանը թուլացած է, այդ միջոցառումների արդյունավետությունը կարող է շատ ավելի քիչ լինել, քան, ասենք, տասը տարի առաջ»,- եզրակացնում է Դոլգինը։

XS
SM
MD
LG