Ուկրաինայի նախագահի հայտարարությունը հաջորդել է ռուսական լայնածավալ հարձակմանը, որի ժամանակ կիրառվել են իրանական անօդաչուներ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել, ըստ որի Կիևը 50 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանելու Իրանի նկատմամբ՝ կիրակի հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
Ուկրաինան պնդում է, որ Թեհրանը սպառազինություն և հարյուրավոր անօդաչուներ է մատակարարում Մոսկվային։
«AFP»-ին ներկայացրել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանիի արձագանքը, թե այդ «կեղծ պնդումները» իսլամական հանրապետության դեմ «համահունչ է Իրանի դեմ տարվող քարոզչական և լրատվական պատերազմին»։
«Այդ ամենի նպատակը արևմտյան երկրներից հնարավորինս շատ ռազմական և ֆինանսական օգնություն ստանալն է»,- հավելել է Քանանին։
Եթե Ուկրաինայի խորհրդարանն ընդունի օրինագիծը, Կիևը կդադարեցնի իրանական ապրանքների տարանցումը և Թեհրանի նկատմամբ կսահմանի առևտրային, ֆինանսական և տեխնոլոգիական պատժամիջոցներ։
Կիրակի Կիևը հայտարարել էր, որ պատերազմի բռնկումից ի վեր՝ նախորդ գիշեր ռուսական զինուժը ամենալայնածավալ գրոհն էր իրականացրել Ուկրաիայի դեմ՝ կիրառելով իրանական արտադրության 54 անօդաչուներ։ Ուկրաինացիների փոխանցմամբ, սարքերից 52-ը ոչնչացվել են։
Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել են երեքը։
«Հաջողվել է կանխել ավերածությունների մեծ մասը և փրկել բազում մարդկանց կյանքեր, որոնք կարող էին խլել «Շահեդները»,- նշել է Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում:
Անօդաչուներով իրականացված ռուսական այդ հարձակումը թվով 16-րդն էր այս ամսվա ընթացքում։ Այն տեղի ունեցավ, երբ Կիևում նշում էին Քաղաքի օրը։
«Կիևը՝ ազատ և խիզախ մարդկանց այս քաղաքը, դարձել է Ուկրաինայի աննկուն ոգու և Կրեմլի ձախողված կայսերական նկրտումների խորհրդանիշը»,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։