ԵՄ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ կարգավորման՝ թվիթերյան գրառման մեջ նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Մենք կշարունակենք նպաստել նրանց համատեղ ջանքերին, գրել է Միշելը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցությունների արդյուքում:
Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով հանդիպման արդյունքները։
Ըստ Շառլ Միշելի՝ կայացել է «բաց, անկեղծ ու արդյունքին միտված քննարկում»։ «Նրանք կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Առաջնորդները կիսում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Ես բարձր եմ գնահատում նրանց համապատասխան ջանքերը։ Միասին մենք վերանայել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը»,- հայտարարել է Միշելը։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջերս կայացած դրական բանակցություններից հետո պետք է պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու թափը։
«Սահմանային հարցերում մենք վերանայել ենք առաջընթացը և սահմանի սահմանազատման հետ կապված հաջորդ քայլերը։ Այս համատեքստում ղեկավարները պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման շուրջ։ Առաջնորդները վերահատատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Նա նաև նշել է, որ կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ «Այս թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումներն արդեն միմյանց մոտ են, մասնավորապես Նախիջևանի հետ և այդ հատվածով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում։ «Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է վերջնական տեսքի բերել համաձայնագիր երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանների և համատեղ շինարարական աշխատանքների մասին՝ կոնկրետ գրաֆիկով։ Նրանք նաև պայմանավորվել են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից այս աշխատանքի համար»,- ասել է Շառլ Միշելը:
Անդրադառնալով հումանիտար հարցերին՝ Միշելն ընդգծել է, որ եղել է հասկացվածություն, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք։ «Ես նաև ընդգծել եմ փոխհասկացվածության պահպանման անհրաժեշտությունն առ այն, որ զինծառայողները, որոնք պարզապես մոլորվել և հակառակ կողմ են անցել, արագացված կարգով կշարունակեն ազատ արձակվել։ Մենք նաև քննարկել ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու և ականազերծման աշխատանքներն ակտիվացնելու կարևորությունը»,- ասել է Միշելը։
Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտարարել է, որ շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի վերաբերյալ։ «Ես Ադրբեջանին կոչ եմ արել միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել պոզիտիվ օրակարգ՝ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է ԵԽ նախագահը։
Շառլ Միշելը հավելել է, որ կարևոր է թշնամական հռետորաբանությունից զերծ մնալը, բարեխիղճ գործելը, ինչպես նաև առաջնորդություն դրսևորելը փոխընդունելի լուծումների հասնելու համար։ «Մենք թաքնված պլաններ չունենք։ Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և արդար խաղաղության։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ նրանց համատեղ ջանքերում։ Մենք պայմանավորվել ենք Բրյուսելում հանդիպումներ անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Ղեկավարները կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին։ Եվ, ինչպես արդեն հրապարակային հայտարարվել է, ամենամոտ ժամկետներում մենք կրկին կհանդիպենք նախագահ Էմանուել Մակրոնի և կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության երկրորդ գագաթնաժողովի հարթակում։ Ես մտադիր եմ նաև ղեկավարներին հրավիրել մասնակցել նմանատիպ ևս մեկ հանդիպման Եվրոպական քաղաքական հանրության երրորդ գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերին Գրանադայում»,- եզրափակել է Միշելը։