Մատչելի հղումներ

«Ռուսաստանը ազատվելու է». Կարա-Մուրզանը «դավաճանության համար» դատապարտվել է 25 տարվա ազատազրկման


Կրեմլի բացահայտ քննադատ Վլադիմիր Կարա-Մուրզան երկուշաբթի օրը Մոսկվայի դատարանի կողմից դատապարտվեց 25 տարվա ազատազրկման, որն իր տեսակի մեջ ամենախիստ դատավճիռն է դավաճանության հարցով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց ի վեր:

Երեք երեխաների հայր և ընդդիմադիր քաղաքական գործիչ 41-ամյա Կարա-Մուրզան ունի և՛ ռուսական և՛ բրիտանական անձնագրեր: Նա տարիներ շարունակ քննադատել է նախագահ Վլադիմիր Պուտինին և լոբբինգով արևմտյան կառավարություններին հորդորելով՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

Պետական դատախազները, նրան մեղադրում էին դավաճանության և ռուս զինվորականներին վարկաբեկելու մեջ: Նա բազմիցս քննադատել է Մոսկվյի կողմից Ուկրաինայում սկսած «հատուկ ռազմական գործողություն»-ը:

Ձերբակալությունից ժամեր առաջ, CNN-ին տված հարցազրույցում, Կարա-Մուրզան պնդել էր, որ Ռուսաստանը ղեկավարվում է «մարդասպանների ռեժիմի» կողմից։

Անցյալ շաբաթ դատարանում իր վերջին ելույթում, Կարա-Մուրզան իր սեփական դատավարությունը համեմատել էր 1930-ականների Իոսիֆ Ստալինի ցուցադրական դատավարությունների հետ և հրաժարվել էր դատարանի առաջ արդարացնել իրեն՝ ասելով.

«Հանցագործները պետք է զղջան իրենց արածի համար։ Սակայն, ես բանտում եմ իմ քաղաքական հայացքների համար։ Գիտեմ, որ կգա այն օրը, երբ մեր երկրում խավարը կվերանա»։

Անցյալ տարվա փետրվարին Ուկրաինա տասնյակ հազարավոր զորքեր ուղարկելուց անմիջապես հետո, Ռուսաստանը հասարակության մեջ այլախոհների ձայները լռեցնելու համար բազում օրենքներ մտցրեց:

Երկրում ներկայումս բանակը «վարկաբեկելը» կարող է պատժվել մինչև հինգ տարվա ազատազրկմամբ, մինչդեռ դրա մասին կանխամտածված կեղծ տեղեկություններ տարածելը՝ 15 տարվա։

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:
XS
SM
MD
LG