Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի աշխատակից Ջեք Թեյքսերան մնում է կալանքի տակ։ Նրան առնվազն երկու մեղադրանք է սպառնում գաղտնի պետական փաստաթղթերի արտահոսքի վերաբերյալ քրեական գործի շրջանակում:
Այն, ինչը հանգեցրել է երիտասարդ աշխատակցի կասկածելի գործողություններին, պետք է մանրակրկիտ հետաքննվի, ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը ABC-ի «This Week»-ի եթերում:
«Ես ապշած եմ, որ այդ աստիճանի աշխատակիցը կարող է այդքան մեծ արտոնություն ունենալ փաստաթղթերին մուտք ունենալու հարցում: Հարցն այն է, թե ինչպես է նա ստացել նման արտոնություն և ինչու է դա արել: Եվ սրա պատճառով որոշ մարդկանց պետք է ազատել աշխատանքից»,- պնդում է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:
Գրեհեմը նախազգուշացրել է Բայդենի վարչակազմի քննադատներին՝ չգովաբանել ենթադրյալ արտահոսքն իրականացնողին:
«Այսօր այլ վայրերում ծառայող զինվորականներ կան, որոնց ավելի մեծ վտանգ է սպառնում այս օդային ուժերի ռազմակայանի աշխատակցի գործողության պատճառով: Սա ոչ մի արդարացում չունի։ Կոնգրեսի ցանկացած անդամ շատ անպատասխանատու կվարվի, եթե պնդի, որ նորմալ է գաղտնի տեղեկատվության արտահոսքը: Դրանով Ամերիկան լուրջ վտանգի տակ է դրվում»,- ասում է սենատորը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը Վիետնամ կատարած կարճատև այցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը համագործակցել է իր դաշնակիցների հետ՝ արտահոսքից հետո:
«Մենք անվտանգության մեր գործընկերությանը հստակորեն ընդգծել ենք հետախուզուկամն տվյալների պահպանման վերաբերյալ մեր հանձնառությունը և հավատարմությունը: Այն, ինչ ես մինչ այժմ լսել եմ, երախտագիտություն է մեր ձեռնարկված քայլերի համար, և դա չի ազդել մեր համագործակցության վրա»,- պնդում է պետքարտուղարը:
Բլինքենն այժմ Ճապոնիայում է, ուր կհանդիպի «Մեծ Յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ:
Որոշ վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ ԱՄՆ հետախուզական տեղեկատվության արտահոսքը կարող է ստվերել բանակցությունները: Ակնկալվում է, որ նրանք կկենտրոնանան թեժ թեմաների վրա, ինչպիսիք են Ուկրաինայի պատերազմը և Չինաստանի ու Թայվանի միջև լարվածությունը:
«Կարծում եմ, այս անգամ G-7-ը կանգնած է փորձության առջև, թե արդյոք այն կարող է դուրս գալ տնտեսական ֆորում լինելու սահմաններից և դառնալ անվտանգության նոր խորհրդատվական մարմին»,- նշում է Ewha կանացի համալսարանի վերլուծաբան Փարկ Վոն Գոնը:
Եռօրյա բանակցությունները, որոնք սկսվել են աշխատանքային ընթրիքով, տեղի են ունենում հաջորդ ամիս Հիրոսիմայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովից առաջ:
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Վերոնիկա Բալդերաս Իգլեսիասի նյութի հիման վրա