Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) հայտնել է, որ ռուսական ներխուժումից ի վեր կարողացել է հաստատել 8490 ուկրաինացի խաղաղ բնակիչների մահվան դեպքերը, չնայած իրական զոհերի թիվը շատ ավելի մեծ է:
Բացի այդ, հաստատվել է նաև 14244 խաղաղ բնակիչների վիրավորվելու փաստը։
«OHCHR-ը կարծում է, որ իրական թվերը շատ ավելի մեծ են, քանի որ որոշ վայրերից, որտեղ ինտենսիվ մարտեր են տեղի ունեցել, տեղեկատվությունը հետաձգվում է: Բազում հաղորդումներ դեռ սպասում են հաստատման», - նշված է OHCHR-ի հայտարարության մեջ: «Դա վերաբերում է, օրինակ, Մարիուպոլին, Լիսիչանսկին, Պոպասնային և Սևերոդոնեցկին, որտեղ կան հաղորդումներ բազմաթիվ քաղաքացիական զոհերի մասին։
Զոհվածների մեծ մասը սպանվել է ուկրաինական կառավարության կողմից վերահսկվող և ռուսական զորքերի կողմից հարձակման ենթարկված տարածքներում։ Միայն Դոնեցկի և Լուգանսկի մարզերում կատաղի մարտերի հետևանքով զոհվել է 3927 խաղաղ բնակիչ:
Ապրիլի առաջին 9 օրերի ընթացքում, ՄԱԿ-ի փորձագետները հաստատել են 44 խաղաղ բնակիչների մահը: Նրանցից բոլորը, բացառությամբ մեկի, զոհվել են «լայն հեռավարությամբ պայթուցիկ զենքերի հետևանքով»:
Երկուշաբթի օրը Կիևը և Մոսկվան իրականացրել են գերիների լայնածավալ փոխանակում: 106 ռուս ռազմագերիներ փոխանակվել են 100 ուկրաինացիների հետ։ Երկու կողմերն էլ զեկուցել են փոխանակման մասին: Գերիների փոխանակումն այն եզակի ոլորտներից է, որտեղ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շփումները դեռ շարունակվում են:
Վերջին փոխանակման մանրամասները կողմերի հայտարարություններում չեն բացահայտվել։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ ազատված ուկրաինացիների թվում են Մարիուպոլ քաղաքի և, մասնավորապես, Ազովստալ մետալուրգիական գործարանի պաշտպանները: Ռազմագերիների բուժման ուկրաինական համակարգող շտաբը նշում է, որ Ուկրաինա վերադարձած 80 տղամարդ և 20 կին զինվորականների մոտ հիսուն տոկոսը «լուրջ վիրավորվել են, հիվանդացել կամ ենթարկվել են խոշտանգումների»:
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: