Մատչելի հղումներ

ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Թոմասի «սիրելի ընկերների» կողմից ֆինանսավորվող ուղևորությունները


ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Քլարենս Թոմասը ուրբաթ օրը խոսել է տասնամյակների ընթացքում իր կատարած ճամփորդությունների մասին, որոնք նրա համար ֆինանսավորվել է անշարժ գույքի մագնատ և հանրապետական դոնոր Հարլան Քրոուն: Ըստ նրա, «դաշնային կանոնների համաձայն» իրենից չէր պահանջվում հաղորդել այս տեսակի «անձնական ճամփորդությունների մասին»:

Հայտարարության մեջ Թոմասը հավելել է, որ միշտ հետևում է ուղեցույցներին:

Հինգշաբթի օրը ProPublica-ն զեկուցեց, որ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորը տարիներ շարունակ ընդունել է Քրոուի կողմից իրեն նվիրված թանկարժեք ուղևորությունները , չնայած դաշնային օրենքին, որն այժմ պահանջում է բացահայտել ստացած նվերների մեծ մասը:

«(Գերագույն) դատարանում իմ պաշտոնավարման սկզբում իմ գործընկերները և դատական համակարգի մյուս անդամներն ինձ ասացին, որ մտերիմ անձնական ընկերների հյուրընկալությունը, ովքեր գործ չունեին Դատարանի առջև, ենթակա չէ զեկուցման։ », - նշել է Թոմասը:

Մեջբերելով Դատական համաժողովի նոր ուղեցույցները, Թոմասը հավելել է.

«Իհարկե, իմ մտադրությունն է հետևել այս ուղեցույցներին ապագայում»:

Արդեն քանի տարի է նմանատիպ հարցեր են բարձրացվում ուղևորությունների և նվերների այլ տեսակների հետ կապված բացահայտման թույլ կանոնների վերաբերյալ: Օրենսդիրների և դատական թափանցիկության ջատագովների հորդորով ընդունված նոր կանոնակարգերի համաձայն, ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորները և դաշնային դատավորները այժմ պարտավոր են ավելի մանրամասն հրապարակել ցանկացած անվճար ուղևորությունների, սննդի կամ նվերների մասին: Սակայն Կոնգրեսի դեմոկրատներն ավելի մեծ խստություն են պահանջում դատական ճյուղում էթիկայի պահանջների հետևմանը:

Իր հայտարարության մեջ Թոմասն ասել է, որ ինքը և իր կինը՝ Վիրջինիա «Ջիննի» Թոմասը, Հարլան և Քեթի Քրոուներին վաղուց արդեն դասում են իրենց ամենամոտ ընկերների շարքին:

«Արդեն ավելի քան քառորդ դարի ընթացքում, որ ճանաչում ենք միմյանց, մենք նրանց հետ մի շարք ընտանեկան ճամփորդությունների ենք մեկնել», - հավելել է Թոմասը:

ProPublica-ին տված հայտարարության մեջ Քրոուն հայտնել է, որ ինքը «երբեք չի ցանկացել ազդել դատավոր Թոմասի վրա որևէ իրավական կամ քաղաքական հարցում»:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG