Անցած շաբաթ Ռուսաստանը մեղադրել է Ադրբեջանին Մոսկվայի միջնորդությամբ եռակողմ հրադադարը խախտելու մեջ՝ նշելով, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հատել են շփման գիծը: Ռուսական կողմը շեշտել է, որ ռուս խաղաղապահները «միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են կանխելու էսկալացիան և փոխադարձ սադրանքները»:
Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել էր Լեռնային Ղարաբաղում «էսկալացիայի շատ բարձր ռիսկի» մասին։ Հայաստանը նաև մեղադրել էր ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանության ձախողման մեջ:
Նման մեղադրանքներ Երևանի կողմից Մոսկվայի հասցեին հնչել են բազմիցս վերջին շրջանում, հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո: Երևանը պնդում է, որ Մոսկվան չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր վրա դրված պարտավորւոյւնները, որով պետք է ապահովի անվտանգություն Լեռնային Ղարաբաղում: Մոսկվան էլ պնդում է հակառակը, որ իր խաղաղապահներն արդյունավետորեն իրականացնում են իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում:
Ռուսաստանը ցույց է տվել, որ միջազգային պայմանագրերը և իր կողմից ստանձնած պարտավորությունները ոչինչ չեն նշանակում իր համար, Ամերիկայի ձայնի հետ զրույցում նշում է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան: Մոսկվան մշտապես խախտում է դրանք, պնդում է կոնգրեսականը՝ նշելով՝ վերջին օրինակներից է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, որի արդյունքում նախագահ Պուտինը դարձել է պատերազմական հանցագործ:
«Ես չունեմ մեծ հույսեր, որ 2400 ռուս զինվորականներից բաղկացած զորախումբը կարող է խաղաղության համաձայնագրի ազնիվ միջնորդ հանդիսանալ: Ողջունելի և լավ կլիներ, եթե նրանք կատարեին իրենց պարտավորությունները, բայց այսօր ես չունեմ մեծ հավատ Ռուսաստանի հանդեպ»,- պնդել է Կոստան:
Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը իր վերջին հոդվածներից մեկում մատնանշել է Երևանի և Մոսկվայի հարաբերություններում առկա ճգնաժամը: Ըստ նրա՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը բաց տեքստով իր դժգոհություն է հայտնում Ռուսաստանից Հայաստանի ռազմական և տնտեսական կախվածության վերաբերյալ: «Նա հրապարակայնորեն կասկածի տակ է դնում Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օգտակարությունը, որի մաս է կազմում Հայաստանը՝ չնայած Մոսկվայից հնչած դժգոհությանը և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպառնալից խոսքերի»: Բացի այդ վերլուծաբանը շեշտում է, որ Փաշինյանը բազմիցս դիմել է արևմտյան գործընկերներին և այժմ հասել է Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայմանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկու տարի ժամկետով, որն առաջացրել է ՌԴ ԱԳՆ-ի դժգոհությունն այս հարցի շուրջ»:
ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի կարծիքով այսօր Ռուսաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում, որը մղում է Երևանին վերանայել իր արտաքին քաղաքական ուղեգիծը: Դրա հետ մեկտեղ կոնգրեսականը կոչ է անում զգուշորեն մոտենալ այս հարցին:
«Հայաստանը պետք է զգուշ լինի, քանի որ այստեղ են տեղակայված ռուսական զորքերը և ռազմակայանը։ Հայաստանը գտնվում է դժվար տարածաշրջանում և շրջապատված է, իմ կարծիքով, իր նկատմամբ ոչ այնքան բարեկամ երկրներով: Նույնիսկ ռուսներն այնքան էլ բարեկամ երկիր չեն: Կարծում եմ՝ Երևանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը որոշակի փոփոխությունների ենթարկել, քանի որ Ռուսաստանի անվտանգության երաշխիքները իրականում չեն գործում»,- ասում է Փալոնը:
Հայկական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական Սեթ Մագազիները ևս շեշտում է՝ Հայաստանը գտնվում է մարտահրավերներով լի տարածաշրջանում: Նա գտնում է, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալը որպես ժողովրդավարական դաշնակից, որի հետ Վաշինգտոնը կիսում է ընդհանուր արժեքներ:
«Հայաստանը մշտապես կաշկանդված է իր գործողություններում՝ հաշվի առնելով այն տարածաշրջանը, որում այն գտնվում է: Կարծում եմ, որ նրանք ջանքեր են գործադրում հավասարակշռել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ»,- ասում է Մագազիները:
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում վերջին օրերին ավելի մեծ լարվածություն ի հայտ եկավ, երբ օրերս ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, թե Միջազգային քրեական դատարանի կանոնագիրքը համապատասխանում է Հայաստանի մայր օրենքին՝ փաստորեն ճանապարհ հարթելով դեպի Հռոմի ստատուտի վավերացում Հայաստանի խորհրդարանում։ Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը քայլեր էր ձեռնարկել դեռևս անցած տարվա դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ վերջերս Հաագայի Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ուկրաինացի երեխաներին անօրինական դեպորտացիայի ենթարկելու մեղադրանքով։ Մոսկվան «վրդովվեցնող և անընդունելի» է որակել դատարանի որոշումը՝ շեշտելով, որ չի ճանաչում Հաագայի դատարանի իրավասությունը:
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արուսիկ Ջուլհակյանը ողջունում է Սահմանադրական դատարանի որոշումը և հույս հայտնում, որ գործադիր մարմինը Հռոմի կանոնադրությունը կներկայացնի խորհրդարանի վավերացմանը: Հռոմի կանոնադրության վավերացման հարցում նա կարծում է, որ Հայաստանը պետք է առաջնորդվի իր սեփական պետական շահերով, այլ ոչ թե երրորդ երկրների: Նրա խոսքով՝ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը ՀՀ կառավարությունը նախաձեռնել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին, որի պատճառն էր, ըստ պատգամավորի, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան ընդդեմ Հայաստանի, որն ուղեկցվում էր ռազմական հանցագործություններով:
«Ես որպես պատգամավոր ունեմ իմ դիրքորոշումը և կարծում եմ, որ ՀՀ պետք է վավերացնի այդ կանոնադրությունը, որպեսզի մենք կարող լինենք դիմել Միջազգային քրեական դատարան և պատերազմական հանցագործներին անհատական սանկցիաների ենթարկելու միջոցով փորձենք հասնել արդարության հաստատմանը»,- ասում է նա:
Ռուսաստանը կոշտ արձագանքեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Երևանի միանալու նախաձեռնությունը՝ այն որակելով անընդունելի: Դրա մասին հաղորդեց ռուսական մամուլը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրներին՝ շեշտելով, որ Մոսկվան զգուշացրել է Երևանին «չափազանց բացասական» հետևանքների մասին երկկողմանի հարաբերություններում, եթե վավերացվի Հռոմի ստատուտը:
Բացասական այդ հետևանքները կարծես թե չեն ուշանում: Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ից արգելվում է հայկական կաթնամթերքային ապրաքների մատակարարումը Ռուսաստան, քանի որ ՌԴ ֆիտոսանիտարական վերահսկողության պետական մարմինը՝ Ռոսսելխոզնադզորը, ուսումնասիրել է հայկական երկու ընկերության կաթնամթերքի որակն ու հայտնաբերել իրանական ծագման հումք, որն արգելված է Ռուսաստանում։ Չնայած նրան, որ ռուսական գերատեսչության այս որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Հռոմի կանոնադրության վերաբերյալ տրված գնահատականից օրեր անց՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հերքել է, որ Մոսկվայի կողմից մտցվող այս արգելքն ունի քաղաքական դրդապատճառ։
Օրերս հայտնի դարձավ, որ այս հարցի շուրջ Երևանի ու Մոսկվայի միջև ընթանում է երկխոսություն բարձր մակարդակի վրա: ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան առանց մանրամասներ հայտնելու նշել է, որ Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի հնարավոր վավերացման հարցը քննարկվում է Մոսկվայի ու Երևանի միջև բարձր մակարդակում։ «Ենթադրում ենք, որ այս հարցը կկարգավորվի դաշնակցային ու փոխընդունելի ձևով»,- ասել է Զախարովան։
Իսկ կիրակի երեկոյան Երևանն ազդարարեց հետքայլ Հռոմի ստատուտի վավերացման հարցում: ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը 1in.am-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանն այսօր Հռոմի ստատուտի արագ վավերացման կարիք չունի: Նա «աբսուրդ է» որակել խոսակցույունը, որ Հայաստանը կարող է ձեերբակալել ՌԴ նախագահ Պուտինին:
«Մենք մեզ պահել ենք որպես դաշնակից ու ՌԴ-ի դեմ որևիցե քայլ չենք արել։ Ինչու պետք է ՀՀ-ն իր վրա վերցնի այդ բեռը, դա աբսուրդ է։ Մենք մեզ միշտ պահել ենք դաշնակցի պես ու ճիշտ ենք եղել։ Թույլ ենք տալիս մեզ նաև քննադատել ՌԴ որոշ գործողություններ ու դիրքորոշումներ, որոնք մեզ համար անհասկանալի են։ Իմ հետ շփումների մեջ ՌԴ ղեկավար անձինք ստատուտի վերաբերյալ նման հարց չեն բարձրացրել։ ՀՀ-ն մշտապես իրեն պարկեշտ է պահել։ Ես կարծում եմ, որ դրա վավերացման արագ անհրաժեշտությունը Հայաստանն այսօր չունի։ Ճիշտ է, մենք դժգոհ ենք որոշ հարցերում ՌԴ-ից, բայց այսօր նման քայլը ճիշտ չենք համարում»,- ասել է ԱԺ խոսնակը:
Հիշեցնենք, որ վավերացման դեպքում Հայաստանի իրավապահները կպարտավորվեր ձերբակելել Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս այցելեր Հայաստան։ Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հանդես գալով ԱՄՆ Սենատում լսումներին, ի պատասխան սենատոր Լինդսի Գրեհեմի հարցերին, Միջազգային քրեական դատարանի անդամ եվրոպական երկրներին կոչ է արել ձերբակալել Պուտինին, եթե վերջինս մուտք գործի իրենց տարածք:
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր, որը դատարանի մասնակից անդամ է և ունի համապատասխան պարտավորություններ, պետք է կատարի իր պարտավորությունները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: