ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանների սահմանազատմանը» և այլ հարցերի։
«Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում չափազանցնել, բայց կա բարենպաստ հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը», - ասել է Բլինքենը՝ անդրադառնալով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերին:
«Ես հանդիպել եմ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Երկու երկրների արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ես ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք համաձայնագրի բտեքստի վրա», - ասել է Բլինքենը։
«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը տեսնել՝ արդյոք մենք կարող ենք օգնել նրանց հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանը», - հավելել է Բլինքենը:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը միևնույն ժամանակ արձանագրել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։
«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է պետքարտուղարը։