Այս ամիս Թուրքիան դադարեցրեց Ռուսաստան ապրանքների տարանցումը, որոնք ենթակա են արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցների։ Դա տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից և Անկարայի վրա ԱՄՆ-ի և Եվրոպայի ճնշումների ավելացումից մեկ տարի անց:
Թուրքիայի կառավարությունը թուրքական ընկերություններին է փոխանցել արգելված օտարերկրյա ապրանքների ցանկը և կարգադրել մարտի 1-ից դրանք չմատակարարել Ռուսաստան։ «Այս ցանկից ցանկացած ապրանք արգելափակված է Ռուսաստան ներմուծման համար», - Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ստամբուլի գունավոր մետաղներ արտահանողների ասոցիացիայի ղեկավար Չեթին Թեքդելիօղլուն։
ԵՄ պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Անկարան Եվրահանձնաժողովին բանավոր երաշխիքներ է տվել, որ մարտի 1-ից ապրանքները չեն առաքվի Ռուսաստան, եթե դրանք ենթարկվեն ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների և արտահանման վերահսկողության:
Թուրքիայի առևտրի նախարարությունն առայժմ ձեռնպահ է մնում պաշտոնական մեկնաբանություններից։
Արևմտյան երկրները ռեկորդային թվով պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժելուց հետո։ Այնուամենայնիվ, հարևան Թուրքիայից և այլ երկրներից դեպի Ռուսաստան վերաարտահանման ուղիները բաց են մնում, ինչը ստիպեց Վաշինգտոնին անցյալ ամիս նախազգուշացնել Թուրքիային միկրոչիպերի, քիմիական նյութերի և այլ ապրանքների Ռուսաստան վերաարտահանման վտանգի մասին, որոնք կարող են օգտագործվել Մոսկվայի կողմից ռազմական նպատակներով:
Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց միևնույն ժամանակ փորձում է հավասարակշռել՝ պատերազմի պայմաններում լավ հարաբերություններ պահպանելով ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։
Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ-ի լուրջ նախազգուշացումները, թուրքական կառավարությունը ձգտում է խուսափել ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Բրյուսելի հետ շփումներից, հայտարարել է Թեքդելիօղլուն։
«Մարտից ի վեր կա ազատ առևտրի գոտիներից դեպի Ռուսաստան վերաարտահանման սահմանափակումների ցանկ, հանձնարարականներ են տրվել դադարեցնել վերաարտահանումը»,- ասել է Թեքդելիօղլուն։
Սակայն, ըստ նրա, Թուրքիայում արտադրված ապրանքները, նույնիսկ այլ երկրներում արտադրվող մասերով, դեռ կարող են առանց սահմանափակումների ներմուծվել Ռուսաստան։
Թուրքական բիզնեսների կարծիքով՝ թուրքական կառավարության նոր սահմանափակումները ստիպում են ռուս ներմուծողներին այլընտրանքային մատակարարներ փնտրել Ղազախստանում և այլ երկրներում։
Անցյալ շաբաթ Reuters-ը հայտնել էր, որ վերջին շաբաթներին ռուսական ընկերությունները նոր պատվերներ են ուղարկել իրենց ղազախ գործընկերներին՝ արևմտյան երկրների կողմից արգելված որոշ ապրանքների վերաարտահանման համար:
Դեկտեմբերին հրապարակվեցին տվյալներ, որ պատերազմի առաջին 7 ամիսների ընթացքում Ռուսաստանը ստացել է առնվազն 2,6 միլիարդ դոլար արժողությամբ համակարգչային և այլ էլեկտրոնային մասեր։ Այս գումարից առնվազն 777 միլիոն դոլարի արտադրանք արտադրել են արևմտյան կազմակերպությունները։
Սույն հոդվածը կազմվել է REUTERS լրատվականի տեղեկության հիման վրա: