Մատչելի հղումներ

Արդյո՞ք կորոնավիրուսի համաճարակը սկսել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատոր արտահոսքից


Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը այս շաբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կարծիքով COVID-19 համաճարակը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքում լաբորատոր արտահոսքից: Սակայն ամերիկյան հետախուզական գերատեսչությունների միջև դեռևս առկա են  տարաձայնություններ այս հարցի շուրջ

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյն օրերս չի բացառել, որ COVID-19 համաճարակը սկիզբ է առել Չինաստանի Ուհան քաղաքում լաբորատոր արտահոսքից: Սակայն Սպիտակ տունը չորեքշաբթի օրը վերապահումով է մոտեցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի այդ բացահայտմանը:

«Մենք շատ ու շատ տարբեր եզրակացություններ ենք հանդիպել հենց հետախուզական գերատեսչություններից: Նրանցից ոմանք մի եզրակացություն են արել, ոմանք էլ հանգել են հակառակ կարծիքի, իսկ մի մասն էլ ասում է, որ բավարար տեղեկատվություն չկա։ Այսպիսով, մենք պետք է շատ զգույշ լինենք այս հարցում»,- պնդում է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիեռը:

ԱՄՆ պետքարտուղարությունը իր հերթին ասում է, որ համաճարակի ծագման վերաբերյալ ԱՄՆ հետախուզական մարմիններում առկա են տարատեսակ տեսակետներ:

«Մեզ հայտնի է միայն, որ արդեն ավելի քան երկու տարի Չինաստանը արգելում է միջազգային հետաքննիչներին և հանրային առողջության համաշխարհային հանրության անդամներին օգտվել վաղ հիվանդության մասին տեղեկատվությունից: Կարևոր է, որ Չինաստանը դրսևորի թափանցիկություն ոչ միայն ի շահ ամբողջ աշխարհի, այլև ի շահ Չինաստանի ժողովրդի»,- հայտնել է Նեդ Փրայսը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էլ ասում է, որ ԱՄՆ հետախուզության բացահայտումները վստահելի չեն:

«Չինաստանը կտրականապես դեմ է ցանկացած քաղաքական ծագումնաբանությամբ մանիպուլյացիայի: Գիտության հարցերում հետախուզական մարմինների օգտագործումն ինքնին վկայում է խնդրի ծագման քաղաքական բնույթի մասին»,- նշել է նա:

COVID-19-ի ծագումը կդառնա Չինաստանի հետ ԱՄՆ ռազմավարական մրցակցության երկամյա հետաքննության հիմնական թեման, որի շուրջ քննարկումները մեկնարկել են այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Բենքսը հարց է բարձրացրում կոնգրեսական լսումների ընթացքում, թե արդյոք հավանական է, որ Ուհանի լաբորատորիան ներգրավված է եղել կենսաբանական զենքի հետազոտության մեջ: Ի պատասխան, Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Մեթյու Փոթինգերը նշել է.

«Մենք հաստատ գիտենք, որ չինական զինվորականները ներգրավված են կորոնավիրուսի հետազոտության մեջ։ Մենք գիտենք, որ նրանք, ի դեպ, փորձեր էին անում, օգտագործելով ԱՄՆ տեխնոլոգիանները, աշխատել քիմերային վիրուսների վրա: Մենք գիտենք, որ չինացի զինվորականները ներգրավված են եղել կորոնավիրուսների դեմ պատվաստանյութեր մշակելու փորձերում»,- ասել է նա:

Փոթինգերը, ով Թրամփի վարչակազմում զբաղվել է Չինաստանի հարցերով, օրենսդիրներին ասել է, որ վերջին տարիներին չինական լաբորատորիաներից վտանգավոր պաթոգենների բազմաթիվ արտահոսքեր են եղել, ներառյալ բնօրինակ SARS կորոնավիրուսը:

Հոդվածը պատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Քեթրին Գիփսոնի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG