Մատչելի հղումներ

Խոդորկովսկին և Կասպարովը Մյունխենում խոսել են Ռուսաստանի ապագայի մասին


Գարրի Կասպարովը պատերազմում Ուկրաինայի հաղթանակն անհրաժեշտ պայման է համարում ռուսական հասարակության մեջ ցանկացած դրական փոփոխության համար

Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովում հանդիպում է կայացել Ռուսաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Դրան մասնակցել են Միխայիլ Խոդորկովսկին, Գարրի Կասպարովը, Ժաննա Նեմցովան և «Մեմորիալ» իրավապաշտպան խմբի ներկայացուցիչ Իրինա Շչերբակովան։ Քննարկումը նվիրված էր Կրեմլին ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ Ռուսաստանի հնարավոր ապագայի վերաբերյալ պատկերացումներին։

Գարրի Կասպարովը պատերազմում Ուկրաինայի հաղթանակն անհրաժեշտ պայման է համարել ռուսական հասարակության մեջ ցանկացած դրական փոփոխության համար։ Նրա կարծիքով՝ ռուս ժողովուրդը պետք է հասկանա, որ Ռուսաստանը պարտվում է։ Նման փոխըմբռնման բանալին նա անվանել է միացված Ղրիմի վերադարձն Ուկրաինային։ «Ղրիմը Պուտինի դիցաբանության հիմքն է»,- ասել է Կասպարովը և կոչ արել արևմտյան երկրներին ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հաղթանակին։

Միխայիլ Խոդորկովսկու կարծիքով՝ Արեւմուտքը չպետք է վախենա ռազմական գործողությունների սրացումից։ Ընդհակառակը, նա կարծում է, որ դեէսկալացիան և Կրեմլի պայմաններով զինադադարը անընդունելի է: «Սա նշանակում է, որ գողին կհաջողվի խուսափել թալան իրականացնելու պատասխանատվությունից»,- ասել է Խոդորկովսկին։ Նա Ռուսաստանի հաջող ժողովրդավարական ապագայի գրավականն է համարում նախագահական իշխանության թուլացումը և իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքը։

Ժաննա Նեմցովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանում շատերը չգիտեն ուկրաինական պատերազմի մանրամասները և չեն հետաքրքրվում դրանցով։ Նա կարևոր համարեց ռուս հասարակության կրթումը՝ դիմելով ոչ միայն ռացիոնալ, այլև էմոցիոնալ փաստարկների։ Նրան աջակցել է Իրինա Շչերբակովան։ Նա ընդգծել է, որ Արևմուտքը չպետք է վախենա քաոսից Ռուսաստանի ներկայիս իշխանության փլուզման դեպքում։ Նրա կարծիքով, նման մտավախությունները սնվում են հենց Կրեմլի կողմից, և դրանք պետք է հաղթահարվեն։

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովն այս տարի կենտրոնացած էր Ուկրաինայի պատերազմի վրա։ Համաժողովին մասնակցել են բազմաթիվ պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Ռուսական պատվիրակությունը Մյունխեն չի հրավիրվել՝ ի տարբերություն վտարանդի քաղաքական գործիչների, որոնք դեմ են Կրեմլի վարած քաղաքականության։

Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութերի հիման վրա

XS
SM
MD
LG