Մատչելի հղումներ

Բաքուն առաջարկում է Երևանին ադրբեջանական անցակետ բացել Լաչինի միջանցքում


Մյունխենում ԱՄՆ-ի պետքարտուղարի միջնորդությամբ և մասնակցությամբ փետրվարի 18-ին կայացավ Բլինքեն-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման համաձայն, պետքարտուղար Բլինքենը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել նախագահ Ալիևին ու վարչապետ Փաշինյանին հանդիպման համար՝ նշելով.

«Մենք հավատացած ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո ունեն իրական պատմական հնարավորություն ապահովելու կայուն խաղաղություն: Կողմերն իրենք են վերակենտրոնացրել իրենց ուշադրությունը խաղաղ գործընթացի նկատմամբ, այդ թվում՝ ուղիղ զրույցի, ինչպես նաև ԵՄ-ի և մեր միջոցով: Միացյալ Նահանգները հավատարիմ է ամեն կերպ այս ջանքերն աջակցելուն՝ թե ուղղակիորեն մեր բարեկամների, թե եռակողմ ձևաչափով, ինչպիսին սա է, և թե միջազգային այլ գործընկերների հետ համագործակցությամբ:

Ես շատ շնորհակալ եմ այսօր և՛ նախագահին, և՛ վարչապետին իրենց ներկայության համար և ակնկալում եմ լավ զրույց։ Շնորհակալություն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը:

Մյունխենում կայացել է Բլինքեն-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը
Ալիև եռակողմ հանդիպումը
please wait

No media source currently available

0:00 0:00:46 0:00

Ադրբեջանական և հայկական կողմերը հանդիպումից առաջ հայտարարություն չեն արել։ Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը»:

Բացի այդ, նույն օրը՝ փետրվարի 18-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի առաջնորդները մասնակցել են Մյունխենի Անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրի ներքո, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտնել է, որ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ընթացքում Բաքուն առաջարկել է Երևանին հսկիչ անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում։

XS
SM
MD
LG