Նախագահ Ջո Բայդենի սպասվող ամենամյա ուղերձը Կոնգրեսի առջև՝ հայտնի որպես «State of the Union Address», լավ հնարավորություն է նախագայի համար՝ ներկայացնելու նորընտիր խորհրդարանի առջև իր քաղաքական եւ տնտեսական առաջնահերթությունները։
Երեքշաբթի երեկոյան ելույթից մի քանի օր առաջ Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիերը զգուշացրեց, որ ուղերձը հաճախ վերանայվում է մինչև վերջին պահը, բայց, ըստ նրա, որոշ թեմաների անդրադարձը հաստատված է:
«Դրանց թվում է տնտեսական զգալի առաջընթացը, որը մենք տեսնում ենք նախագահի ղեկավարության ներքո: Վերջին երկու տարիների ընթացքում օրենսդրության մեջ ընդունված պատմական փոփոխությունները ստեղծել են լավ պայմաններ միջին խավի աշխատատեղերի համար և գրանցել իրական արդյունքներ՝ վերանորոգելով մեր ճանապարհները, կամուրջները, թունելները, նվազեցնելով ամենօրյա ապրանքների ծախսերը»,- պնդում է մամլո խոսնակը:
Ըստ պատմաբան Ջերեմի Սուրիի, այս ելույթը ինչպես միշտ լինելու է քաղաքականացված:
«Քաղաքական բովանդակությունը կարևոր է քաղաքականության համար: Այսպիսով, սա այն հնարավորությունն է, որ նախագահն ամեն տարի ունի՝ օրակարգ սահմանելու և հանրային բանավեճ ձևավորելու համար, որը բխում է իր և իր կուսակցության շահերից, բայց նաև, հուսով ենք, որոշակի ճնշում է գործադրում իր որդեգրած քաղաքականության առաջխաղացման համար»,- նշում է պատմաբանը:
Պատերազմը Ուկրաինայում նույնպես հավանաբար կարևոր մաս կկազմի նախագահի ելույթում ինչպես մեկ տարի առաջ, երբ Բայդենը խոսեց Արևմուտքի աջակցության անհրաժեշտության մասին՝ այդ օրերին սկզբնական փուլում գտնվող ռուսական ներխուժմանը հակազդելու համար:
Բայդենը նաև ասել է, որ իր վարչակազմը ցանկանում է նոր օրենքներ ընդունել հղիության արհեստական դադարեցման, հրազենային բռնության և ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ:
Սակայն այս ճանապարհին նա կհանդիպի լուրջ մարտահրավերի: Նոր օրենքները պետք է հավանության արժանանան ԱՄՆ Կոնգրեսի կողմից, իսկ ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունն այսօր վերահսկում է երկու պալատներից մեկը՝ Ներկայացուցիչների պալատը:
Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Քևին Մաքքարթին, ով երեքշաբթի օրը առաջին անգամ տարեկան ուղերձի ժամանակ կզբաղեցնի իր տեղը ամբիոնում, բանավեճի մեջ է Բայդենի հետ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ թե ինչպես ծախսել ամերիկացի հարկատուների միջոցները: Հանրապետականները ձգտում են զգալիորեն կրճատել պետական ծախսերը:
«Ես շատ պարզ ասել եմ: Ներկայիս ճանապարհը, որով մենք գնում ենք, չի կարող շարունակվել: Մենք պետք է փոխենք ուղեգիծը, որպեսզի ինքներս մեզ դնենք ճիշտ ուղու վրա»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը:
Ըստ Սուրիի՝ Բայդենի ուղերձի ընթացքում հանրությունը ուշադրությամբ կհետևի Մաքքարթիի արձագանքներին: Ըստ նրա՝ վերջինս բավականին երկիմաստ վիճակում է, քանի որ եթե ելույթի ընթացքում դժգոհություն արտահայտի, ապա հանրությունը կարող է պիտակավորել նրան որպես ծայրահեղական ու համագործակցությունից խուսափող, սակայն եթե նա դրական արձագանքի ելույթին, ապա այսպիսով կարող է առաջացնել իր կուսակցության ծայրահեղ աջակողմյան հատվածի զայրույթը:
Այսպիսով ինչպես կընթանա տարվա այս կարևոր քաղաքական իրադարձությունն ու ելույթը հայտնի կդառնա երեքշաբթի երեկոյան, երբ Բայդենը ժամանի Կոնգրես ու ամենամյա ուղերձով հանդես գա օրենսդիրների առջև:
Հոդվածը պատրաստվել է Անիտա Փաուելի նյութի հիման վրա