Մատչելի հղումներ

Թայվանի շուրջ Չինաստանի հետ հակամարտության հավանականությունը շատ մեծ է. ամերիկացի կոնգրեսական


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մեկնաբանել է գեներալ Մայք Մինիհանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը կարող է պատերազմել Չինաստանի հետ առաջիկա երկու տարում

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահ, հանրապետական Մայք Մաքքոլը կիրակի օրը հայտարարել է, որ Թայվանի շուրջ Չինաստանի հետ հակամարտության հավանականությունը «շատ մեծ է»։

Մեկնաբանությանը նախորդել էր ռազմաօդային ուժերի բարձրաստիճան գեներալ Մայք Մինիհանի խոսքերը, ով չի բացառել, որ ԱՄՆ-ը պատերազմի Չինաստանի դեմ առաջիկա երկու տարիների ընթացքում:

Փետրվարի 1-ին թվագրված, բայց ուրբաթ հրապարակված գրառման մեջ Մինիհանն ասում է. «Իմ ներքն զգացողությունը հուշում է, որ մենք պատերազմի մեջ ենք լինելու 2025 թվականին»:

«Հուսով եմ, որ նա սխալվում է... Բայց ես կարծում եմ, որ նա ճիշտ է», - ասել է Մաքքոլը Fox-ին:

Գեներալի կարծիքը չի արտացոլում Պենտագոնի տեսակետը, այլ ցույց է տալիս ամենաբարձր մակարդակով ԱՄՆ զինվորականների մտահոգությունը Թայվանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Չինաստանի հնարավոր փորձի վերաբերյալ։

Ե՛վ ԱՄՆ-ում, և՛ Թայվանում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2024 թվականին՝ պոտենցիալ հնարավորություն ստեղծելով Չինաստանի համար ռազմական գործողություններ ձեռնարկելու համար, գրել է գեներալը։

Կոնգրեսական Մաքքոլը նշել է, որ եթե Չինաստանը չկարողանա վերահսկողություն հաստատել Թայվանի վրա ոչ բռնի միջոցներով, «նրանք կքննարկեն ռազմական ներխուժման հնարավորությունը։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան»։

Մաքքոլը մեղադրեց Ջո Բայդենի վարչակազմին Աֆղանստանից անհաջող դուրսբերումից հետո թուլություն ցուցաբերելու համար, ինչը կարող է ավելի հավանական դարձնել Չինաստանի հետ պատերազմը:

«Հավանականությունը, որ կարող է հակամարտություն լինել Չինաստանի հետ (վերաբերյալ) Թայվանի և Հնդկխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ, շատ մեծ է», - ասել է Մաքքոլը:

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս ամսվա սկզբին ասել էր, որ ինքը լրջորեն կասկածում է, որ Չինաստանի ռազմական ակտիվությունը Թայվանի նեղուցի մոտ Պեկինի մոտալուտ ներխուժման նշան է:

Շաբաթ օրը Պենտագոնի խոսնակն ասել է, որ գեներալի մեկնաբանությունները «չի արտացոլում ՊՆ-ի տեսակետը Չինաստանի վերաբերյալ»:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG