Ըստ վերլուծաբանների՝ Ռուսաստանը չունի բավարար ռեսուրսներ Զինված ուժերի հայտարարված բարեփոխումներն իրականացնելու համար, և առանց մոբիլիզացիայի դժվար կլինի կյանքի կոչել Շոյգուի այդ նախագիծը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ռուսական բանակի բարեփոխումը կտևի երեք տարի։ Սպասվում է զորքերի թվի ավելացում մինչև 1,5 միլիոն մարդ։ Բայց ինչպես պնդում է Ֆիլադելֆիայում գործող Foreign Policy Research Institute հաստատության վերլուծաբան Սթիվեն Բլանկը, խոսքը ոչ թե բարեփոխումների և ընդլայնման, այլ մոբիլիզացիայի մասին է:
«Իմ կարծիքով, սա հուսահատության ժեստ է, նրանք մարդկային ռեսուրսների պակաս ունեն», - պնդում է Բլանկը «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:
Վերլուծաբանը հիմնավորում է այն փաստը, որ նախատեսվում է ռուսական բանակ զորակոչել ոչ թե 18-ից 27 տարեկաններին, ինչպես այժմ է, այլ 21-ից 30 տարեկան երիտասարդների: Ավելին, 30 տարեկանների զորակոչը կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա գարնանը: Դրա մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։ Նվազագույն զորակոչային տարիքը, ըստ նրա, հաջորդ կամ մոտակա երեք տարում կմնա 18 տարեկանը։ Այս դեպքում զորակոչի ենթակա ռուսաստանցիների տարիքային կատեգորիան կընդլայնվի 3 տարով։ ՌԴ ՊՆ-ից դեռևս հայտարարություններ չկան այս հարցի վերաբերյալ։ Բայց ռուսական զորքերում կադրերի հստակ պակաս է նկատվում, որն առաջացել է նույնիսկ նախորդ բարեփոխումից հետո՝ 2009թ.-ին: Կրեմլը փորձում է լուծել այդ հարցը, նշում են ամերիկացի ռազմական փորձագետները։
«Նորմալ ռազմական կառույցը նման է բուրգի», - ասում է Դմիտրի Գորենբուրգը Վաշինգտոնում գործող CNA վերլուծական կենտրոնից: -Գեներալները շատ քիչ են, գնդապետներն ավելի շատ են: Միջին մակարդակի սպաները չափազանց շատ են: Նրանց համար բացակայում են հրամանատարներ։ Բանը հասավ նրան, որ նրանցից ոմանք իրենց ենթակայության տակ ունեին միայն պահեստներ հանդերձանքով:
Ռուսական բանակի ներկայիս կառուցվածքը, որը բաժանված է շարժական բրիգադների՝ սեփական նյութատեխնիկական ապահովմամբ, որոնք կարող են արագ տեղակայվել, առաջացել է 2008 թվականին Վրաստանի հետ պատերազմից հետո: Ըստ Սթիվեն Բլանկի՝ գաղափարն այն էր, որ բանակը լինի փոքր, բայց միևնույն ժամանակ արդյունավետ, շարժական և ժամանակակից:
«Դա աշխատում է, երբ հանկարծակի անհրաժեշտություն է առաջանում զորքեր ուղարկել ինչ-որ տեղ օրինակ Կովկաս՝ ապստամբությունը ճնշելու կամ Վրաստանի դեմ արագ աջակցություն տրամադրելու համար», - «Ամերիկայի ձայն»-ին ասել է Դմիտրի Գորենբուրգը: -Բայց սա անարդյունավետ է, երբ բանակը մեկ տարի է, ինչ կռվում է Ուկրաինայի հետ, և հայտնի չէ, թե դա դեռ որքան կտևի։ Նրանց, ընդհակառակը, մեծ միավորներ են պետք, որոնց մատակարարման համար պատասխանատու է կենտրոնը։ Երբ ճակատը կայունանում է, ավելի արդյունավետ է առաջ շարժվել թվերով, այլ ոչ թե շարժունակությամբ։ Համենայնդեպս ես այսպես եմ պատկերացնում ռուսական հրամանատարության տրամաբանությունը»։
Ռուսական ռազմական բարեփոխումների նախագծի համաձայն՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում կստեղծվեն ինքնաբավ ռազմական խմբեր։ Նախատեսվում է ստեղծել Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջաններ, ինչպես դա ԽՍՀՄ-ում էր, ինչպես նաև Կարելիայում՝ բանակային կորպուս։ Ցամաքային զորքերում պետք է հայտնվեն մոտոհրաձգային երեք դիվիզիաներ, իսկ օդադեսանտային ուժերում՝ երկու օդային հարձակման դիվիզիաներ։ Բացի այդ, մոտոհրաձգային 7 բրիգադներ կվերածվեն 7 դիվիզիաների։
Ըստ էության, փորձագետների կարծիքով, ՌԴ ՊՆ-ը վերադառնում է հին խորհրդային մոդելին։ Բրիգադների փոխարեն բանակներ և դիվիզիաներ: Այս կառուցվածքը պահանջում է ավելի մեծ անձնակազմ, որի ապահովումն ավելի դժվար է, բայց ավելի հարմար է երկարատև լայնածավալ պատերազմի համար: Ընդ որում, պատերազմը հնարավոր է, որ ոչ միայն Ուկրաինայի դեմ, գտնում են Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտում:
«Սա օգնում է մեծացնել ռուսական բանակի չափը, սակայն այն չի հասնում սառը պատերազմի մակարդակին», - «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանն ասել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող բրիգադային գեներալ Քևին Ռայանը: -Իհարկե, ռուս զինվորականները դեռ 2008-ին, սկսելով նախորդ բարեփոխումը, կարծում էին, որ ստեղծում են բանակ, որից կվախենան հարեւաններն ու ՆԱՏՕ-ն, սակայն Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց այդ ծրագրերի անհիմն լինելը։ Նույնը կլինի հաջորդ բարեփոխման դեպքում։ Ռուսաստանը ռեսուրս չունի դա իրականացնելու ու մեկուկես միլիոնանոց բանակ ապահովելու համար՝ ոչ նյութական, ոչ մարդկային»։
Գեներալ Ռայանի խոսքով՝ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անհանգստանալու ոչինչ չունեն։ Փորձագետի կարծիքով, Ռուսաստանը դժվար թե կարողանա օգտագործել իր ոչ միջուկային ուժերը հաջող ներխուժման համար: Բայց պայմանն այն է, որ Արևմուտքը միշտ պետք է նկատի ունենա Պուտինի մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը:
Հոդվածը պատրաստվել է Հարրի Կնյագնիցկիի նյութի հիման վրա