Բելառուսի ընդդիմության առաջնորդը մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան իր հեռակա դատավարությունը, որը սկսվել է երեքշաբթի օրը Մինսկում, անվանեց «ֆարս» և «վրեժխնդրություն» Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից։ Նա նաև հայտարարեց, որ իրեն թույլ չեն տվել ներկայացնել դատական փաստաթղթեր:
«Այս հայցերը բոլորովին էլ դատական գործեր չեն։ Սա շոու է, ֆարս, և դա ոչ մի կապ չունի արդարադատության հետ»,- AFP-ին ասել է Լիտվայում բնակվող Տիխանովսկայան Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում:
«Սա Լուկաշենկոյի և նրա կամակատարների անձնական վրեժխնդրությունն է, բայց ոչ միայն իմ, այլ նաև այլ մարդկանց նկատմամբ, ովքեր դեմ են նրան»,- ասել է նա։
Գործը պարունակում է մոտ տասը մեղադրանքներ, ներառյալ դավաճանությունը և իշխանություն զավթելու փորձ: Բելառուսական ընդդիմության առաջնորդն պատմել է, որ փորձ է արել կապ հաստատել դատարանի կողմից նշանակված փաստաբանի հետ, բայց վերջինս երբեք չի արձագանքել:
«Ես նույնիսկ չգիտեմ, թե իմ այսպես կոչված փաստաբանը վաղն ինչ է անելու այս դատարանում, ինչպես է պաշտպանելու ինձ»,- հավելեց նա։ «Ես չգիտեմ, թե որքան կտևի այս դատավարությունը, քանի օր, բայց վստահ եմ, որ ինձ կդատապարտեն երկար տարիների ազատազրկման»։
2020 թվականի զանգվածային ցույցերից հետո Լուկաշենկոյի ռեժիմը թիրախավորել և բանտարկել է ավելի մեծ թվով ընդդիմադիր գործիչների, լրագրողների և ակտիվիստների։
Տիխանովսկայան մեկնաբանել է նաև Ռուսաստանի և Բելառուսի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները՝ դրանք անվանելով Լուկաշենկոյի հերթական «բլեֆը»։
«Ես դա կանվանեի բլեֆ կամ շոու բելառուս ժողովրդի համար», - ասաց նա: «Նախ [Լուկաշենկոն] սպառնում է նրանց՝ ասելով. «Տեսեք, ռուսական բանակն այստեղ է, ուրեմն հանգիստ նստեք և ոչ մի բանի դեմ մի՛ եղեք»։
Նրա խոսքով, զորավարժությունների մեկ այլ նպատակն է «ուկրաինացի զինվորների ուշադրությունը բելառուսական սահմանների վրա հրավիրելը»։
«Ուկրաինացիները պատրաստ են հնարավոր ցամաքային հարձակումներին։ Նրանք ականապատել են սահմանի շատ կիլոմետրեր, և ես կարծում եմ, որ անհնար է Բելառուսից կրկին ներխուժել Ուկրաինա»,- հավելեց նա։
Տիխանովսկայան, ով հայտարարել է, որ հաղթանակ է տարել 2020 թվականի նախագահական ընտրություններում, ասել է, որ ինքը առաջին բելառուսն է, ով մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումին 1992 թվականից ի վեր:
«Սա մեծ պատիվ է մեզ համար, քանի որ գրեթե 30 տարի Բելառուսը Եվրոպայի քարտեզի վրա սև կետ էր։ Ոչ մեկին առանձնապես չէր հետաքրքրում, թե այնտեղ ինչ է կատարվում։ Մեզ համարում էին Ռուսաստանի կցորդ։ Մենք ձայն չունեինք»,- նշել է նա։
Հոդվածը պատրաստվել է AFP գործակալության նյութի հիման վրա