Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին, պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցերին, շեշտում է՝ ռուս խաղաղապահներն ապացուցել են, որ ի վիճակի չեն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ուստի այս պայմաններում Երևանն ավելի ու ավելի է սկսել ձգտել դեպի Արևմուտք՝ իր արտաքին քաղաքականության ուղեգիծն ընդլայնելու համար: Ըստ Սթրոնսկիի՝ հաշվի առնելով այսօր աշխարհում ՀԱՊԿ-ի, մասնավորպես Ռուսաստանի ու Բելառուսի բացասական համբավը՝ Հայաստանն, ամենայն հավանականությամբ գտել է, որ այդ երկու երկրների հետ զորավարժությունները Արևելք-Արևմուտք հակադրման և Ուկրաինայում ռուսական ուժերի զանգվածային վայրագությունների պայմաններում բացասաբար կընկալվեր արևմտյան գործընկերների շրջանակում, հատկապես Վաշինգտոնում, որն այսօր ջանքեր է գործադրում Երևանի ու Բաքվի միջև խաղաղությանը հասնելու ուղղությամբ:
Վերլուծաբանի կարծիքով՝ զորավարժությունների իրականացումը Հայաստանում կնմանվեր Փաշինյանի կառավարության կողմից նախկինում ընդունված որոշմանը՝ Սիրիա ռուսական ուժերի աջակցությամբ հայկական խաղաղապահների խումբ ուղարկելուն և նորից կարժանանար բացասական գնահատականի արևմտյան գործընկերների կողմից: Դա նաև, ըստ նրա, սխալ ազդանշան կհանդիսանար Հայաստանի հանրությանը, որը զգալի չափով զայրացած և հիասթափված է տարածաշրջանում անվտանգության ոլորտում Ռուսաստանի գործողություններից:
Իր հերթին՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը՝ Conciliation Resources հաստատության վերլուծաբան Լոուրենս Բրոյերսը գտնում է, որ «Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի զորավարժություններն ընդունելու դժկամությունը զարմանալի չէ, քանի որ վերջին մեկուկես տարվա փորձը բացահայտել է այն գաղտնիքը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին շատ քիչ կապ ունի Հայաստանի անվտանգության և Ռուսաստանի հետ խիստ անհամաչափ հարաբերությունների կառավարման հետ»:
Վերլուծաբանի գնահատականով՝ ՀԱՊԿ-ն ակնհայտորեն հրաժարվել է Հայաստանի անվտանգության ապահովումից նույնիսկ Ղարաբաղից դուրս Ադրբեջանի հետ միջպետական ընդհարման ժամանակ, և Հայաստանի անդամակցությունն այս կազմակերպությանը տրամաբանորեն հարցականի տակ է դրվում Հայաստանում: Բրոյերսի կարծիքով՝ անորոշ է, թե արդյոք անդակամցությունը ՀԱՊԿ-ին ավելին է տալիս Հայաստանին, քան երկկողմանի հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ևս ունեն բազմաթիվ հարցականեր:
Փոլ Սթրոնսկին ևս համակարծիք է՝ հայ-ռուսական այսօրվա հարաբերություների բնույթը, ներառյալ Երևանի զայրացած հռետորաբանությունը և հասարակության մեջ աճող հակառուսական տրամադրությունները, վկայում են երկրների հարաբերություններում առկա խնդիրների մասին: Դրա հետ մեկտեղ, Սթրոնսկին շեշտում է՝ Հայաստանն այս պահին չունի Ռուսաստանից հեռանալու այլ հեռանկար, քանի որ Երևանի շրջադարձը դեպի Արևմուտք կարող է երկարատև և ուշացող լինել: Հայաստանը պետք է գործի չափազանց զգույշ, գտնում է Սթրոնսկին՝ հիշեցնելով, որ ռուս խաղաղապահ ուժերն այնտեղ են մինչև 2025 թվականը։
Լոուրենս Բրոյերսի պնդմամբ էլ՝ վերջին երկու տարիները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը տիպիկ տարածաշրջանային անվտանգության կազմակերպություն չէ, իսկ նրա անդամներին տրվող երաշխիքները քիչ նշանակություն ունեն: Այս հանգամանքն ավելացնում է ընդհանուր անվտանգության վակուումը հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, որը զգալի չափով աճել է հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո: Ըստ Բրոյերսի՝ Ադրբեջանը, որը դժգոհ է 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի արդյունքներից, օգտագործում է այդ հանգամանքը Հայաստանի հետ բանակցություններում՝ իր նախընտրած պայմանները թելադրելու համար։ Վերլուծաբանը կանխատեսում է, որ ընթացիք տարում այս միտումը կշարունակվի՝ ուղեկցվելով ընդհարումներով և լարվածության աճով, եթե` ոչ լիարժեք պատերազմով: Այս իրավիճակում Բրոյերսը կարևորում է եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը չեղարկելու Երևանի որոշումն ու հայ-ռուսական զարգացումները՝ այդ հարցը վերահասցեագրելով «Հայաստանի կառավարությանը, որպեսզի նրանք խոսեն այս հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշման մասին»: